Ձվեր՝ պատգամավորների ուղղությամբ և ծեծկռտուք․ Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները
Հայաստանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, որին ընդդիմությունը «դավաճան» է հայտարարել Արցախում հրադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո։
Դեկտեմբերի 28-ի առավոտյան խորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ բողոքի հերթական ակցիա են անցկացրել՝ պահանջելով վարչապետի անհապաղ հրաժարականը, ընդ որում, պատգամավորների հետ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։
Խորհրդարանի շենքի մոտ են կենտրոնացվել ոստիկանության ուժեղացված ուժերը, որոնք շղթայել են Ազգային ժողովի մուտքը, որտեղ պետք է կայանա արտահերթ նիստ։
Ցուցարարները պատգամավորներին դիմավորել են «ամո՛թ» վանկարկումներով, իսկ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենայի վրա ձվեր են նետել և դավաճան անվանել նրան։
Քոչարյանը ցուցարարներից մեկին ասել է․ «Դավաճանը մերդ ա, լակոտ»։ Ի պատասխան հայհոյանք է լսել։
Միջադեպ է տեղի ունեցել նաև մյուս իշխանամետ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
Ցուցարարները փակել են նրա մեքենայի ճանապարհն ու թույլ չեն տվել խորհրդարանի տարածք մտնել։
Լեզվակռվից հետո ծեծկռտուք է սկսվել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դուրս է եկել մեքենայից և հարձակվել ընդդիմադիրների վրա։
Փաշինյանի ելույթը
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաալիքին։ Նա մեկնաբանել է ընդդիմության այն հայտարարությունները, որ պատերազմում պարտված առաջնորդը չի կարող ընտրություններ անցկացնել։
Խոսքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է, որոնք Փաշինյանն առաջարկում է անցկացնել 2021 թ-ին։ Անցյալ շաբաթ նա խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել է քննարկելու այս հարցը։
«Ես երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից, նույնքան կարևոր եմ համարում և պարտավորված եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա: Ի վերջո, կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը՝ ասելով, որ սա պետք է հավաքենք, մեզ հետ տանենք: Այդպիսի մարդիկ կան, որոնք կապ ունեն նաև ընդդիմության հետ», — հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը կանգնեն ժողովրդի առաջ և բացատրություններ տան այս փաստերի վերաբերյալ։
Ահա վարչապետի հարցազրույցի մյուս թեզերը․
- Տրանսպորտային միջանցքի և տարածաշրջանում ուղիների ապաարգելափակման մասին կետերը, որոնք ներառված են եռակողմ հայտարարության մեջ, ըստ որի՝ դադարեցվել են ռազմական գործողություններն Արցախում, դեռ մանրամասն քննարկվելու և հստակեցվելու են։
- Եթե Ադրբեջանը հնարավորություն ստանա երթևեկել հայկական Մեղրի քաղաքի տարածքով, ապա Հայաստանն էլ պետք է երթևեկության նույնպիսի հնարավորություն ստանա Նախիջևանի տարածքով։
- Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգության դեպքում կմիջամտեն ոչ միայն Հայաստանի զինված ուժերը, այլ նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու ՀԱՊԿ ռազմական դաշինքը, որի անդամ է Հայաստանը: