Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, որին Հայաստանի խորհրդարանը զրկել է անձեռնմխելիությունից, ազատության մեջ կմնա
Հունիսի 21–ին Հայաստանի դատարանը հրաժարվել է բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի և երկրի խոշորագույն գործարարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։
Գործընթացը շարունակվելու է, սակայն գործարարն ազատության մեջ է մնալու։
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է երեք քրեական գործերով։ Դրանցից երկուսը վերաբերում են նրան պատկանող ընկերությունների առևտրային գործունեությանը։ Բացի այդ, Ծառուկյանը մեղադրվում է նրա համար, որ 2017 թ–ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «խումբ է ստեղծել և ղեկավարել», որն ընտրակաշառք է բաժանել ընտրողներին։
Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, համարում է այն ապօրինի, հապճեպ «սարքված» գործ և իր նկատմամբ անթաքույց քաղաքական հետապնդում կառավարության հրաժարականի պահանջի պատճառով։
Դատարանը սկսել է քննել գործը հունիսի 17–ին։ Բոլոր նիստերը փակ էին, լրագրողներին դատարանի դահլիճ ներս չեն թողել, և նրանք այս բոլոր օրերին ստիպված էին հերթապահել դատարանի շենքի մոտ։
Խորհրդարանական խմբակցություններից մեկի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր էր դարձել հունիսի 16–ին Ազգային ժողովի որման շնորհիավ։ Այն բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցեցին միայն «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորները։
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր արտահայտվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Բայց և, քանի որ երկու ընդդիմադիր կուսակցությունները միասին բավականաչափ ձայն չունեն որոշում ընդունելու համար, պատգամավորները պարզապես հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը։
- Հայաստանի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր խմբակցության առաջնորդին և խոշոր գործարարին
- Հայաստան․ բողոքի ակցիա ԱԱԾ շենքի մոտ, որտեղ հարցաքննվում է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
Ընդդիմության մոտեցումը
Արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նույնպես կարծում են, որ գլխավոր դատախազը չի կարողացել Գագիկ Ծառուկյանի մեղքի ծանրակշիռ ապացույցներ ներկայացնել։
Այդ առնչությամբ նրանք նույնպես հայտարարում են ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին և նրան համերաշխություն հայտնում։
Այս մասին լրագրողներին հաղորդել են, մասնավորապես, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները։
Իշխող դաշինքի դիրքորոշումը
«Իմ քայլն» իշխող դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ վերջերս բոլոր իրավական գործընթացները քաղաքական հետապնդում հայտարարելու միտում է նկատվում։ Նա դա գնահատել է որպես իրավապահ մարմինների վրա ազդելու փորձ․
«Որևէ գործով չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը, կրկին հայտարարում ենք, որ Հայաստանում այլևս անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ, անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»։
Վարչապետի հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանը նույնպես կարծում է, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործը զուտ իրավական գործըթնաց է։
Վարչապետը մեկնաբանել էր Ծառուկյանի և նրա կողմնակիցների այն հայտարարությունը, թե քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ գործընթացը սկսվել է հունիսի 5–ից հետո, երբ կառավարության հրաժարականի կոչ է հնչել։
«Նույն օրն արձագանքել էր իմ մամուլի խոսնակն՝ ասելով, որ Ծառուկյանը մտահոգ է մի շարք քրեական գործերի ընթացքով, այդ պատճառով էլ նման հայտարարությամբ է հանդես եկել», — ասել էր Փաշինյանը։
Վարչապետը վրդովված է քաղաքական շրջանակների քննադատությունից և իշխանությունների հասցեին Ծառուկյանի գործով մեղադրանքներից։
Հունիսի 18–ին կառավարության նիստի ընթացքում նա դիմել էր նաև միջազգային «կառույցներին, որոնք 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, ընտրակեղծիքների դեմ»։
Ըստ ամենայնի՝ նա պատասխանում էր Եվրոպայի խորհրդի նախկին ղեկավար և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը, որը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց․
«Հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում: Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձեւ է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»։