Մինչ այս Հայաստանում պարտադիր էր 9-ամյա կրթությունը, բայց հանրակրթության մասին օրենքի նոր դրույթով այն կդառնա 12-ամյա:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ աշխարհում 12-ամյա պարտադիր կրթությունը կայուն զարգացման նպատակներից է: Նախկինում, երբ երեխան ավարտում էր 9-րդ դասարանը, նա կարող էր ավագ դպրոց կամ որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն դիմել կամ ոչ՝ իր ցանկությամբ, իսկ այժմ 9-րդ դասարանն ավարտողները պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ էլ արհեստագործական, կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ասել է, որ 9-ամյա կրթությունից հետո ուսումը չշարունակողների թիվը չնչին է:
«2016թ.-ին մենք հետազոտություն ենք անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ 9-ից հետո մոտ 98 տոկոսը շարունակում է կրթությունը: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2 տոկոսի հարցը, որ կրթությունը շարունակեն»,- նշել է Արտակ Պողոսյանը: