Հայաստանում 11–րդ մահն է գրանցվել, վարակման 16 նոր դեպք կա
Ապրիլի 10–ի առավոտյան Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 11–րդ մահը։ Մահացած հիվանդը 72 տարեկան էր։
«Պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա», — ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Ապրիլի 10–ի առավոտյան վարակման 16 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների թիվը հասել է 937–ի։ Ապաքինվել է 149 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 777 մարդ։ 5,160 թեստ բացասական է եղել։
Մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրություն է գործում՝ կորոնավիրուսի էլ ավելի տարածումից խուսափելու համար։ Փակ է ամեն ինչ՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների։
Մատի 25–ից մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում է գործում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»։ Դրանում յուրաքանչյուր ոք պետք է նշի իր անձնական տվյալները, ելքի նպատակն ու վերադարձի ենթադրվող ժամը։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։
Չի աշխատում ողջ հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։
Կորոնավիրուսը Կովկասում։ Նորություններ և իրադարձություններ՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ
Համաճարակ, արտակարգ դրություն Երևանում, ի՞նչ տեսք ունի այն։ ՏԵսանյութ
