Հայաստանում չեղարկվել է հանրահավաքների և գործադուլների անցկացման արգելքը
Հայաստանում չեղարկվել են սահմանափակումները, որոնք կապված են հավաքների և գործադուլների կազմակերպման և դրանց մասնակցության հետ։ Ամբողջությամբ վերացվել են Հայատանի տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումները։
Արգելքները սահմանվել էին երկրում սեպտեմբերի 27-ից՝ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո հայտարարված ռազմական դրության ռեժիմի հետ։
Որոշումն արդեն հրապարակվել է Հայաստանի կառավարության կայքում, այն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
Չնայած մինչ այդ հանրահավաքների կազմակերպման գործող արգելքին՝ երկրում նոյեմբերի 10-ից բողոքի ցույցեր էին անցկացվում, որոնք նախաձեռնում էին միավորված 17 ընդդիմադիր կուսակցությունները։
Հազարավոր մարդիկ էին հավաքվում Երևանի Ազատության հրապարակում՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը նոյեմբերի 10-ին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությանը։ Ցուցարարներն ու բողոքի ակցիաներ կազմակերպող ընդդիմությունը պահանջում էին և շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը։
Նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը «դավաճանական համաձայնագիր» է ստորագրել Արցախն Ադրբեջանին ինքնակամ հանձնելու մասին։ Այդ պատճառով էլ Երևանի կենտրոնում, որտեղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, հաճախ կարելի է լսել, թե ինչպես են մարդիկ վանկարկում «Նիկոլ, հեռացիր» և «Նիկոլ, դավաճան»։
Հանրահավաքների անցկացման և դրանց մասնակցության սահմանափակման չեղարման մասին կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց առաջ ոստիկանությունը ձերբակալում էր ակցիայի մասնակիցներին ռազմական դրության պահանջների խախտման համար։