Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ ռազմական դաշինքի երկրներին սատարել Հայաստանի վարչապետին
Այժմ պետք է սատարել Հայաստանի վարչապետին և նրա թիմին Արցախում հրադադարի վերաբերյալ որոշման կատարման հարցում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ ռազմական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Ռուսաստանի հովանու ներքո է գործում։ Այս տարածաշրջանային միջազգային կառույցը ստեղծվել է 1992թ-ին, նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Վրաստանն, Ադրբեջանն ու Ուզբեկստանը շատ շուտով լքեցին կազմակերպության շարքերը, և այժմ ՀԱՊԿ 6 անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
Պուտինը նկատի ունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարությունը։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանին է արդեն վերադարձվել Լեռնային Ղարաբաղին հարող երեք շրջան։ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները լքել են այդ տարածքները։
Հայաստանում հազարավոր մարդիկ և ընդդիմությունը կարծում են, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին ինքնակամ հողեր հանձնելու մասին համաձայնագիր է ստորագրել, և պահանջում են նրա հրաժարականը։
«Հայաստանի ղեկավարությունը, կառավարության ղեկավարը ստիպված էին շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել։ Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ են, սակայն, ևս մեկ անգամ ընդգծեմ, անհրաժեշտ են և վարչապետից պահանջում էին անձնական մեծ քաջություն։
Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Եվ մեր խնդիրն է, որ մենք այժմ սատարենք վարչապետին և իր թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կարողանանք հասնել բոլոր ընդունված որոշումների կատարմանը և օգնել մարդկանց, որոնք դժվար իրավիճակում են հայտնվել», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
- Անավարտ արցախյան պատերազմ․ հոգեբանական խնդիրների փուլ
- Արցախյան գոտում գտնվող Լաչինն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 28 տարի անց
Նիկոլ Փաշինյանը նշել է Ռուսաստանի նախագահի բացառիկ դերն Արցախում արյունահեղության դադարեցման հարցում և ռուս խաղաղապահներին անվանել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության ապահովման երաշխավոր․
«Ռազմական գործողությունների 44 օրերի ընթանցքում մենք մշտական կապի մեջ ենք եղել և քննարկել արյունահեղության դադարեցման և մարդկանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները»։
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ արդեն ավելի քան երեք շաբաթ է, ինչ ռազմական գործողություններն Արցախում դադարեցված են, սակայն դեռևս լուծված չեն այնպիսի անհետաձգելի խնդիրներ, ինչպես անհետ կորածների որոնումները, ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակումը։