Հայաստանում բարձրացնում են այն անձանց կենսաթոշակները, որոնք երբեք չեն աշխատել։ Այժմ նախկին 16 հազար դրամի փոխարեն նրանք պետությունից կստանան 25 500 դրամ։
Քանի՞ քաղաքացու է վերաբերելու փոփոխությունը
2019թ-ի հունվարի 1-ից ծերության բարձրացված կենսաթոշակ կստանա Հայաստանի մոտ 85 հազար քաղաքացի։
Նրանց թվում են ոչ միայն երբեք չաշխատած քաղաքացիներն, այլև նրանք, ովքեր աշխատանքային ստաժ ունեն, սակայն ամսական 25 հազար 500 դրամից պակաս թոշակ էին ստանում։ Այս մասին ասել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակը թոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության ռիսկը բացառելն է.
«Հայաստանում մոտ կես միլիոն թոշակառու կա,նրանցից 17 հազարի կենսաթոշակները ծայրահեղ աղքատության նվազագույն շեմից ցածր են»։
Հենց այդ պատճառով է, որ աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուները, որոնց կենսաթոշակն ավելի բարձր էր, հավելում չեն ստանա։
Վերջին անգամ կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բարձրացվել են 2015թ-ին։ Այն ժամանակ աճը կազմում էր ամսական մոտ չորս դոլար։
Էլ ո՞ւմ են վերաբերելու բարեփոխումները
Սաղիյանը հաղորդել է, որ կենսաթոշակի բարձրացումը վերաբերելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նախկինում անարդարություն է եղել տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող անձնանց նպաստների հարցում։ Նրանք բոլորը նույն չափի նպաստ են ստացել, իսկ միակ տարբերությունը եղել է տրամադրվող դեղերի քանակն ու անվանումները։
«Ըստ նոր օրինագծի՝ առաջարկվում է 40%-ով բարձրացնել առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների նպաստները և20%-ով՝ երկրորդ կարգի հաշմանդամներինը։ Այսպիսով, առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների նպաստները կավելանան 6400 դրամով, իսկ երկրորդ կարգի հաշմանդամներինը՝ 3200 դրամով», — ասել է Սաղիյանը։
Այս բոլոր բարեփոխումները պետությանը կարժենան 110 մլն դրամ։
Այլ բարեփոխումներ
Հայաստանի կառավարությունը տարեսկզբին օրինագիծ է ընդունել, որի համաձայն մարդիկ չեն զրկվի իրենց ընտանեկան կամ սոցիալական նպաստները ստանալու իրավունքից 2019թ-ի հունվարից ծերության կենսաթոշակների, սոցիալական նպաստների և ընտանիքի կերակրող անդամի կորստի նպաստների բարձրացման պարագայում։ Արսեն Մանուկյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը, պարզաբանել էր, թե ինչ նպատակ ունի այդ որոշումը.
«Ռիսկ է առաջանում, որ [անապահով] ընտանիքների մեծ մասը կարող է զրկվել սոցիալական նպաստից։ Օրինակ, վճարումների չափը կարող է ավելանալ 4 – 6 հազար դրամով, սակայն ընտանիքը դրա պատճառով կարող է կորցնել 18 հազար դրամ սոցիալական նպաստը։ Իսկ նշված փոփոխությունների շնորհիվ՝ նման բացասական հետևանքներից կարելի է խուսափել»։