Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը լքել է կառավարական առանձնատունը, որում շարունակում էր ապրել հրաժարականից հետո։ Սարգսյանը հրաժարական է տվել այս տարվա ապրիլին Հայաստանի բնակիչների ճնշման ներքո, որոնք սատարում էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության պահանջը։ Այս ողջ ընթացքում Սարգսյանի ընտանիքն ապրում էր կառավարական տան հարևանությամբ, որտեղ հեղափոխությունից հետո տեղափոխվել էր վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։
Ո՞ւր է տեղափոխվել Սարգսյանը
Սերժ Սարգսյանը տեղափոխվել է Ձորաղբյուր գյուղ։ Այն Երևանից մի քանի կիլոմետր հեռու է՝ Կոտայքի մարզում։ Ըստ հայկական լրատվամիջոցների՝ այնտեղ է գտնվում Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի առանձնատունը։ Ձորաղբյուրը Հայաստանում հայտնի է որպես էլիտար առանձնատների գյուղ։
Սերժ Սարգսյանի բնակարանային պատմությունը սկսվել էր դեռ հեղափոխությունից առաջ։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն այս տարվա մարտին որոշել էր Սերժ Սարգսյանին փոխանցել պետական առանձնատունը, որում նա մինչև հիմա ապրում էր։
Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել էր իրեն տրվող բնակտարածքից։ Նա այդ ժամանակ արդեն վարչապետ էր, այսինքն՝ երկրի ղեկավար։ Եվ Սարգսյանն այն ժամանակ հայտարեց, որ կօգտվի իրեն հասնող արտոնությունից երկրի ղեկավարի իր լիազորությունների ավարտից հետո։ Սակայն ապրիլի վերջին նա հրաժարական տվեց։
Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին որպես Հայաստանի նախագահի պետք է մեկ ամսվա մեջ պետական բնակտարածք տրամադրել։ Սակայն այդ հայտարարությունից հետո հայկական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է բոոր առաջարկված տարբերակներից։
Սոցցանցերի արձագանքը
Օգտատերերի մեծ մասը հումորով է արձագանքել Սերժ Սարգսյանի՝ գյուղ տեղափոխվելուն։ Ահա ֆեյսբուքյան մի քանի գրառում․
«Հիմա մարդամեկը կթողնի քաղաքականությունն ու գյուղատնտեսությամբ կսկսի զբաղվել»։
«Խեղճ մարդ, նույնիսկ սեփական առանձնատուն չունի, փեսայի առանձնատանն է ապրելու։ Ողջ երկիրը թալանեց, բայց սեփական տուն այդպես էլ չսարքեց»։