Արդեն 2-րդ անգամն է, որ Հայաստանի մի քանի տեսարժան վայրերում շաբաթօրյակ են անցկացնում «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» անդամները: Առաջին շաբաթօրյակի արդյունքում նրանք 210 պարկ աղբ են հավաքել՝ երեք բեռնատար մեքենա: 60 պարկ աղբ էլ երկրորդ շաբաթօրյակի ժամանակ է հավաքվել՝ փոթորիկի պատճառով ավելին մաքրել հնարավոր չի եղել:
Նախաձեռնության հեղինակները մտահոգված են Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ: Ասում են՝ չնայած կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել, լուրջ աշխատանք այս ուղղությամբ չի կատարվում:
Զբոսավարները կարծում են, որ ներդրումների և զբոսաշրջության զարգացման հատուկ քաղաքականություն ձևավորելուց առաջ, անհրաժեշտ է պարզ հարցեր լուծել:
«Պատկերացրեք, սա ձեր աշխատանքային միջավայրն է, ձեր գրասենյակն է, մեր գրասենյակն էլ Հայաստանն է, մենք աշխատում ենք մարզերում, գյուղերում: Եվ պատկերացրեք, որ ձեր աշխատավայրում անընդհատ աղբակույտ լինի»,- ասում է զբոսավար Անահիտ Ավագյանը:
«Հստակ է, որ մենք չենք կարող ամբողջ երկիրն աղբից մաքրել: Որոշել ենք, որ մարդկանց դիմենք, ովքեր կուտակված աղբ են նկատում, լուսանկարեն, տեսանկարահանեն՝ ամսաթվով և վայրի անվամբ մեզ ուղարկեն: Մենք դա կուղարկենք համապատասխան մարմիններին»,- ասում է զբոսավար Կատար Թասլակյանը:
Նրանց կարծիքով՝ աղբի խնդիրը և՛ մարդկանց անփութության, և՛ պատկան մարմինների անհետևողականության արդյունք է: Առաջարկում են չնախատեսված վայրում աղբ թափելու համար տուգանք սահմանել: Նրանց խոսքով, «մարդանց գրպանին կպնելն արդյունավետ մեթոդ է, նախքան աղբը գցելը կմտածեն»:
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» անդամները կարծում են, որ տուրիստական ընկերություններն էլ, իրենց հերթին, պետք է պահանջեն, որ տեսարժան վայրերում և ամենուր աղբահանությունը պատշաճ կերպով կատարվի:
Կատար Թասլակյանը պատմում է, որ վերջերս Բելգիայից զբոսաշրջիկների մի խումբ էր եկել: Զբոսաշրջիկներից մեկն ասել է. եթե իրեն հարցնեն Հայաստանից ստացած տպավորությունների մասին, կասի, որ դարավոր մշակույթով հրաշալի երկիր է, ինչով ժողովուրդը հպարտանում է, բայց չի հարգում իր երկիրը, բնությունը, քանի որ ամեն տեղ աղբ է նետված:
«Այդ ժամանակ որպես զբոսավար ամաչում ես, որովհետև այդ պահին դու ես քո երկրի դեմքը հանդիսանում»,- նշում է նա: