Կորոնավիրուսից առաջին մահը Վրաստանում
Ապրիլի 4-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը:
Մահացել է Բոլնիս քաղաքի մերձակայքում գտնվող Կապանախչի գյուղից 79-ամյա մի կին, այսպես կոչված, «Մառնեուլ-Բոլնիսի բույլից»: Այս երկու քաղաքներում տեղի բնակիչներից մի խումբ վարակվել է, ինչի պատճառով էլ երկու քաղաքներն ամբողջությամբ մեկուսացված են մարտի 23-ից:
Ընդհանուր առմամբ, Կապանախչի գյուղում այժմ գրանցված է կորոնավիրուսային վարակի 5 դեպք: Մահացած կինը շփումներ է ունեցել Ռուսաստանից և Ադրբեջանից Վրաստան եկած մարդկանց հետ: Նրանք միասին մասնակցել են տեղի կրոնական տոնակատարությանը և նույն ծիսական սեղանի մոտ են նստել:
Թբիլիսիի համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի խոսքերով՝ մահացած կինը այլ քրոնիկ հիվանդություններ է ունեցել: Վարակման ֆոնին նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել:
- Վրաստանում պարետային ժամ և խիստ կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում
- Վրաստանի Մառնեուլի քաղաքը՝ համաճարակի սպասելիս։ Ի՞նչ է կատարվում քաղաքում, որը կարանտինի պատճառով փակ է (լուսանկարներ)
Վրաստանում ընդհանուր առմամբ 156 մարդ է վարակվել համաճարակի սկզբից ի վեր, նրանցից 28-ը առողջացել են:
5,526 մարդ գտնվում է կարանտինում, 344-ը հիվանդանոցում հսկողության տակ են:
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է ողջ հասարակական տրանսպորտը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից, միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մարտի 23-ից ելքի և մուտքի համար փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները կորոնավիրուսի ներքին տարածման վտանգի պատճառով:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել: