Հաքերային հարձակում Լուգարայի լաբորատորիայի վրա․ կարևոր տեղեկություններ են գողացվել
Հաքերային հարձակում է իրականացվել Վրաստանի առողջապահության նախարարության և Լուգարայի լաբորատորիայի վրա։ Ըստ ՆԳՆ տեղեկությունների՝ կիբերհարձակումը հարևան երկրներից մեկի տարածքից է կատարվել։ Գողացված փաստաթղթերի մի մասը վերբեռնվել է արտասահմանյան մի էջում և հասանելի է օգտատերերի լայն շրջանակի համար։
Ըստ ՆԳՆ տեղեկությունների՝ առողջապահության նախարարության համակարգչային համակարգի վրա կիբերհարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 1–ին, դրա նպատակը նախարարության կենտրոնական աշխատակազմի և դրա կառուցվածքային միավորների, այդ թվում՝ Լուգարայի լաբորատորիայի տվյալների բազաներից բժշկական փաստաթղթերի, ինչպես նաև համավարակի կառավաման վերաբերյալ կարևոր տեղեկությունների ստացումն է եղել։
«Համակարգ ապօրինի ներխուժելու հետևանքով ստացած փաստաթղթերի մի մասը ներկա պահին վերբեռնվել է արտասահմանյան վեբ–էջերից մեկում և հասանելի է ընթերցողների լայն շրջանակի համար։ Միաժամանակ այդ էջերում վերբեռնվել են նաև ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց նպատակը հանրությանը վախեցնելն ու անվստահություն առաջացնելն է», — հայտարարում է ՆԳՆ–ն։
ՆԳՆ–ն արդեն հետաքննություն է սկսել։
Այս բարդ և յուրահատուկ հանցագործության արագ և արդյունավետ հետաքննության գործում օգնություն ստանալու համար Վրաստանը մոտակա մի քանի ժամում կդիմի գործընկերային երկրների համապատասխան ծառայություններին, ասում են ներքին գործերի նախարարությունում։
Վրաստանի կառավարության կայքերի վրա մասշտաբային կիբերհարձակում էր տեղի ունեցել նաև 2019 թ–ի հոկտեմբերի 28–ին։
Ի՞նչ գիտենք մենք Վրաստանի վրա ռուսական կիբերհարձակումների մասին
Անցյալ տարի կիբերհարձակման զոհ էր դարձել նախագահի վարչակազմի պաշտոնական կայքն, ինչպես նաև դատարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և մեդիայի վեբ–էջերը։
Հաքերային հարձակումների հետևանքով հեռարձակումը ստիպված էին դադարեցնել «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունները։ Հոլդինգը հարձակման հետևանքով մեծ ֆինանսական և տեխնիկական վնասներ կրեց։
Հետաքննությունը, որը վրացական կողմն անցկացրեց Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և այլ միջազգային գործընկերների հետ, պարզեց, որ կիբերհարձակման հետևում կանգնած է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական հետախուզությունը (ԳՀՎ)։
Հայտնի է նաև ԳՀՎ հստակ ստորաբաժանումը, որն աշխատել է Վրաստանի դեմ։ Դա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության հատուկ տեխնոլոգիաների գլխավոր կենտրոնն է (GTsST), որը կիբերցանցերում հայտնի է որպես «74455 վարչություն», ինչպես նաև «Ավազորդ»։