Կեղծ լուր ՀՀ Սահմանադրության նախագծի հրապարակման մասին․ ի՞նչ է բացահայտվել
Կեղծ լուր ՀՀ Սահմանադրության նախագծի մասին
Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ հաղորդել են Սահմանադրության նոր տեքստի հրապարակման մասին՝ հղում անելով Sahmanadrutyun․com կայքին։
Մասնավորապես՝ Արտաշես Իկոնոմովը, որը 2026 թ․-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել՝ որպես «Նժար» շարժման հիմնադիր անդամ, այսօր սոցցանցերում հայտնել է, որ մայր օրենքի տեքստը հրապարակված է՝ դա որակելով «սենսացիոն հայտնագործություն»։ Սակայն շատ արագ այդ տեղեկատվությունը հերքվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում ընթանում են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներ, բայց տեքստի վերջնական տարբերակը հանրությանը դեռ չի ներկայացվել։ Որևէ պաշտոնական հարթակում նախագիծը հրապարակված չէ։
Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է, թե ովքեր են եղել կեղծ լուրը տարածող անձինք և ԶԼՄ-ները, ինչ է իրենից ներկայացնում Sahmanadrutyun․com կայքը և ինչ վրիպակներ կան որպես մայր օրենք ներկայացված տեքստում։
Այս պահին հայտնի մանրամասները՝ քաղաքական գործչի հայտարարությունը, ԱՆ հերքումը, ինչպես նաև FIP-ի ուսումնասիրության արդյունքները
- «Անցում ոչ ճգնաժամային կառավարման»․ Փաշինյանը՝ գործադիրի նոր ծրագրի մասին
- Ավելի քան 32 հազար դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ վիճակագրական տվյալներ
- «Ապացուցեցինք, որ ՀՀ-ն ծայրագավառ չէ, խաչմերուկ է»․ Փաշինյան
Ի՞նչ է հայտնել Իկոնոմովը
Արտաշես Իկոնոմովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սահմանադրության նախագիծը հասանելի է Sahmanadrutyun.com կայքում։ Փոփոխությունները հասկանալու համար անհրաժեշտ է կարդալ ամբողջ նախագիծը»։
Նա հորդորել է ծանոթանալ այդ նախագծի առանձին դրույթներին, ինչպես նաև տարածել հաղորդագրությունը, որպեսզի «մարդիկ իմանան, թե ինչ է իրենց սպասվում ապագայում»։
Այս նույն տեքստը վերահրապարակել է նաև «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր անդամներից Նինա Կարապետյանցը, որը այս ուժի վարչապետի թեկնածուն էր հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ։
Ոչ Կարապետյանցը, ոչ էլ Իկոնոմովը պաշտոնական հերքումից հետո չեն հեռացրել իրենց գրառումները, չեն հրապարակել նաև թարմացված տեղեկատվություն։
Ավելին, Արտաշես Իկոնոմովը հրապարակել է տեսանյութ և գրառում՝ Արդարադատության նախարարության հայտարարությունը բնորոշելով որպես «ապատեղեկատվական հերքում»։
«Արդարադատության նախարարությունը տարածում է ապատեղեկատվություն, քանի որ պնդում է, որ Sahmanadrutyun.com կայքում տարածվում է ապատեղեկատվություն։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ սա ՀՀ իրական նոր սահմանադրության նախագիծ է»,- պնդել է քաղաքական գործիչը։
Իկոնոմովի թիմակիցը՝ Նինա Կարապետյանցը, նույնպես չի փոխել իր տեսակետը։ Գրառման մեկնաբանություններում տարբեր անձինք նշել են, որ անզեն աչքով երևում է, որ դա ապատեղեկատվություն է։
«Ի՞նչն ա ապատեղեկատվություն, որ կա կայք, որտեղ կա հրապարակված սահմանադրության տեքստ։ Դա անհերքելի փաստ ա»,- արձագանքել է Կարապետյանցը։
ԱՆ հերքումը․ «Տեքստը նոր Սահմանադրության նախագիծը չէ»
Անդրադառնալով մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկություններին՝ Հայաստանի Արդարադատության նախարարությունից հայտարարել են․
«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է»։
ՀՀ քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ են արել զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։
FIP-ի ուսումնասիրության արդյունքները
Փաստերի ստուգման հարթակի փոխանցմամբ՝ կայքը, որտեղ հրապարակվել է տեքստը, կասկածելի է։
Sahmanadrutyun.com-ի դոմեյնը, ըստ Who.is-ի տվյալների, ստեղծվել է բոլորովին վերջերս՝ 2026 թ․-ի սեպտեմբերի 3-ին․
«Դոմեյնը գրանցված է GoDaddy-ի միջոցով՝ մեկ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 3-ը»։
FIP-ին չի հաջողվել պարզել կայքի իրական սեփականատիրոջը, ուստի հնարավոր չէ ասել, թե ով է ստեղծել կամ հրապարակել փաստաթուղթը։
Այնուամենայնիվ, պարզ է դարձել, որ խոսքը նորաստեղծ կայքի մասին է, ոչ թե նոր Սահմանադրության մշակման գործընթացին զուգահեռ երկար ժամանակ գործող պաշտոնական կամ մասնագիտական հարթակի։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածվող տեքստը Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չէ։ Ավելին, փաստեր ստուգող լրագրողները տարածված տեքստում արձանագրել են՝
- ներքին հակասություններ տարբեր հոդվածներում,
- աշխատանքային գրառման նմանվող, անորակ ձևակերպումներ,
- վրիպակներ (օրինակ՝ «առաջին կազմի համար սահմանվում է հետևյալ վաշտի կարգը»):
Բացի այդ, հրապարակված տեքստի առանցքային դրույթները զգալի նմանություններ ունեն Իկոնոմովի և նրա հիմնադրած «Նժար» սահմանադրական շարժման՝ դեռևս 2025 թ․-ին ներկայացրած առաջարկների հետ։
Հիշեցրել են՝ Արտաշես Իկոնոմովը հայտարարել էր, որ իրենց մշակած ինստիտուցիոնալ համակարգը ներառելու է Պետական խորհուրդ և ազգային ինստիտուտ, իսկ առաջարկվող Պետական խորհուրդը պետք է կազմված լինի 9 տարով ընտրվող 9 անդամից։
«Որպես Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթում հանդիպում ենք գրեթե նույն կառուցվածքին։ Այստեղ նույնպես ստեղծվում են Ազգային արժեքների ինստիտուտ և Պետական խորհուրդ, իսկ վերջինս բաղկացած է հենց 9 անդամից՝ 9-ամյա լիազորությունների ժամկետով»։
FIP-ն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, թե որ ԶԼՄ-ներն են տարածել կեղծ տեղեկատվությունը։
Դրանք են «Մեդիամաքսը», Արմատ Մեդիա-ն, Aysor.am, Politik.am կայքերի սոցիալական էջերը։
«Հատկանշական է, որ պետռեգիստրի տվյալներով Իկոնոմովը «Մեդիամաքս Մեդիաքոմփանի» ՍՊԸ-ի իրական շահառուներից է՝ 40 տոկոս մասնակցությամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կեղծ լուր ՀՀ Սահմանադրության նախագծի մասին