Չեչնիայի նախագահը՝ վրացի լրագրողի մասին․ նա պետք է ծնկի գա և ներողություն խնդրի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարություն է հրապարակել, որում հերքում է վրացի լրագրող Գիորգի Գաբունիայի սպանության փորձի մասին լուրը, սակայն նրան կոչ է անում «ծնկի գալ և ներողություն խնդրել»։
Կադիրովի հայտարարությունը հրապարակվել է նրա տելեգրամ–ալիքում։
Ինչպես հայտնի է, «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք») ընդդիմադիր հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվամարիան հայտարարել է, որ Թբիլիսիում վարձու մարդասպան է ձերբակալվել, որն ուղարկվել է Ռամզան Կադիրովի կողմից՝ լրագրողին սպանելու։ Վերջինս անցյալ տարի «Ռուսթավի–2» հեռուստաընկերության եթերում հայհոյել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Կասկածյալի ձերբակալման փաստը հաստատել են նաև Վրաստանի իրավապահ մարմինները։
Չեչնիայի նախագահը Գաբունիային «չկայացած լրագրող» է անվանում, իսկ մահափորձի մեղադրանքները՝ «ճակատագրից նեղացած մարդկանց հեքիաթներ»։
«Պարոնայք, հավատացեք, որ, եթե որևէ մեկը գործում է իմ հրահանգով, նա կատարում է այն, իսկ եթե հանձնարարությունը պետք է լուռ կատարել, ապա ոչ ոք, առավելևս խորը ճահճի մեջ գտնվող ձեր երկրները [Վրաստանն ու Ուկրաինան, որտեղ մեղադրանքներ են հնչում Կադիրովի հասցեին –JAMnews], այդ մասին չեն իմանա», — հայտարարել է Կադիրովը։
Միաժամանակ նա գրում է, որ Գաբունիան պետք է ներողություն խնդրի․
«Սակայն ընդգծում եմ, որ մենք չենք մոռացել, թե ինչպես է նա վիրավորել մեր Պետությունը, մեր Ժողովրդին, հետևաբար՝ անձամբ ինձ։ Գիորգի Գաբունիան, ինչպես նախկինում արդեն ասել եմ, պետք է ծնկի գա և ներողություն խնդրի կատարվածի համար։ Նա վիրավորել է ոչ թե մեկ մարդու, այլ բոլոր ռուսաստանցիներին։ Դիմում եմ Վրաստանի իշխանություններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, որոնք նպաստում են այդ քաղաքացու վերադաստիարակմանը։ Խորհուրդ եմ տալիս նրան ճիշտ եզրակացություններ անել և իր միտքը կարգի բերել։ Հակառակ դեպքում, կրկնում եմ, նա իմ թշնամին է»։⠀