Ճակատագրական ընտրություններ ՀՀ-ում. ընտրողների 40%-ը ոչ ոքի չի վստահում
Խորհրդարանական ընտրություններ-2026 ՀՀ-ում
Ընդամենը երկու օր անց՝ հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում 18 քաղաքական ուժեր վստահեցնում էին, որ ընտրողները հենց իրենց պետք է լիազորեն որոշել երկրի ճակատագիրը հաջորդ 5 տարիներին։ Սակայն հիմնական թեկնածուներն ու ընտրական մրցավազքի առաջատարները հայտնի էին դեռևս քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ։ Այս առումով ոչինչ չփոխվեց։
Միայն կրքերի լարվածությունը գերազանցեց բոլոր սպասումները։ Քաղաքական հակառակորդները հատեցին բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Նույնիսկ ընտանիքի թեման, որը շոշափելը նախկինում անթույլատրելի էր համարվում քաղաքական պայքարում, այս անգամ ակտիվորեն օգտագործվեց ընտրարշավի ընթացքում գրեթե բոլոր գործիչների կողմից։
Ինչպե՞ս է անցել նախընտրական քարոզարշավը, ի՞նչ արտաքին քաղաքական կուրս են որդեգրել հիմնական հավակնորդները և ի՞նչ տպավորություն են նրանք թողել ընտրողների վրա
- «Սենսացիոն, բայց կեղծ»․ կարծիք Հայաստանի քաղաքական ուժերի խոստումների մասին
- «Տիգրանաշենի հարցը կլուծվի սահմանազատման արդյունքում»․ Փաշինյանի ասուլիսի դրվագները
- «Զանավես»․ ՀՀ-ում քվեների վերահսկման մասին դավադրապաշտական սցենար է տարածվում
Նախընտրական քարոզարշավ վիրավորանքների ուղեկցությամբ
Նիկոլ Փաշինյան.
«Էս ովքե՞ր են, Ղարաբաղի պսևդո էլիտարները։ Ռադներդ քաշեք։ Արթո՛ւր Օսիպյան [արցախցի քաղաքական և հասարակական գործիչ], գլուխդ պատին ես տվել։ Գնայիր մեր էրեխեքի տեղը զոհվեիր: Թալանչի անասուննե՛ր։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի հարցը, որ կար, գնայիք, զոհվեիք։ Դու ինչի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք։ Ռադդ քաշի՛, համբալի մեկը»։
Սամվել Կարապետյան.
«Ինձ նաև «Տաշիրի Սամո» են ասում, դա հարգանքի նշան է։ Իմ ընկերներն էլ ժամանակին ինձ «Կալուգայի Սամո» էին ասում, չէին ասում «չմո Նիկոլ»»։
Ռոբերտ Քոչարյան.
«Հիմա, այ համբա՛լ, ի՞նչ ունես դրա հետ: Ի՞նչն է քեզ ստիպում, քո քայլերով ինչի՞ ես ցավացնում ամբողջ մի ժողովրդին»:
Սրանք ուղիղ մեջբերումներ են խորհրդարանական ընտրությունների առաջատար թեկնածուների հայտարարություններից։
Խորհրդարան անցնելու հիմնական հավակնորդներն են 3 քաղաքական ուժեր՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
- «Հայաստան» դաշինքը, որի առաջնորդը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է,
- վերջերս ստեղծված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն առաջնորդում է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը։
«Չմո», «համբալ» և «անասուն» բառերից բացի հայ քաղաքական գործիչների շրջանում սովորական են դարձել նաև «փողոցային», «գործակալ», «ռևանշիստներ և կաշառակերներ», «սրիկաներ» և այլ արտահայտություններ։ Վերջին տարիներին սոցցանցերում քաղաքական գործիչների մասին հնչած բոլոր արտահայտությունները նրանք միմյանց ասում էին ուղիղ եթերում՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ։
Այլևս կարևոր չէ, թե երբ է սկսվել այս ամենը և ով է սկսել։ Թափանիվն ընթացքի մեջ է, գործընթացն արդեն անշրջելի է։ Մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կոչերը՝ պահպանել էթիկական չափանիշները, ոչ մի արդյունք չտվեցին։
Ահա թե ինչ է ասել Հայաստանի գործող վարչապետը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու մասին.
«Ծառուկյա՛ն Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա։ Ասում եմ՝ լակոտիդ վզից բռնած Բելառուսից բերելու ենք ու պատասխանատվության ենք ենթարկելու, նստեցնենք։ Բռնելու ենք բերենք, լակո՛տ։ Չես փախնելու ոչ մի տեղ, հերդ էլ քեզ չի փրկելու»։
Գործարարի որդին՝ Նվեր Ծառուկյանը, միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատանը տեղի ունեցած «ռազբորկայից» հետո։ Նվեր Ծառուկյանի, նրա անվտանգության աշխատակիցների և խաղատան աշխատակիցների միջև վեճն ավարտվել էր կրակոցներով։ Ավելի ուշ նա լքել էր երկիրը։ Հայաստանում կրտսեր Ծառուկյանն անցնում է խուլիգանության և կողոպուտի գործով։
ՀՀ-ում շատերը կարծում են, որ նույնիսկ այդ պարագայում երկրի ղեկավարը նման կերպ չպետք է արտահայտվեր, քանի որ հարցը վերաբերում է ընտանիքին։
Սակայն, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանը որոշեց ավելի հեռուն գնալ և անդրադառնալ գործարարի ունեցվածքին։ Վարչապետը հայտարարեց Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի պետականացման գործընթացի մեկնարկի մասին։ Ընդ որում, Փաշինյանը դրանով չսահմանափակվեց.
«Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին։ Մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա»։
Փոխադարձ կոմպրոմատներ և միջազգային ԶԼՄ-ների բացահայտումներ
Ինչպես ավելի ուշ պարզվեց, թեկնածուները նոր-նոր էին թեժացնում իրավիճակը։ Առջևում էին ինչպես աղմկոտ հայտարարություններ, այնպես էլ իրական կոմպրոմատներ և բացահայտումներ։ Արդյո՞ք դրանք ճշմարիտ են, այլևս կարևոր չէ։ Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել որոշ հաղորդագրություններ, բայց բոլորը հասկանում են՝ ընթանում են լուրջ քաղաքական գործընթացներ, որոնք ենթադրում են նման հնչեղ հայտարարություններ։
Սամվել Կարապետյանն այլ «սենսացիոն բացահայտումների» շարքում, պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը Կանադայում անշարժ գույք ունի.
«Փաշինյանը Կանադայի իր տունը կգնա, կվայելի այսքան փորձանք բերելուց հետո»։
Դրա համար վարչապետը երկրորդ դատական հայցն է ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի դեմ։ Առաջինը վերաբերում էր Կարապետյանի՝ հալյուցինոգեն սնկերի մասին հայտարարությանը, որոնք, իբր, Փաշինյանն օգտագործում է իր ելույթներից առաջ։
Այս օրերին սկանդալային տեղեկատվության պակաս չի եղել։ The Insider-ը հրապարակել է հետաքննություն այն մասին, թե ինչպես է Կրեմլը փորձում կանխորոշել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
Այնտեղ, ի թիվս այլ բաների, կա պնդում, որ Սամվել Կարապետյանը ժամանակին եղել է Ռուսաստանի ԱԴԾ աշխատակից։ Բնականաբար, Հայաստանի իշխանությունները շտապեցին տարածել այս լուրը և հերթական անգամ հայտարարել, որ Կարապետյանն ուղարկվել է Մոսկվայից և սպասարկում է ռուսական շահերը։
Մինչ հասարակությունը կհասցներ մարսել այս լուրը, հայտնվեց նոր պատմություն։ Մեկ այլ լուր տարածվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Հետագայում Քննչական կոմիտեն հայտարարեց, որ թեկնածուն թաքցրել է իր օտարերկրյա քաղաքացիության մասին տեղեկությունները, ուստի քրեական գործ է հարուցվել համապատասխան հոդվածով։
Դատարանը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի գործը քննել ընտրություններից առաջ, այնպես որ այս ողջ տեղեկատվությունը տեղավորվում է Հայաստանի նախընտրական գործընթացների տրամաբանության մեջ։
Խաղաղության և պատերազմի թեման
Ինչպես և ակնկալվում էր, թեկնածուների միջև կառուցողական երկխոսություն չկայացավ։ Սակայն քաղաքական գործիչները փորձեցին դրսևորել իրենց ուժեղ կողմերը։ Ներկայիս ընտրությունների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ հիմնական խաղաքարտերն ու քարոզարշավի կանխադրույթներն ի սկզբանե հայտնի էին։
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավի համար ընտրեց «Տե՛ր կանգնիր, խաղաղությանը» կարգախոսը։
Երկրի ղեկավարն իր հակառակորդներին անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերը։ Փաշինյանը նույնիսկ պատերազմի մեկնարկի կոնկրետ ժամկետ է նշում, եթե իշխանափոխություն տեղի ունենա՝ այս աշնանը։
Իշխող կուսակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը համարում է բացարձակ նվաճում։ Տրամաբանությունը պարզ է. ընդդիմությունը մտադիր չէ շարունակել Փաշինյանի քաղաքականությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Վարչապետի խոսքով՝ երեք քաղաքական ուժերն էլ պաշտպանում են Ադրբեջանի հետ հաստատված «խաղաղության վերանայումը»։
Դա նշանակում է խաղաղության համաձայնագրի, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի, սահմանադրական փոփոխությունների մերժում և արցախյան հարցի հնարավոր ակտիվացում։ Փաշինյանի կուսակցությունը համոզված է, որ այդ ամենը կբերի նոր պատերազմի ռիսկ, որը կարող է Հայաստանի համար արժենալ ինքնիշխանություն ու տարածքային ամբողջականություն։
Ընդդիմությունը, իհարկե, հերքում է պատերազմի ցանկացած հնարավորություն։ Ավելին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ պատերազմում պարտություն կրած Փաշինյանն իրավունք չունի ժողովրդին վախեցնել նոր պատերազմով։
Քոչարյանը պնդում է, որ ներկայիս վարչապետի իշխանության մնալու դեպքում նա շարունակելու է զիջումների գնալ, իրականացնել Ադրբեջանի պահանջները։
Ըստ նախկին նախագահի՝ դրանց թվում են, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը կամ անկլավների հարցը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է, որ Փաշինյանի նոր ժամկետը կնշանակի 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում.
«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից նախատեսված 300 հազար ադրբեջանցիների ներհոսքը Հայաստան, դա կնշանակի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերը կդառնան անիրականանալի, քանի որ հիմնական աշխատատեղերը կանցնեն ադրբեջանցիներին։ Այդ իսկ պատճառով, մեր կառավարության հենց առաջին իսկ նիստում մենք կընդունենք մեր երկրի համար գլխավոր օրենքը, որը կարգելի ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները և նվեր ստանալ մեր հողերը»։
Մինչդեռ, ըստ Հայաստանի գործող Սահմանադրության՝ ոչ միայն ադրբեջանցիները, այլև բոլոր օտարերկրացիներն իրավունք չունեն հող ձեռք բերել: Կարապետյանը լռում է այդ մասին, իսկ իշխող կուսակցությունը մշտապես բարձրաձայնում է:
Ռուսական գործակալներն ու արտաքին քաղաքականության վեկտորի հնարավոր փոփոխությունը
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, ի թիվս այլ բաների, առանձնանում են նաև արտաքին քաղաքականության հարցի շեշտադրմամբ՝ ի՞նչ կուրս են առաջարկում թեկնածուները հաղթանակի դեպքում: Եթե նախկինում քչերն էին խոսում եվրաինտեգրման և Մոսկվայի՝ Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու մասին, այժմ այդ ուղերձները գալիս են առաջին հերթին իշխող կուսակցությունից:
- «ՌԴ-ն փորձում է տասնյակ հազարավոր ընտրողներ ուղարկել Հայաստան»․ քննարկումներ Երևանում
- Տնտեսությունը՝ ազդեցության լծակ․ ընտրություններից առաջ ՌԴ-ն ճնշում է Հայաստանին
- «Տեղեկատվական ռումբ»․ ՀՀ դեմ ՌԴ հիբրիդային արշավների մասին գաղտնի փաստաթղթեր են արտահոսել
Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն ամեն առիթ օգտագործում են Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին Կրեմլի թեկնածուներ և ազդեցության գործակալներ անվանելու համար:
Նրանք, ըստ էության, հայտարարում են, որ եթե իշխանափոխություն լինի, Հայաստանը կընկնի Ռուսաստանի խիստ ազդեցության տակ և կկորցնի արևմտյան ուղղությամբ իր բոլոր նվաճումները։
Ընդդիմությունը չի թաքցնում, որ իշխանության գալու դեպքում արտաքին քաղաքականության մեջ զգալի փոփոխություններ կլինեն: Այս համատեքստում նրանք Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը համարում են առաջնահերթություն:
Իսկ եթե դա տեղի չունենա, ըստ ընդդիմության, Հայաստանը կհայտնվի Ադրբեջանից և Թուրքիայից կախվածության մեջ։
Անկարան դեռ պետք է համաձայնվի բացել իր սահմանները: Եթե Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները խզվեն, Հայաստանի տնտեսությունը պետք է վերակողմնորոշվի դեպի Արևմուտք: Իսկ Հայաստանի համար դեպի արևմտյան շուկաներ տանող ամենակարճ ճանապարհն անցնում է հարևան Թուրքիայով։ Ընդդիմությունը պնդում է, որ դրան հասնելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ոչ միայն հրաժարվել Արցախից, այլև հայկական ինքնությունից: Մասնավորապես՝ մոռացության մատնել Արարատ լեռը՝ որպես երկրի խորհրդանիշներից մեկը, Հայոց ցեղասպանության հարցը և այլն:
Վճռորոշ ընտրություններ Հայաստանի համար
Երկու ճամբարներն էլ պնդում են, որ այս ընտրությունների արդյունքից է կախված մինչև անգամ Հայաստանի գոյությունը։ Սակայն նրանց կարծիքները վտանգի աղբյուրների վերաբերյալ տարբեր են։
Իշխանությունների պնդմամբ՝ հիմնական սպառնալիքը նոր պատերազմն է, տարածքային նոր կորուստներն ու Հայաստանի վերադարձը դեպի լիակատար կախվածություն Ռուսաստանից։
Նիկոլ Փաշինյանի թիմը համոզում է ընտրողներին, որ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի, սահմանազատման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը կարող է պահպանել հայկական պետականությունն ու ինքնիշխանությունը։ Այս գործընթացները վերանայելու ցանկացած փորձ, ըստ իշխանությունների, կհանգեցնի էսկալացիայի, ինչից հետո Հայաստանը կրկին ստիպված կլինի փրկություն փնտրել Ռուսաստանի ռազմաքաղաքական հովանոցի տակ։ Եվ, ըստ էության, կկորցնի անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը։
Ընդդիմադիրները ներկայացնում են հակառակ սցենար։ Կարծում են, որ Փաշինյանի քաղաքականությունը կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի ինքնիշխանության աստիճանական կորստի՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։
Իշխանության հակառակորդները պնդում են, որ Բաքվին անվերջ զիջումները, նախկին «կարմիր գծերից» հրաժարվելը և ամեն գնով տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու փորձերը, ի վերջո, Հայաստանին տնտեսապես, քաղաքականապես և նույնիսկ ժողովրդագրական առումով կախյալ կդարձնեն հարևաններից։ Այս տրամաբանության համաձայն՝ երկիրը կանգնած է վտանգի առաջ՝ դառնալ թույլ պետություն, որը ստիպված է լինելու հաշվի առնել Անկարայի և Բաքվի շահերը գրեթե բոլոր առանցքային հարցերում։
«Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում մենք տեսնում ենք հետևյալ փաստարկները. իշխող կուսակցությունը ցույց է տալիս, որ եթե կառավարությունը փոխվի, պատերազմ կսկսվի Հայաստանում կամ տարածաշրջանում։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք բերել են խաղաղության օրակարգը և իրենց գործողությունները ներկայացնում են որպես պատերազմի բացակայության երաշխիք։
Եվ ընդհակառակը, ընդդիմությունը պնդում է, որ եթե գործող կառավարությունը մնա իշխանության գլուխ, հայկական պետականությունը կհայտնվի սպառնալիքի տակ։ Իշխանությունը, բնականաբար, հակադարձում է։ Ընդդիմությունն ասում է, որ պետականությունը սպառնալիքի տակ է, մինչդեռ իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը տանում է դեպի պատերազմ»,- արձանագրում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Արդյո՞ք ընդդիմության հաղթանակը նշանակում է Հայաստանի վերադարձ Ռուսաստանի «գիրկը»։
Վերլուծաբանը դրանում կասկած չունի։ Նշում է, որ բոլոր հիմնական խաղացողները հայտնի են իրենց բացահայտ ռուսամետ հայացքներով: Սամվել Կարապետյանը նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Ահա թե ինչու նրա անունը ընտրացուցակում չկա։
«Եթե իշխանության գան ռուսամետ ուժերը, և ես հիմնականում նկատի ունեմ Սամվել Կարապետյանին և Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կենթարկվի լիակատար շրջադարձի: Հայաստանը կսկսի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և կասեցնել հարաբերություններն Արևմուտքի հետ: Կասկած չկա սրանում: Այս քաղաքական ուժերը և նրանց շրջապատը բացահայտորեն հայտարարում են ՌԴ հետ համագործակցելու իրենց պատրաստակամության մասին: Նրանք կարծում են, որ Հայաստանը չպետք է ձեռնարկի արտաքին քաղաքական քայլեր, որոնք հակասում են Ռուսաստանի շահերին։
Մյուս կողմից, ես վստահ չեմ, որ եթե ներկայիս կառավարությունը գա իշխանության, ինչը ամենահավանական սցենարն է, Հայաստանը ուղիղ կշարժվի դեպի Եվրոպա: Այո, Հայաստանը հատել է սահմանները Ռուսաստանի հետ իր հարաբերություններում, որոնք անհնար են դարձնում անվտանգ վերադարձը ՌԴ ազդեցության ոլորտ: Ես նման հնարավորություն չեմ տեսնում: Բայց նաև չեմ կարող երաշխավորել, որ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանց հապաղման կամ տատանման կգնա դեպի ԵՄ»,— ասում է վերլուծաբանը:
Ընտրողների կարծիքի ուսումնասիրություն. ի՞նչ սպասել
Այնուամենայնիվ, չնայած ընտրարշավի աննախադեպ լարվածությանն ու բարձրագոչ փոխադարձ մեղադրանքներին՝ հարցումները ցույց են տալիս, որ հայ հասարակության զգալի մասը մնում է կամ չկողմնորոշված, կամ խորապես հիասթափված։
Ըստ IRI-ի վերջին հարցման՝ քաղաքացիների 40%-ը չի վստահում որևէ քաղաքական գործչի։ 13%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին։
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանում է առաջատար դիրքերը ընտրողների շրջանում՝ 32%-ով։ Մինչդեռ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 6%, Ռոբերտ Քոչարյանի դաշինքը՝ 4%, իսկ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3%։
Այնուամենայնիվ, հարցվածների գրեթե մեկ քառորդը (23%) դեռևս չի կողմնորոշվել, իսկ ավելի քան 20%-ը հրաժարվել է բացահայտել իր նախընտրությունները։
Սա նշանակում է, որ չնայած հարցումներում ներկայիս կառավարության վստահ առաջատարությանը՝ ընտրողների զգալի մասը մնում է քաղաքական անտարբերության կամ սպասման վիճակում։ Այսպիսով, ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի նրանից, թե ում կհաջողվի իր կողմը գրավել այս չկողմնորոշված ընտրողներին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Խորհրդարանական ընտրություններ-2026 ՀՀ-ում