Լրտեսական սկանդալ Հայաստանում․ հայ սպաներին հավաքագրել են սոցցանցերի միջոցով
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հայտնաբերել և չեզոքացրել է լրտեսական ցանց, որը գործել է երկրի տարածքում։ Հաղորդվում է, որ դրանում ներգրավված են եղել տասնյակ հայ զինծառայողներ։ 19 մարդ է արդեն ձերբակալվել, նրանց մի մասը խոստովանական ցուցմունք է տվել։
Ինչպես նշվում է ԱԱԾ հայտարարությունում, ցանցը ստեղծվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Տեսանյութում, որը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը, սպաներից մեկն իր ցուցմունքներում նշում է, որ սոցցանցերում ծանոթացել է «Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ»։
Այն ամենն, ինչ հայտնի է զինվորականներին հավաքագրելու մասին, ինչ տեղեկություններ են փորձել ստանալ նրանցից՝ ըստ Հայաստանի ԱԱԾ հաղորդագրության։
- HALO Trust-ն Արցախում մեղադրվել է Թուրքիայի օգտին լրտեսության համար։ Կազմակերպությունն արդեն հերքել է այս հայտարարությունը
- Հայաստանի խորհրդարանի խոսնակին հատուկ ծառայությունների «կրկնակի գործակալ» են անվանում, ԱԱԾ-ն հերքում է
- Կեղծ լուրերի համաճարակ Հայաստանում․ այն հաղթահարելու փորձեր
Սպաներին հավաքագրել են «հայուհիներ»
ԱԱԾ հաղորդագրությունում նկարագրվում է, թե ինչպես է ստեղծվել լրտեսական ցանցը։ Ասվում է, որ բացահայտման ռիսկի նվազեցման համար սոցցանցերում իբր հայուհիների կեղծ օգտահաշիվներ են բացվել՝ անհատական լուսանկարներով, որոնք «ծանոթացել են» հայ սպաների հետ։
Օտարերկրյա հատուկ ծառայությունների բոլոր աշխատակիցներն ազատ տիրապետել են հայրենին, այդ ցանցային ծանոթությունները վերածվել են մտերմիկ հարաբերությունների։ Այնուհետև զինծառայողներին առաջարկել են որոշակի գումարի դիմաց տեղեկություններ տրամադրել Հայաստանի Զինված ուժերի մասին։
Մասնավորապես, խոսքը գնում է զորքերի տեղակայման վայրերի, զենքի, զինամթերքի, ինժեներկան և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական կառույցների մասին։
Հատուկ ծառայությունների ուշադությունը գրավել են հայ զինվորականները, որոնք իրենց ծառայողական կարգավիճակով հնարավորություն են ունեցել առնչվելու նման տեղեկությունների։
Հավաքագրվածները փոխանցել են ինչպես իրենց հայտնի տվյալներ, այնպես էլ լրացուցիչ տեղեկություններ, որոնք հետաքրքրել են իրենց հետ կապ հաստատած հատուկ ծառայությունների աշխատակիցներին։ Տվյալները փոխանցվել են բջջային հավելվածների օգնությամբ։
Հայաստանի ԱԱԾ-ն լրտեսական ցանցում ներգրավված ՀՀ քաղաքացիների վարքը որակում է որպես սեփական պետության նկատմամբ դավաճանական գործողություններ։
«Մեղադրանքներն անհիմն չեն»
Գերատեսչությունը հայտնում է, որ հավաքագրված սպաների ինքնությունը բացահայտվել է «լայնածավալ օպերատիվ գործողությունների շրջանակում»։ Այս զինվորականները Զինված ուժերում տարբեր պաշտոններ են զբաղեցրել և հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք ներկայացնող տեղեկությունների և փաստաթղթերի հետ: ԱԱԾ-ն վստահեցնում է, որ պարզել է փոխանցված տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը, կանխել նոր տվյալների փոխանցումը։
Հայաստանի ԱԱԾ հայտարարությունում ասվում է, որ առկա են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության բոլոր ապացույցները՝ գործակալական ցանցի կողմից տրված վճարի դիմաց։ Հայտնաբերվել են անդորրագրեր, որոնք հաստատում են արտարժույթով ստացված հոնորարը։ Ցանցը որակվում է որպես թշնամական, դրա գործունեությունը՝ ուղղված Հայաստանի «ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ»։
Հաղորդվում է, որ հետաքննության ընթացքում իրականացվել է 30 խուզարկություն, հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթեր, այդ թվում՝ բնօրինակներ, ինչպես նաև իրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն քրեական գործի համար։