Լուկաշենկոյի որդին, հնարավոր է, Թբիլիսի է ժամանել։ Թբիլիսի–Մինսկ–Թբիլիսի հատուկ չվերթի մասին
Վրաստանի լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություն է հայտնվել,
որ, հնարավոր է, Մինսկից կառավարական ինքնաթիռով գաղտնի
Թբիլիսի է բերվել Բելառուսի նախագահի որդին։
Վրացական կառավարական ինքնաթիռն օգոստոսի 16–ին
Մինսկում է եղել, այնտեղ մեկ ժամ է անցկացրել և Թբիլիսի է
վերադարձել։
Վրացական «Մտավարի» հեռուստաընկերության
տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը Վրաստան է բերել
Բելառուսի նախագահի որդի Կոլյա Լուկաշենկոյին։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է 26 տարի
շարունակ, արդեն տասն օր նրա հրաժարականն են պահանջում
հարյուր հազարավոր մարդիկ ողջ երկրում։
Վրաստանի արտգործնախարարությունը չի հաստատում այս
տեղեկություններն ու հայտարարում է, որ կառավարական
չվերթով Մինսկ է վերադարձել Բելառուսում Վրաստանի
դեսպանը, որն օգոստոսի 6–ից Թբիլիսիում էր։
«Ելնելով այն հանգամանքից, որ Բելառուսի հետ
սահմանափակ է օդային հաղորդակցությունն, իսկ
դեսպանը պետք է կարճ ժամկետներում Մինսկ մեկներ,
որոշվել է նրան ուղարկել կառավարական
ինքնաթիռով», — ասված է վրացական նախարարության
հայտարարությունում։
Վրացական իշխանությունների ինքնաթիռի Մինսկից ժամանման
մասին առաջին տեղեկությունների հայտնվելուց հետո
հաղորդագրություններ հայտնվեցին, թե Բելառուս էր մեկնել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահի վարչակազմը կտրականապես հերքեց այդ լուրը։
Բելառուսում ցույցերը սկսվել են օգոստոսի 9–ի նախագահական
ընտրություններից հետո, որում 80,2 տոկոս ձայնով հաղթել էր
Ալեքսանդր Լուկաշենկոն։
Սակայն և բնակչությունը, և միջազգային հանրությունը մեծ
մասամբ ընտրությունները կեղծված են համարում և հաղթող
անվանում Սվետլանա Տիխանովսկայային, որն անվտանգության
նկատառումներով Լիտվա է մեկնել։
Ոստիկանությունը ցույցերը ցրելիս արցունքաբեր գազ և ռետինե
փամփուշտներ է կիրառել։ Արդյունքում՝ երկու մարդ է մահացել,
տասնյակ մարդիկ տուժել են, հազարավորները՝ կալանավորվել, կտտանքների և ծեծի ենթարկվել մեկուսարաններում։