Հայաստանում շարունակվում է Արցախի հարակից շրջանները 5 մլրդ դոլարով գնելու շուրջ սկանդալը
Հայաստանում կրկին քննարկվում է Ադրբեջանի կողմից Արցախի հարակից շրջանների գնման մասին սկանդալային պատմությունը։ Այժմ էլ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե Ադրբեջանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է 5 մլրդ դոլար վճարել ԼՂ-ին հարող յոթ շրջանների համար։ Ավելի վաղ քննարկվում էր նախագահ Իլհամ Ալիևի նույնպիսի առաջարկը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։
Խոսքն այն շրջանների մասին է, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին անցել 1990-ականների սկզբին տեղի ունեցած արցախյան առաջին պատերազմի ժամանակ և որոնք «անվտանգության գոտի» էին համարվում Արցախի շուրջ։ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով՝ 2020 թ․ աշնանն այդ շրջանները վերադարձան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Վատիկանում նախկին դեսպան, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը պատմել է, թե 2018 թ․ հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իբր ծրար է փոխանցվել Ադրբեջանից Արցախի հարակից յոթ շրջանների դիմաց վճարելու առաջարկով։
Մինասյանի խոսքով՝ փակ ծրարը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը։ Եվ Վանեցյանն այն փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Իրադարձությունների անմիջական մասնակից ԱԱԾ նախկին պետը հաստատել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շփման փաստը։
Պատմության բոլոր մանրամասները։
- Հայաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ մինչև ընտրությունները
- Գերիներ էլ չկա՞ն։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ փոխանակել են «բոլորին բոլորի դիմաց»
- «Հայաստանում պատմական հողերի» մասին Ադրբեջանի գաղափարը Երևանի և Մոսկվայի քննադատությանն է արժանացել
ԱԱԾ նախկին պետի մեկնաբանությունը
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ 2018 թ-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ է հաստատվել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կանխարգելման նպատակով։ 2018 թ․ սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ասել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Դուշանբեում Իլհամ Ալիև հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Վանեցյանի՝ կապն իրականացվել է իր և ևս մեկ պետական պաշտոնյայի միջոցով․
«Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները»։
Վանեցյանը հրաժարվել է փոխանցել այդ հանդիպումների ժամանակ զրույցների բովանդակությունը, քանի որ այդ տեղեկությունները ստացել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում։
Սակայն Հայաստանի ԱԱԾ նախկին պետը պնդում է, որ ի շահ ժողովրդի՝ վարչապետ Փաշինյանը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը։
Վանեցյանն ԱԱԾ պետ էր նշանակվել 2018 թ․ մայիսին՝ «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո, որի առաջնորդն էր Փաշինյանը։ 2019 թ․ սեպտեմբերին նա ազատվեց այդ պաշտոնից վարչապետ Փաշինյանի առաջարկով։ Դրանից հետո Արթուր Վանեցյանը մտավ քաղաքական դաշտ և ստեղծեց «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը։
Այժմ այն 17 ընդդիմադիր ուժերի շարքում է, որոնք պահանջում են՝ Ադրբեջանին Արցախի տարածքներն ինքնակամ հանձնելու մասին «դավաճանական փաստաթուղթ» ստորագրած վարչապետի հրաժարականը։
Նոյեմբերի 14-ին Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով։ Սակայն հաջորդ օրը դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։
Սարգսյանին Ալիևի առաջարկի մասին
Բոլորովին վերջերս «Բաղրամյան 26» Տելեգրամ ալիքը տարածել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական զրույցի աուդիոձայնագրությունը, որը կայացել է Երևանում, 2016 թ․ հոկտեմբերի 14-ին։
Ձայնագրությունում Բելառուսի նախագահը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ է Հայաստանին հինգ միլիարդ դոլար վճարել Արցախի շուրջ յոթ շրջանների համար։ Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ պատրաստ է Ալիևին վեց միլիարդ վճարել, եթե նա հրաժարվի այդ տարածքներից։
Նախկին նախագահ Սարգսյանի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել «փակ ձևաչափով նիստին» կայացած զրույցը, սակայն ձայնագրության իսկությունը չի հերքել։