«Գահաժառանգից»՝ բանտարկյալ. Իրակլի Ղարիբաշվիլիի առճակատումը Վրաստանի իշխող կուսակցության հետ
Իրակլի Ղարիբաշվիլին ընդդեմ «Վրացական երազանքի»
Վրաստանի վարչապետի պաշտոնը երկու անգամ զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլին ներկայումս գտնվում է բանտում, որտեղից բացահայտորեն ընդդիմանում է հենց այն իշխանությանը, որը տարիներ շարունակ ներկայացրել է։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նա հրապարակել է վեց նամակ՝ մեղադրելով Վրաստանի կառավարությանը հալածանքների, շանտաժի և իր քաղաքական ապագան ոչնչացնելու փորձերի մեջ։
Սկզբում Ղարիբաշվիլին խոսում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով գործադրվող ճնշումների մասին։ Սակայն հետագայում նրա քննադատության հիմնական թիրախ դարձան գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն և կուսակցության մեկ այլ ազդեցիկ անդամ՝ Մամուկա Մդինարաձեն։
Այս առճակատումը հատկապես անսովոր է մի կուսակցության պարագայում, որը տարիներ շարունակ դրսի դիտորդների աչքին միանգամայն կուռ քաղաքական կառույց էր թվում։
Իրակլի Ղարիբաշվիլին ամենևին էլ սովորական նախկին պաշտոնյա չէ։ Մոտ երկու տասնամյակ նա եղել է Բիձինա Իվանիշվիլիի ամենամտերիմ և վստահելի գործընկերներից մեկը։ 2013 թվականին՝ վարչապետի պաշտոնից հեռանալիս, Իվանիշվիլին փաստացի իր իրավահաջորդ նշանակեց հենց 31-ամյա Ղարիբաշվիլիին։
Այժմ, սակայն, Իվանիշվիլիի նախկին հովանավորյալը և հետնորդը բանտից գրում է, որ այն համակարգը, որին ինքը ժամանակին ծառայել է, «թիկունքից հարվածել է իրեն»։
Հետևաբար, Ղարիբաշվիլիի գործն այլևս սոսկ նախկին վարչապետին առնչվող քրեական գործ չէ։ Այն բացահայտում է «Վրացական երազանքի» ներսում առկա հակամարտությունը, նաև առաջ է բերում կարևոր մի հարց. կուսակցության ներսում իշխանության նոր վերաբաշխո՞ւմ է ընթանում։

Վարչապետի աթոռից՝ բանտախուց
Իրակլի Ղարիբաշվիլիի կարիերան Բիձինա Իվանիշվիլիի հովանու ներքո սկսվել է նախքան 2012 թվականին «Վրացական երազանք»-ի իշխանության գալը։
Դեռևս 2011 թվականին Իվանիշվիլին Ղարիբաշվիլիին անվանում էր իր ամենամտերիմ խորհրդականն ու օգնականը։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի տարած հաղթանակից հետո Ղարիբաշվիլին ստանձնեց ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Մեկ տարի անց Իվանիշվիլին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ որպես իր հետնորդ նշանակելով Ղարիբաշվիլիին։
Այսպիսով, Ղարիբաշվիլին առաջին անգամ Վրաստանի կառավարությունը ղեկավարեց 2013-ից 2015 թվականներին։ 2015 թվականի վերջին նա անսպասելիորեն լքեց պաշտոնը, սակայն 2019 թվականին վերադարձավ՝ որպես պաշտպանության նախարար։ 2021 թվականին նա երկրորդ անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը։
Վարչապետի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ընթացքում Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի ամենակոշտ դիրքորոշում ունեցող անդամներից մեկն էր։ Նա հաճախ էր կոշտ բախումների մեջ հայտնվում ընդդիմության, քաղաքացիական հասարակության և արևմտյան քննադատների հետ։ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ղարիբաշվիլին ակտիվորեն կրկնում էր իշխանությունների թեզը Վրաստանում «երկրորդ ճակատի» բացման սպառնալիքի մասին և մեղադրում արևմտյան որոշ գործիչների՝ ընդդիմությանը սատարելու մեջ։
2024 թվականի հունվարին նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և նրա տեղը զբաղեցրեց Իրակլի Կոբախիձեն։ Ղարիբաշվիլին դարձավ «Վրացական երազանք»-ի նախագահ. կուսակցությունն այդ քայլը ներկայացրեց որպես ներքին ռոտացիա։
2025 թվականի ապրիլին Ղարիբաշվիլին հայտարարեց քաղաքականությունից լիովին հեռանալու մասին։
Մի քանի ամիս անց նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։
Ինչպես նախկին վարչապետը հայտնվեց բանտում
2025 թվականի հոկտեմբերին դատախազությունը Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափերով ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեղադրանք առաջադրեց։
Ըստ նախաքննության տվյալների՝ նախկին վարչապետն իր ունեցվածքի մասին հայտարարագրերում կեղծ տեղեկություններ էր ներկայացրել՝ այդպիսով փորձելով օրինական տեսք հաղորդել ապօրինի ձեռք բերված եկամուտներին։
Այդ ընթացքում Ղարիբաշվիլին նախընտրեց լռել և չդիմադրել։ 2026 թվականի հունվարի 12-ին նա ընդունեց իր մեղքը և մեղադրող կողմի հետ կնքեց գործարք։ Այդ համաձայնագրի պայմաններով՝ նա դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման և 1 միլիոն լարի (360 000 դոլար) տուգանքի։ Բացի այդ, պետությանը փոխանցվեցին նրա երկու ավտոմեքենաները և տան խուզարկության ժամանակ առգրավված 6,5 միլիոն դոլարը։
Դատարանի դահլիճում կալանավորվելուց անմիջապես հետո Ղարիբաշվիլին տեղափոխվեց Ռուսթավի քաղաքի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ։
Ավելի ուշ Ղարիբաշվիլին սակրալ իմաստ հաղորդեց այդ լռությանը։ Այժմ նա պնդում է, որ այդ ժամանակ գիտակցաբար որոշել էր չառճակատվել իշխանությունների հետ։
Իվանիշվիլիի հիշատակումը Ղարիբաշվիլիի՝ բանտից գրված նամակում
Այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն ստացավ Իվանիշվիլիի մասին Ղարիբաշվիլիի առաջին հրապարակային հիշատակումը՝ բանտից ուղարկված և 2026 թվականի օգոստոսի 17-ին հրապարակված նրա առաջին նամակում։
Ղարիբաշվիլին գրել էր, որ ստացել է Իվանիշվիլիի հանձնարարությամբ արված առաջարկ՝ խոստովանել ևս մեկ հանցանք՝ կոռուպցիոն լուրջ արարք կատարելու մասին։ Դրա դիմաց նրան խոստացել էին, որ այդ նոր մեղադրանքը չի երկարաձգի նրա հնգամյա բանտարկության ժամկետը։
Ըստ նախկին վարչապետի՝ գործարքը ենթադրում էր ևս մեկ պայման. ազատ արձակվելուց հետո նա չպետք է վերադառնար քաղաքականություն։
Ղարիբաշվիլին կարծում է, որ իշխանությունները ձգտում էին ապահովագրել իրենց՝ քաղաքական ասպարեզ նրա վերադարձի հնարավորությունից։ Նույն հայտարարության մեջ նա իր և իր ընտանիքի անվտանգության համար անձնական պատասխանատվությունը դրեց Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» ղեկավարության ուսերի վրա։
Հաջորդ նամակում Ղարիբաշվիլին կրկին հիշատակեց Իվանիշվիլիին, բայց այս անգամ բոլորովին այլ կերպ։
Նա գրեց, որ երկար ամիսներ հանդուրժել է իշխանությունների գործողությունները Բիձինա Իվանիշվիլիի հետ իր քսանամյա հարաբերությունների, հսկայական սիրո, հարգանքի, անսահման երախտագիտության և նրա հանդեպ բացարձակ նվիրվածության պատճառով։
Սրան հաջորդող բոլոր նամակներում Ղարիբաշվիլին փորձում է կոնֆլիկտի մեխը Իվանիշվիլիից աստիճանաբար տեղափոխել դեպի Կոբախիձե-Մդինարաձե տանդեմ։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Ղարիբաշվիլին խուսափում է Իվանիշվիլիի հետ վերջին կամուրջներն այրելուց և փորձում է համոզել, որ իրական խնդիրը ներկայիս վարչապետի և նրա շրջապատի մեջ է։

Ինչ փոխեցին բանտից ուղարկված նամակները
Ղարիբաշվիլին խախտեց լռությունը օգոստոսի 17-ից հետո։
Նրա հայտարարությունների արդյունքում աստիճանաբար պարզ դարձավ, թե ինչ առանցքային մեղադրանքներ է նա առաջադրում նախկին թիմակիցներին. նա պնդում է, որ իշխանությունները խաբել են իրեն, ճնշում գործադրել ընտանիքի անդամների վրա և պահանջել խոստովանել կոռուպցիոն նոր հանցագործություն՝ քաղաքականություն վերադառնալու որևէ հնարավորություն ոչնչացնելու վերջնական նպատակով։
Ղարիբաշվիլին նաև հայտնեց, որ նույնիսկ ակնարկ է եղել, թե կարող են ձերբակալել իր 75-ամյա հորը։
Մամուկա Մդինարաձեն հերքեց այդ մեղադրանքը։
Սակայն հետագա իրադարձություններն ավելի հիմնավոր դարձրին Ղարիբաշվիլիի պնդումները։
Օգոստոսի 24-ին դատախազությունը նրա դեմ իսկապես նոր մեղադրանք առաջադրեց։
Այս գործը վերաբերում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն։ Այս հանցանքի ապացուցվելու դեպքում նախատեսվում է 11-ից 15 տարվա ազատազրկում։
Ըստ մեղադրող կողմի՝ Ղարիբաշվիլին 750 000 լարի (275 735 դոլար) է ստացել Պաշտպանության նախարարությունում գործող գնումների գաղտնի սխեմայի միջոցով։ Հետաքննությունը մեծապես հիմնվում է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և նրա մերձավոր Վասիլ Մխեիձեի ցուցմունքների վրա։
Ղարիբաշվիլին այս գործով իրեն մեղավոր չի ճանաչում։
Նախկին վարչապետը պնդում է, որ իրավական այս գործընթացներն օգտագործվում են որպես իր վրա քաղաքական ճնշման գործիք։
Ինչո՞ւ Ղարիբաշվիլին խնդիր դարձավ Կոբախիձեի համար
Ղարիբաշվիլիի նամակները հարց են բարձրացրել այն մասին, թե որքանով է նախկին վարչապետը պահպանում քաղաքական ազդեցությունը՝ գտնվելով կալանքի տակ։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նա դեռևս աջակիցներ ունի «Վրացական երազանք» կուսակցության ներսում, և իշխանությունների կոշտ արձագանքը նրա նամակներին վկայում է նրա՝ քաղաքական առումով դեռևս կարևոր դերակատար լինելու մասին։
Ըստ քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլիի՝ Ղարիբաշվիլին հասկացել է, որ «Վրացական երազանքի» ներսում իր հանդեպ ավելի մեծ համակրանք կա, քան Կոբախիձեի, և հենց դա էլ դրդել է նրան շարունակել դիմադրությունը։
Կոբախիձեն, իր հերթին, փորձագետի կարծիքով, հասկացել է, որ «նույնիսկ բանտում գտնվող Ղարիբաշվիլին իրենից ավելի ուժեղ է»։
Այս գնահատականի հնարավոր բացատրություններից մեկը կայանում է այդ երկու գործիչների քաղաքական անցյալի տարբերության մեջ։
Ղարիբաշվիլին պատկանում է իշխող կուսակցության առաջին սերնդին և «Վրացական երազանքի» հետ է եղել դրա հիմնադրման պահից ի վեր։ Նա եղել է Իվանիշվիլիի մերձավոր շրջապատի անդամ և տարիների ընթացքում ամուր քաղաքական կապեր է հաստատել՝ հատկապես մարզերում։
Իսկ Կոբախիձեն շատ ավելի մեծ չափով է կախված կուսակցական ապարատից և Իվանիշվիլիի անմիջական աջակցությունից։
Վերլուծաբան Իրակլի Մելաշվիլին Ղարիբաշվիլիին դիտարկում է որպես «խորհրդանշական կերպար» «հին Երազանքի» աջակիցների համար։ Նա նշում է, որ նախկին վարչապետը հատկապես մտերիմ է եղել ընտրազանգվածի պահպանողական և ռուսամետ հատվածի հետ։
Միևնույն ժամանակ, Մելաշվիլին մատնանշում է մի էական հակասություն. Ղարիբաշվիլին այժմ դարձել է թիրախ հենց այն համակարգի համար, որի կառուցմանն ու ղեկավարմանը ինքը մասնակցել է երկար տարիներ։
Հենց այդ պատճառով էլ նրա դիմադրությունը չի կարող ինքնաբերաբար վերածվել ժողովրդավարության համար մղվող պայքարի։
«Սա պայքար է սեփական փրկության, այլ ոչ թե հանրային բարօրության համար»,- պնդում է Մելաշվիլին։

Վեցերորդ նամակը՝ բացահայտ առճակատում իշխանությունների հետ
Սեպտեմբերի 8-ին Ղարիբաշվիլին հրապարակեց իր վեցերորդ նամակը։
Նա իշխանությունների արձագանքը որակեց որպես «ծիծաղելի, զզվելի և ողբերգական ֆարս»։ Ղարիբաշվիլին նաև հեգնանքով արձագանքեց իշխանամետ լրատվամիջոցների այն մեղադրանքներին, թե ինքը գործում է «խորքային պետության» կամ Ֆրանսիայի շահերից ելնելով։
«Բարեբախտաբար, ես այլ օտար լեզուների չեմ տիրապետում, այլապես, հավանաբար, ինձ կպիտակավորեին և որպես այլ երկրների գործակալ», — գրել է նա։
Այնուհետև նա ուղղակիորեն դիմեց իշխանություններին. «Դադարեցրե՛ք իմ դեմ ուղղված այս կեղտոտ քաղաքական խաղերը»։
Ղարիբաշվիլին հայտարարում է, որ ինքը չի ծառայում ո՛չ Արևմուտքին, ո՛չ Արևելքին, ո՛չ Հյուսիսին և ո՛չ էլ Հարավին, և որ իր միակ նպատակը Վրաստանին ծառայելն է եղել։
Նա դիմել է նաև խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին. «Շալվա՛, սա իրավական գործընթաց չէ, սա անողոք քաղաքական հետապնդում է»։
Նամակն ավարտվում է մի ուղերձով, որը նախկին վարչապետը բազմիցս հնչեցրել է վերջին շաբաթների ընթացքում.
«Ես ոչ մեկի դեմ չեմ պայքարում. դուք թիկունքից հարվածեցիք ինձ… Եվ այժմ ես ստիպված եմ պաշտպանել ինքս ինձ և իմ ընտանիքին այս անարդարությունից ու դաժանությունից»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Իրակլի Ղարիբաշվիլին ընդդեմ «Վրացական երազանքի»