Հուլիսի 6-ին պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդել է, որ կորոնավիրուսի տարածման ցուցանիշը Հայաստանում մնում է նույնը՝ թեստերի շուրջ 30 տոկոսը դրական արդյունք է տալիս․
«Լավ է, որ տոկոսային ցուցանիշը կայուն է, բայց վատ է, որ բացարձակ թվերը մնում են բարձր»։
Նախարարի խոսքով, հուլիսի 6-ի դրությամբ առողջապահության համակարգն ապահովված է 2660 մահճակալով, որոնցից 2300-ը սովորական են, մոտ 300-ը՝ վերակենդանացման: Կայուն պահպանվում է նաև ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, խոսքը 650 մարդու մասին է, որոնցից 47-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերին։
Արսեն Թորսյանը հայտնեց նաև, որ այս պահին չկան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնք դուրս են մնում բժշկական հաստատություններից։ Ընդհանուր առմամբ, նա գնհատում է իրավիճակը դժվար, բայց կայուն։
Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում այլևս, ի վիճակի չի թեկուզ այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմի և ընդհակառակը՝ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել այս իրավիճակը հաղթահարելու համար»։
Վարչապետը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը ստիպված կլինի չորրորդ անգամ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը։