Երևանում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները։ Տեսանյութեր, լուսանկարներ
ԵՔՀ գագաթնաժողովի նախօրեին. հյուրերի ժամանում
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բարձրաստիճան մասնակիցներին տեղափոխող ինքնաթիռները գրեթե յուրաքանչյուր կես ժամը մեկ վայրէջք են կատարում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
ԵՀՔ 8-րդ գագաթնաժողովը կմեկնարկի երկուշաբթի՝ մայիսի 4-ին։ Ակնկալվում է մինչև 50 պատվիրակությունների մասնակցություն, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների։
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ։ Այն միջկառավարական կազմակերպություն է, որը նախատեսված է «Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար»։ Համայնքի մաս են ԵՄ անդամ 27 երկիր, Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ չհանդիսացող ևս 19 երկրներ:
«Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և գործընկերների ընտրության հարցում Հայաստանի ինքնիշխան իրավունքի նկատմամբ հստակ հարգանքի վրա։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ օգնելով ամրապնդել անվտանգությունը, բարեկեցությունը և կայունությունը, որը Հայաստանի ժողովրդի համար կապահովի իրական արդյունքներ»,- գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Ովքեր են հասցրել ժամանել Երևան, ինչ հանդիպումներ են արդեն տեղի ունեցել կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

- Սպասելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ի՞նչ կտա Հայաստանին
- Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի․ ի՞նչ է հայտնի
- «Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել
Ո՞վ է արդեն ժամանել Երևան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն Երևանում է։ Մինչև վերջին պահը պարզ չէր՝ կժամանի՞ Ուկրաինայի նախագահը Հայաստան, թե՞ ոչ։ Մինչ այս Հայաստանի ռուսամետ ընդդիմությունը իշխանություններին զգուշացնում էր Հայաստանի համար «բացասական հետևանքների» մասին։ Հարցին, թե արդյո՞ք Զելենսկին հրավիրվել է և արդյո՞ք կարելի է ակնկալել նրա մասնակցությունը գագաթնաժողովին, ՀՀ վարչապետը իր վերջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ սպասում է Ուկրաինայի նախագահին, հրավերներն էլ ուղարկվել ԵՔՀ անդամ բոլոր երկրներին։
Հրապարակման պահին Երևան էին ժամանել նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Ի դեպ, նա առաջին ոչ եվրոպացի առաջնորդն է, որը կմասնակցի գագաթաժողովին որպես հյուր՝ եվրոպական այս ձևաչափի հիմնադրվելուց ի վեր։

Արդեն Հայաստանի մայրաքաղաքում են Մոլդովայի, Հունաստանի, Ռումինիայի, Չեռնոգորիայի նախագահները, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Ֆինլանդիայի, Սերբիայի, Չեխիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Բելգիայի, Կոսովոյի, Վրաստանի, Անդորրայի, Իռլանդիայի վարչապետները, ԵԱ,ՀԿ գլխավոր քարտուղարը և Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը։
Երեկոյան ժամանեց նաև Եվրոպական Միության պատվիրակությունը։ Դրա կազմում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Հայտնի է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի մասնակցի երևանյան գագաթնաժողովին։ Գերմանիան կներկայացնի Ֆրանսիայի նախագահը։
Հանդիպումներ կառավարությունում և փաստաթղթերի ստորագրում
Հյուրերից մի քանիսն արդեն հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ։ Նրանց թվում են Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն նույնպես հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում հատկապես շեշտվել է Հայաստանի համար կարողությունների զարգացման ծրագրերի և հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծերի կարևորությունը։ Սինիրլիօղլուն ընդգծել է Հայաստանում նկատվող կայունությունն ու առաջընթացը, նշել գագաթնաժողովի նկատմամբ միջազգային բարձր հետաքրքրությունը։

Իսկ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան և Հայաստանի վարչապետը հասցրել են այսօր ստորագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։
Փաշինյանը նաև հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Գրեթե մեկ տասնամյակ այս մակարդակի այց Հայաստան Կանադայի ղեկավարները չէին կատարել։

Ֆրանսիայի նախագահի այցը չի սահմանափակվի գագաթնաժողովին մասնակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է ոչ միայն Եվրոպական քաղաքականության համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Սա Մակրոնի առաջին պետական այցն է Հայաստան։ Եվ ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այցը կլինի «կարևոր հանգրվան՝ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ռազմավարական բնույթը փաստաթղթային հիմքով ամրագրելու տեսանկյունից»։ Կստորագրվի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Հայ փորձագետները նշում են, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները վաղուց են համապատասխանում այս նշաձողին։
Իր այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Գյումրի։ Այստեղ նա կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» համերգին։

Ի՞նչ են քննարկելու գագաթնաժողովի մասնակիցները
Եվրոպական քաղաքական համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երևանյան քննարկումները կենտրոնանալու են ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի զարգացման, տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա, անդրադարձ է արվելու նաև տարածաշրջանային մարտահրավերներին։
«Մասնակիցները կփոխանակեն մտքեր այն մասին, թե սերտ համագործակցությունն ու համակարգված գործողություններն ինչպես կարող են նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը»,- ասված է ԵՔՀ պաշտոնական կայքէջում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից տեղեկանում ենք, որ քննարկվելու են «կենսական թեմաներ»՝ սկսած հիբրիդային սպառնալիքներից և ժողովրդավարական դիմադրողականությունից մինչև կապակցվածություն և էներգիա։ Փաշինյանը շեշտել է՝ ՀՀ համար պատիվ է հյուրընկալել գագանթաժողովն ու «ակտիվ դեր խաղալ Եվրոպայի ապագայի ձևավորման գործում»․
«Հայաստանի համար այս գագաթնաժողովը ոչ միայն եվրոպացի գործընկերների հետ փոխգործակցության կարևորագույն հանգրվան է, այլև հնարավորություն՝ վերահաստատելու մեր ամուր և անսասան հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը»։
Հյուրերը թանգարաններ են այցելում և զբոսնում են Երևանով
Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ծիխեռնակաբերդում էր նաև Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։

Կանադական պատվիրակությունը և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը ևս այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Հայ լրագրողները նկատել եմ Անիտա Անանդին նաև Երևանի կենտրոնում զբոսնելիս։
Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, բուլղարական պատվիրակության անդամների հետ այցելել է երևանյան դպրոցը, որը կրում է բուլղարացի հայտնի բանաստեղծ Պեյո Յավորովի անունը։

Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵՔՀ գագաթնաժողովի նախօրեին. հյուրերի ժամանում