ԵՄ-ն մերժել է Մոլդովային գումար տրամադրել արդարադատության բարեփոխման համար պայմանները չկատարելու պատճառով
Ziarul de Gardă—ի նյութերի հիման վրա
Եվրամիությունը մերժել է Մոլդովային 28մլն եվրո տրամադրել արդարադատության բարեփոխման ծրագրի շրջանակում: Այդ որոշման պատճառն այն է եղել, որ Քիշնևը չի կատարել օգնության տրամադրման պայմանները:
Այդ գումարը չի փոխանցվելու Մոլդովայի պետբյուջե և մնալու է ԵՄ-ում:
«ԵՄ-ն ուշադիր հետևել է բարեփոխումների ընթացքին և նշել, որ մոլդովական իշխանությունները 2014-2015թթ-ի ընթացքում բավականաչափ նվիրվածություն չեն ցուցաբերել արդարադատության ոլորտի բարեփոխմանը: Միջոցների և աշխատակազմի ոչ բավարար բաշխման պայմաններում անհրաժեշտ բարեփոխումները չեն իրականացվել: Արդյունքում՝ գրանցված առաջընթացը բավարար չէ», – ասված է Մոլդովայում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում:
Մոլդովայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Փիթեր Միխալկոյի խոսքով՝ «ԵՄ-ը շարունակում է մոլդովացիներին աջակցել ավելի լավ ապագա ունենալու նրանց մղումներում: Այժմ մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք օգնել քաղաքացիներին մոտակա տարիներին: Մենք ուզում ենք առաջնահերթությունը տալ այն նախագծերին, որոնք անմիջականորեն բարելավում են մոլդովացիների կյանքը»:
Ներկա պահին ԵՄ-ը կրճատել է Մոլդովայի բյուջեին աջակցությունը նաև 4 այլ ոլորտներում: Դեռևս հայտնի չէ, թե երբ է ֆինանսավորումը վերականգնվելու:
Արդարադատության ոլորտի բարեփոխմանն ուղղված օգնության կասեցման մասին ԵՄ որոշման հետ կապված՝ պետական բյուջեում մոտ 30 մլն եվրո պակասուրդ է առաջացել: Այդ մասին Ziarul de Gardă-ին ասել է Մոլդովայի Իրավական ռեսուրսների կենտրոնի նախագահ Վլադիսլավ Գրիբինչան: Նրա խոսքով՝ այդ միջոցներն, ըստ էության, արդեն ծախսվել են Քիշնևի իշխանությունների կողմից, և ԵՄ-ը միայն պատրաստվում էր փոխհատուցել այդ փողերը:
Վլադիսլավ Գրիբինչան բացատրում է, որ Արդարադատության բարեփոխումներին հատկացվելիք ֆինանսական օգնության հերթական երկու տրանշը ԵՄ-ը պետք է տրամադրեր այս գարնանը բարեփոխումների գնահատականների հիման վրա:
«Այն փաստը, որ մենք չենք ստացել այդ փոխանցումներից ոչ մեկը, թվում է, վկայում է այն մասին, որ դատական բարեփոխման ազդեցությունը բավարար չէր՝ չնայած նրան, որ օրենսդրական միջոցներ էին ձեռնարկվել: Մարդիկ ոչ մի փոփոխություն չեն զգում», – հավելել է փորձագետը: