«Թափանցիկ, մրցակցային, բայց նաև մտահոգիչ»․ ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում կայացած ընտրությունների մասին
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ ընտրությունների մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակությունը հրապարակել է զեկույց Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Ընտրությունները եղել են մրցակցային, և քաղաքացիներն ունեցել են իրական հնարավորություն՝ ընտրություն կատարելու տարբեր քաղաքական ուժերի և այլընտրանքների միջև»,- ասված է զեկույցում։
Բացի այդ, դիտորդները փաստել են, որ գործընթացն անցել է կազմակերպված, թափանցիկ և առանց լուրջ միջադեպերի:
Փաստաթղթում արձանագրված են նաև մի շարք առանցքային խնդիրներ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հետընտրական հիմնական վեճը վերաբերում էր ԿԸՀ-ի կողմից 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուն։ Ասվում է, որ եթե մասնակցության այդ ցուցանիշները ներառվեին, «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարանական 4% շեմը՝ ստանալով մանդատներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հայտարարել էր, որ վերոնշյալ տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա, կայացրել էր կրկնաքվեարկություն չնշանակելու որոշում։ ԵԽԽՎ զեկույցում հանձնաժողովի հիմնավորումը գնահատվել է «անբավարար՝ հաշվի առնելով դրա [որոշման] ազդեցության նշանակությունը»։
«Համապատասխան տեղամասերում նոր քվեարկության անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ։ Այն մերժվել է ԿԸՀ կողմից՝ առանց իրական բացատրության։ Նման նշանակալից որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառների վրա։ Ավա՜ղ, դա տեղի չի ունեցել»,- ԵԽԽՎ նիստում հայտարարել է Շվեյցարիայի պատվիրակ, զեկույցի հեղինակներից Դամիեն Կոտիեն:
ՀՀ իշխող և ընդդիմադիր գործիչներն անդրադարձել են զեկույցին, սակայն դա արել են ընտրողաբար՝ մեջբերելով փաստաթղթի միայն այն հատվածները, որոնք ձեռնտու են իրենց քաղաքական ուժերին։
«Քաղաքական դերակատարները հաճախ են այսպիսի քայլերի դիմում։ Անգլերենում սա հայտնի է որպես cherry picking․ քաղաքական գործիչներն ընտրում ու ներկայացնում են իրենց միայն դրական լույսի ներքո ներկայացնող արդյունքները՝ անտեսելով կամ լռելով վատ արդյունքների մասին»,- ընդգծել է հայկական Factor TV-ն։
Զեկույցի կարևոր դրվագները, քաղաքական գործիչների արձանագրումները և ոչ միայն
- Գարեգին Բ-ի հեռացումը՝ ճգնաժամի հաղթահարման ուղի․ աղմկահարույց զեկույց ՀՀ-ում
- Ճգնաժամ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. ներքին և արտաքին գործոնները
- «TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի»․ ԱՄՆ-ում քննարկվել է կապակցվածության օրակարգը
- «Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի»․ Փաշինյան
Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել
«Ռուսաստանի Դաշնության միջամտությունն ու օտարերկրյա տեղեկատվական գործողությունները Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում հասել են աննախադեպ մասշտաբի»,- նշվում է զեկույցում։
Դիտորդական պատվիրակության փոխանցմամբ՝ ՌԴ-ն տնտեսական սահմանափակումներ ու կոշտ դիվանագիտական հռետորաբանություն է օգտագործել՝ ընտրությունների արդյունքն ընդդիմության կամ հակակառավարական ուժերի օգտին ուղղորդելու նպատակով։
ԵԽԽՎ զեկույցում մատնանշված են մի շարք խնդիրներ, այդ թվում՝
- վարչական ռեսուրսների համատարած չարաշահումը,
- հանրային հեռուստաընկերության և առանցքային լրատվամիջոցների կողմնակալությունը,
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտրելու հնարավորությունից զրկելը, մասնավորապես՝ բյուրոկրատական պատճառներով ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգումը,
- աննախադեպ արտաքին միջամտությունն ու աշխարհաքաղաքական ճնշումները։
ԵԽԽՎ-ն Հայաստանին առաջարկներ է արել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ-ին «Ընտրական օրենսգրքի» փոփոխության առաջարկ է արել։
«Պետք է հստակ ամրագրվի նոր քվեարկություն [կրկնաքվեարկություն] անցկացնելու պարտադիր պահանջը, եթե հարցի տակ է դրվում քաղաքական ուժի հիմնարար ներկայացվածությունը, ինչպես նաև սահմանվեն դրա համար անհրաժեշտ հստակ շեմեր և ընթացակարգեր»։
Դիտորդական պատվիրակությունը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ձեռնարկել նաև հետևյալ քայլերը՝
- ամրապնդել ընտրական գործընթացի և ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, մասնավորապես՝ ուժեղացնել Ռուսաստանի տեղեկատվական գործողություններն ու տնտեսական ճնշման գործիքները բացահայտելու և դրանց արձագանքելու ազգային կարողությունները,
- ընդլայնել ընտրական վեճերով դատարան դիմելու իրավունք ունեցողների շրջանակը, երկարացնել բողոքարկման ժամկետները և խախտումները շտկելու ավելի ճկուն միջոցներ նախատեսել,
- ամրապնդել ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման անկախությունը,
- ամբողջությամբ կարգավորել վարչական ռեսուրսի օգտագործումը և արդյունավետ պատժել դրա ցանկացած չարաշահում,
- դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումները և ընտրություններին առնչվող դատավարություններում երաշխավորել պատշաճ դատավարության բոլոր պահանջները,
- երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների իրավունքը,
- պարզեցնել տեղահանված և խոցելի ընտրողների փաստաթղթավորման պայմանները, արագացնել քաղաքացիության ու հաշվառման գործընթացները։
Վեհաժողովից հայտարարել են, որ պատրաստ են ՀՀ իշխանությունների հետ աշխատել արձանագրված խնդիրների լուծման և ժողովրդավարության եվրոպական չափանիշների կիրառումն ամրապնդելու ուղղությամբ։
Իշխանական և ընդդիմադիր գործիչները՝ զեկույցի մասին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը կարևորել է այն հանգամանքը, որ զեկույցի համաձայն՝ ընտրությունները «բազմազան էին և լավ կազմակերպված»: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ՝
- ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև,
- դիտարկված ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրական գործընթացն արժանացել է դրական գնահատականի։
Կոնջորյանի փոխանցմամբ՝ նշվում է նաև, որ ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում: Դիտորդները, «աննախադեպ և մտահոգիչ» են որակել Հայաստանի հանդեպ արտաքին միջամտության մասշտաբները։
ԱԺ փոխնախագահի ասում է՝ փաստաթղթում շեշտվում է, որ քարոզարշավի ընթացքում արտերկրից առևտրային սահմանափակումներն ու անվտանգության սպառնալիքների ուղղակի ճնշումներն ունեցել են մեկ նպատակ՝ ազդել ընտրողների վրա, որպեսզի քվեարկեն ընդդիմադիր ուժերի օգտին:
«Ըստ զեկույցի՝ ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։ ԵԽԽՎ զեկույցն արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»,- ամփոփել է Կոնջորյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել է զեկույցի այլ հատվածներ՝ մատնանշելով արձանագրված խնդիրները։
«Ապօրինի կալանքների մասին
Խուզարկությունների և ձերբակալությունների զգալի աճ է գրանցվել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների և թեկնածուների նկատմամբ։
Դիտորդական առաքելությունն ընդգծել է, որ այս միջոցները ստեղծել են Ընտրողական արդարադատություն և էականորեն կաշկանդող ազդեցություն (chilling effect) են ունեցել ընդդիմության նախընտրական արշավի ջանքերի վրա։
Վարչական լծակների մասին
Իշխող կուսակցությունն օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները, հանրային ենթակառուցվածքները և վարչական լծակները՝ իր քարոզարշավին սատարելու համար։ Սա զգալիորեն խեղաթյուրել է քարոզարշավի միջավայրը՝ թույլ չտալով ընդդիմադիր ուժերին մրցել հավասար պայմաններում։
Ընտրակաշառքների մասին
Մինչ իրավապահ մարմիններն արագորեն աղմկահարույց հետաքննություններ են սկսել ընդդիմադիր ֆրակցիաների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու և քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ, իշխող կուսակցության ներկայացուցիչների դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներն ու բողոքները արժանացել են զգալիորեն պակաս խիստ կամ հապաղած քննության։
Ձայնագողության մասին
«Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4% շեմը, ստանալ մանդատներ և իշխող կուսակցությանը զրկել 3/5 մեծամասնությունից»։
«Միակողմանի մոտեցում»․ Factor TV-ի գնահատականը
Հայկական Factor TV-ն ուսումնասիրել է զեկույցը, ինչպես նաև պատգամավորների անդրադարձները։
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ Կոնջորյանը և Կարապետյանը ներկայացրել են նույն փաստաթղթի տրամագծորեն հակառակ պատկերներ, մասնավորապես՝
- իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր գրառման մեջ ամբողջությամբ շրջանցել է զեկույցի այն հատվածները, որոնք սուր քննադատության են ենթարկում իշխանություններին, արձանագրում են վարչական ռեսուրսի չարաշահումներն ու ընտրական գործընթացի էական թերությունները,
- ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանն առանձնացրել է միայն իշխանությունների դեմ ուղղված մեղադրանքներն ու ընտրական խախտումները՝ անտեսելով ընտրությունների լեգիտիմությունն ու միջազգային ճնշումները հաստատող հատվածները:
Factor TV-ն ընդգծել է՝ ոչ՛ Կոնջորյանի, ո՛չ էլ Կարապետյանի գրառումները լիարժեք չեն ներկայացնում զեկույցի իրական բովանդակությունը․
«Երկու կողմն էլ ներկայացնում են ճշմարտության միայն այն կեսը, որն իրենց ձեռնտու է։ Բայց նույնիսկ երկուսի համադրությունը ցույց չի տալիս ընդհանուր պատկերը։ Օրինակ՝ զեկույցում կան նաև այնպիսի պնդումներ, որոնք գործնականում քննադատում են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը»։
Լրատվամիջոցը մեջբերել է զեկույցի այդպիսի հատվածներից մեկը։
«Հասարակական համատարած բևեռացվածությունը և զանգվածային բողոքի ակցիաները ձևավորել էին ներքաղաքական լարված մթնոլորտ: Տարիներ տևած առճակատումը և ընթացող իրավական ու կազմակերպչական բարեփոխումները թուլացրել էին վստահությունը կառույցների և ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ»,- ասված է փաստաթղթում։
Factor TV-ն եզրակացրել է՝ կողմերից յուրաքանչյուրն ուշադրությունը հրավիրել է քաղաքական հակառակորդին թիրախավորող կետերի վրա՝ միաժամանակ լռելով իր քաղաքական ուժին թիրախավորող կետերի մասին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ ընտրությունների մասին