«Ծնկաչոք չենք, պայքարում ենք հանուն արդարության». Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից
Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից
«Ի՞նչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք»,- Բաքվի բանտից հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Բաբայանն ընտանիքի միջոցով ԶԼՄ-ներին է փոխանցել ձայնագրություն, որում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը։ Երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել կայացված վճիռները։
Ինքը՝ Բաբայանը, դեռևս 2026 թ․-ի փետրվարին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ասում է՝ պետք էր անցնել նաև այս «ֆորմալ փուլը», որպեսզի հետագայում հնարավոր լինի դա օգտագործել միջազգային դատարան դիմելու համար։
«Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի [Բաքվի դատարանի] պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որ գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է, որևէ ապացույց չկա։ Իսկապես դա այդպես է»,- հայտարարել է նա։
Նախկին պաշտոնյան պատմել է դատավարական ընթացքի և կեղծ մեղադրանքների մասին, նշել նաև, որ ունի առողջական լուրջ խնդիրներ։
Շեշտել է՝ պայքարում են «այս չար աշխարհում արդարության և ազատության, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում»։
«Մի բան է պայքարել, կանգնել ի պաշտպանություն արդարության, մեկ այլ բան է նստել դրա համար, բայց իմացեք՝ չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք»,- ամփոփել է Բաբայանը։
2026 թ․-ի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները։ ԼՂ-ի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին ադրբեջանական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն և Բակո Սահակյանը ազատազրկվել էին 20 տարով․ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։
ԼՂ-ի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Դավիթ Բաբայանի հայտարարությունները՝ ստորև
- ԵՄ տարեկան զեկույցը. մարդու հիմնարար ազատությունների «լուրջ սահմանափակումներ» Ադրբեջանում
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
- «ՄԻԵԴ-ի վճիռը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «հայրենական» պատերազմի լեգիտիմությունը»․ կարծիքներ
Ստեր և կեղծիքներ՝ ապացույցների փոխարեն
«Բավականին հատկանշական է, որ ապացույցների փոխարեն օգտագործում են փոխարինիչներ՝ ստեր, կեղծիքներ, կենացներ, քաղաքական տարբեր մոտեցումներ, կարգախոսներ և այլն։
Մատնանշել ենք, որ իրավական համակարգը, դատարանը չի կարող լինել սննդի արդյունաբերություն կամ քիմիական, որտեղ փոխարինիչներ պետք է օգտագործվեն։
Փաստերին և ապացույցներին փոխարինող որևէ բան չկա։
Իսկ այս դատարանում այդպես է, և ընդհանրապես մեր նկատմամբ իրենց մոտեցումները։
Ավելին, այդ կեղծիքները, ստերը զետեղվում են նաև իրենց արխիվներում։ Երբեմն մենք փորձել ենք տեսնել գրառումները, թե այս ամենն ինչպես է արձանագրված իրենց փաստաթղթերում, տեսել ենք, որ մեր ասածներն ընդհանրապես չեն էլ ներառում, կամ լավագույն դեպքում ներառում են խիստ կրճատված կամ աղավաղված։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական ապարտեիդ»։
Իրեն վերագրվող հին ու նոր մեղադրանքների մասին
«Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրվում, որ անհնար է ուղղակի պատկերացնել։ Օրինակ՝ մեկի կողմից կատարված հանցագործությունը ավտոմատ բոլորին է վերագրվում։
Ինձ վրա ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում առաջին ատյանի ամբողջ դատավարության ժամանակ։ Ես դա տեսա, երբ դատավարության ավարտից մեկ շաբաթ հետո մեզ տվեցին կրճատ գրություն։ Սա անթույլատրելի երևույթ է։
Ես խնդրեցի, որպեսզի նայեն մեր ելույթները, թե՛ առաջին ատյանի դատարանում վերջին խոսքը, թե՛ այս դատավարության հիմնական ելույթները, տեսատարբերակով փոխանցեն իրենց ՄԻՊ–ին, բայց մերժեցին։
Ասում են, որ բաց դատավարություն է, բայց մերժվում է նույնիսկ իրենց մարդու իրավունքների պաշտպանին այդ ամենը տրամադրել։
Հետաքրքիր երևույթներից մեկն այն է, որ 5-6 պաշտպան է փոխվել այս ընթացքում։ Մեկը փոխվել է հենց Վերաքննիչ դատարանում՝ քննության մեկնարկին։ Ես փորձել եմ իմանալ՝ ի՞նչն է պատճառը, ասել են առողջականը։ Դատի ժամանակ ասել եմ՝ տեսազանգով կապվեք հետները, ուզում եմ անձամբ տեղեկանալ՝ ինչպես են։ Իրենք, իհարկե, խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա։
Ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի՝ ես փորձում էի բռնի կերպով զավթել այստեղի [Ադրբեջանի] իշխանությունը, սահմանադրությունը տապալել և այլն։
Ես հարց եմ տվել՝ արդյո՞ք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ, մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքարին։ Եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ։ Իհարկե, որևէ պատասխան չկա։
Դատարանում բոլոր մեր բողոքները, 100%-ով բավարարվել են հօգուտ մեղադրող կողմի։ Առաջին ատյանի դատարանում 99.4%–ն էր բավարարվել հօգուտ մեղադրող կողմի։
Ես շնորհակալություն եմ հայտնել նման որակի և քանակի սխալների համար, որովհետև սա մեզ համար շատ կարևոր է, կնպաստի նաև արդարության վերականգնմանը, քանի որ միջազգային դատարանում այս ամենը մենք կներկայացնենք»։
Հատուկ ավտոբուսներով մարդկանց բերում էին նիստերի
«Վերաքննիչ դատարանում գործընթացին քաղաքացիներ չէին մասնակցում, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մոտ 200-300 հոգի ամեն անգամ ներկա էին։
Իհարկե, նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին բերվում, հատուկ ավտոբուսներով։ Մենք տեսնում էինք դա։
Բացի դրանից, որոշ տվյալներով՝ նրանց նաև լավ վարձատրում էին, բայց այս անգամ չկար ոչ մեկը։
Պատճառներից մեկն այն է, որ այդ մարդիկ տեսնում էին՝ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում էին իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը, մեր համառությունը, այդ ինքնապաշտպանության որակը։ Բնական է՝ այդ ամենը ուզած–չուզած ներթափանցում էր նաև իրենց հասարակություն։ Հետևաբար, արգելեցին այդ մարդկանց մասնակցությունը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից