Բաքվի ծովափնյա բուլվարում ինտերնետն անվճար է դարձել
Կիսվել
Կիսվել
Բաքվի Ծովամերձ ազգային պարկի տարածքում մարտի 18-ին «Հանրային համացանց» ցանցի բացումը տեղի ունեցավ: Այսուհետ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են անվճար օգտվել համացանցից Բաքվի բուլվարի և Պետական դրոշի հրապարակի տարածքներում: Նախագիծն իրականացվել է «Բաքվի հեռախոսակապ» արտադրական միավորման կողմից, ասված է տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կայքում:
Այդ տարածքում անլար Wi-Fi կապի հասանելիության 122 կետ է տեղակայվել, ինչը թույլ է տալիս միաժամանակ մոտ 8 հազար օգտատեր սպասարկել: Մոտ ժամանակներս «Հանրային համացանցը» կտարածվի նաև Ծովամերձ ազգային պարկի «Սպիտակ քաղաքում»:
Անվճար համացանցով ապահովված է նաև «Իչերիշեհեր» պետական ճարտարապետական արգելոցի տարածքը, որտեղ գործարկվել է 33 կետ, որը թույլ է տալիս սպասարկել երկու հազարից ավել միացում:
Ճարտարապետական հուշարձանների տեղակայման տարածքների դիզայնը չխախտելու համար աշխատանքը զգուշորեն է կատարվել, մասնագետների վերահսկողության տակ, ասված է նախարարության հաղորդագրությունում:
Մինչև տարվա վերջ պլանավորվում է անվճար ինտերնետ քաշել մի շարք այգիների տարածքներում: Մասնավորապես, համապատասխան աշխատանքներ կիրականացվեն Հեյդար Ալիևի կենտրոն այգում:
Ադրբեջանում համացանցի զարգացումը սկսվել է 1993թ-ին: Առաջին ադրբեջանական կայքերը ստեղծվել են 1994թ-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, իսկ առաջին պետական ինտերնետ-աղբյուրը եղել է Ադրբեջանի նախագահի կայքը, որը ստեղծվել է 1997թ-ին:
Այսօրվա դրությամբ երկրում մոտ 40 ինտերնետ-պրովայդեր կա, որոնցից միայն երեքն են պետական: Միջազգային թրաֆիկը երկրում ապահովվում է 2 մասնավոր ընկերությունների կողմից (Delta Telekom և Azertelekom), ինչն ինտերնետ-փրովայդերների ընտրության այլընտրանքային հնարավորություն է ստեղծում:
Բջջային կապի բոլոր 3 օպերատորները, որոնք գործում են երկրում, իրենց բաժանորդներին համացանցի բարձր արագություն են ապահովում և 3G ձևաչափի ծառայություններ մատուցում: