Արյան մեջ արճճի բարձր մակարդակ՝ Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությանը մասնակցած երեխաների 41%-ի մոտ
Վրաստանում 2018թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ իրականացվող խոշոր հետազոտությանը մասնակցած երեխաների 41%-ի արյան մեջ հայտնաբերվել է արճճի բարձր մակարդակ: Տվյալները հրապարակված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում:
Չնայած գոյություն չունի բոլորի համար միասնական թիվ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որպես նորմա սահմանել է 100 մկգ արյան մեջ 5մկգ արճճի առկայությունը:
•Վրաստան. «Այն, որ այսօր ավելի շատ երեխաներ չեն մահանում, պատահականություն է
•Վրաստանում երեխաների պաշտամունքը միֆի վերածող վեց փաստ
Վրաստանում հետազոտվել է 2-7 տարեկան 1,578 երեխա, ընտրանքը եղել է պատահականության սկզբունքով: Արդյունքները հետևյալն են.
•երեխաների 25 տոկոսի մոտ արյան մեջ արճճի պարունակությունը 5-10 մկգ է,
•երեխաների 16 տոկոսի մոտ՝ 10մկգ կամ ավելի (100 մկգ արյան մեջ):
Վրաստանի տարբեր շրջաններում պատկերը տարբերվում է:
Ամենավատ ցուցանիշը Աջարիայում է. այստեղ հետազոտված երեխաների 85 տոկոսի մոտ արճճի մակարդակը 5մկգ է կամ ավելի:
Ամենալավ ցուցանիշը Քվեմո Քարթլիում է, որտեղ, 5 մկգ կամ ավելի արճիճ հայտնաբերվել է հետազոտված երեխաների 18 տոկոսի մոտ:
Նման խոշոր հետազոտություն Վրաստանում անցկացվում է առաջին անգամ, այն կազմակերպել էին Վիճակագրության ազգային վարչությունը և և Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և տասը միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Հավաքված արյան նմուշներն ուղարկվել էին Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտ (ISS), որը առաջատար է համարվում Եվրոպայի բժշկական հետազոտական հաստատությունների մեջ:
«Մենք գնահատում ենք Վրաստանի կառավարության ուշադրությունը խնդրի նկատմամբ և նրա պատրաստակամությունը՝ մշակելու երկարաժամկետ և կարճաժամկետ ռազմավարություն դրա լուծման համար: Հաջորդ քայլը պետք է դառնան հետազոտությունները, որոնք կվերհանեն արյան մեջ արճճի բարձր մակարդակի աղբյուրները և պատճառները»,- հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Գոթֆրիդ Հաննը:
Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի տեղեկատվության՝ արդեն որոշ քայլեր են ձեռնարկվել խնդրի լուծման համար:
Մասնավորապես, 2019թ. ապրիլի 19-ին հրապարակվել է կառավարության դրույթը «երեխաների վրա արճճի թունավոր ազդեցության կանոնակարգման և վաղ վերհանման» մասին: Արդեն հաստատվել են որոշակի առաջարկություններ՝ ինչպես հայտնաբերել երեխայի արյան մեջ արճճի բարձր մակարդակը և ինչ գործողություններ պետք է հետևեն դրան:
16 երեխա, որոնց արյան մեջ հայտնաբերվել է 30 մգ արճիճ (100 մգ արյան մեջ), ինչպես նաև նրանց ընտանիքները անցել են բժշկական հատուկ խմբի վերահսկողության տակ, որը ստեղծվել է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի և շրջակա միջավայրի պաշտանության պետական գործակալության համատեղ ջանքերով: Երեխաների հետազոտությունը շարունակվում է, հետո որոշում կընդունվի նրանց հետագա բուժման վերաբերյալ:
Հաղորդվում է նաև, որ կառավարությունը աշխատանքներ է սկսել համալիր պետական ծրագրի շուրջ, որը ներառում է քայլեր արճճի բարձր մակարդակի աղբյուրների վերհանման, ինչպես նաև կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ միջոցներ՝ արճճով աղտոտված տարածքների չեզոքացման, մեկուսացման և մաքրման վերաբերյալ:
Ծրագրի մաս կկազմեն շուկայում արճճի բարձր պարունակությամբ մթերքների մուտքը կանխարգելելը և տեղեկատվական արշավները: