Սոցիալական ոլորտի աշխատակիցները պատմում են, թե ինչպես պետությունը չի ապահովում երեխաների հոգածությունը" />

«Միայն պատահականություն է, որ ավելի շատ երեխա չի զոհվում»

Սոցիալական ոլորտի աշխատակիցները պատմում են, թե ինչպես պետությունը չի ապահովում երեխաների հոգածությունը

 REUTERS/Marcos Brindicci 

Մարտի վերջին սոցիալական ոլորտի աշխատակիցները երկրով մեկ գործադուլ են նախապատրաստում։ Նրանք համակարգային փոփոխություններ են պահանջում՝ արդյունավետ ծրագրեր հասարակության անպաշտպան շերտերի համար և աշխատանքի արժանապատիվ պայմաններ։

Հունվարի վերջին ողջ երկիրը ցնցվեց Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգությունից․ սոցիալապես անապահով ընտանիքում ապրող և ենթադրաբար պարբերաբար բռնության զոհ դարձած քառամյա աղջկան մայրը մահու չափ ծեծել էր։ Դրանից մի քանի օր առաջ 12-ամյա մի տղա, որը նույնպես ապրել է սոցիալապես անապահով ընտանիքում, գնացել է մետաղի թափոն փնտրելու։ Երեխան ընկել է փոսը, վրան հող է լցվել և նա մահացել է։

Այս ողբերգությունները ևս մեկ անգամ արդիականացրել են Սոցիալական գործակալության աշխատանքի մասին քննարկումն ու բարձրացրել այն հարցը, թե արդյոք պետությունն իրոք հոգ տանում է սոցիալապես անապահով մարդկանց համար։

Վրաստանում ավելի քան 125 հազար սոցիալապես անապահով կա, որոնք գտնվում են Սոցիալական սպասարկման գործակալության վերահսկողության տակ։ Երեխաներից բացի գործակալության հսկողության տակ են նաև տարեց մարդիկ, սահմանափակ կարողություններով անձինք, բնակչության խոցելի այլ խմբերի մոնիթորինգն ու նրանց ցուցաբերվող օգնությունը։ Համակարգը շահառուներին կցում է սոցիալական աշխատակիցների, որոնք ուսումնասիրում են նրանց խնդիրները, կարիքներն ու, ստացված պատկերի համապատասխան, ելք փնտրում իրավիճակից։

Սակայն, արդեն երկար տարիներ է, ինչ սոցիալական ոլորտի փորձագետները, հոգեբաններն ու սոցաշխատողները խոսում են ճգնաժամի մասին. նրանց խոսքով՝ համակարգը չի աշխատում։

Սոցիալական ոլորտի աշխատակիցների ցույց։ 2019թ-ի փետրվար։ Լուսնակարը՝ Մզիա Սագանելիձեի/Ազատություն ռադիակայան

JAMnews-ը հանդիպել է սոցիալական ոլորտի մասնագետներին, անդրադարձել համակարգում առկա խնդիրներին ու խնդրել կիսվել ներկա դրությունից ելք գտնելու նրանց տեսլականով։

___________________

Քեթի Խուցիշվիլի, սոցիալական ոլորտի նախկին աշխատակից։ Նախաձեռնող խմբի հիմնադիրներից մեկը

Չորս տարեկան աղջնակի հետ տեղի ունեցած ողբերգությունն անսպասելի չէր։ Գլդանիի-Նաձալադևիի շրջանի ծառայությունների կենտրոնը դեռ սեպտեմբերին էր դիմել նախարարություն և հաղորդել, որ սոցիալական աշխատողները ֆիզիկապես չեն հասցնում գործերն ու նման ռեժիմով շարունակել աշխատել չեն կարող։

Այդ դիմումին ոչ մի արձագանք չի հետևել։ Եվ ի՞նչ է ստացել։ Երեխա է մահացել։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա այդպիսի դեպքերը կրկնվելու են, և դա սոցաշխատողների մեղքը չի լինելու։ Այն, որ այսօր էլ ավելի շատ երեխա չի մահանում, պատահականություն է։

2017թ-ին ես 7 ամիս աշխատեցի որպես սոցաշխատող։ Ինձ միշտ դուր է եկել այդ աշխատանքն, ու ես շատ մոտիվացված էի, սակայն, երբ բախվեցի իրական պայմաններին, որոնցում ստիպված էի աշխատել, հեռացա, չկարողացա։

Տարիների հետ սոցիալական ոլորտը միայն հետ է գլորվում։ Եթե ի սկզբանե սոցաշխատողի պարտականության մեջ միայն երեխաներն էին, ապա հետագայում ավելացան տարեցներն ու սահմանափակ կարողություններով անձինք, բռնության զոհերը։ Սոցիալական սպասարկման գործակալությունն օրական տասնյակ դիմումներ է ստանում բռնության մասին։ Համակարգը շահառուներին ու սոցաշխատողներին փաստացի լքել է՝ դեմ-դիմաց թողնելով։

Չորս տարեկան երեխայի մահվան համար պատասխանատվությունը դրվել է միայն սոցիալական ոլորտի աշխատակիցների վրա։ Մինչդեռ մեղավոր են բոլորը՝ նախարարը, գործակալության ղեկավարը, կենտրոնների ղեկավարները, ծրագրերի տնօրեններն ու բոլոր նրանք, ովքեր իրավիճակը բավականաչափ լուրջ չեն գնահատել։

Երբ մեկ շաբաթում սոցաշխատողին կցվում է ավելի քան 100 շահառու, ի՞նչ դրական արդյունքի մասին կարող է խոսք գնալ։ Ինչպե՞ս նա կարող է կատարել այդ ծավալի աշխատանք։ Եթե նման 100 երեխաներից 20-ի համար հաջողվի կյանքի տանելի պայմաններ ապահովել, ապա դա տեղի կունենա մնացած 80-ի հաշվին։ Ավելի լավ արդյունք այդ աշխատակիցը ֆիզիկապես չի կարող ունենալ։

Հիմնական աշխատանքից զատ սոցաշխատողները հաճախ ստիպված են լինում այնպիսի բաներ անել, ինչն անգամ մոտ չէ  նրանց ծառայողական պարտականություններին։ Օրինակ, սոցաշխատակիցները պետք է պատասխանեն թեժ գծի զանգերին, ստացված տեղեկությունները բազա գցեն և այլ տեխնիկական աշխատանք կատարեն, քանի որ մասնագիտացված այլ կադրեր պարզապես չկան։ Իսկ եթե հրաժարվես, կկորցնես աշխատանքդ։ Սոցաշխատողները մշտական սթրեսի մեջ են։ Նրանք հաճախ ստիպված են լինում նույնիսկ իրավաբանի գործառույթ կատարել՝ կրկին կադրերի պակասի պատճառով։

Թբիլիսիում սոցաշխատողները ստանում են 680 լարի (մոտ 250 դոլար), շրջաններում՝ 640 լարի (235 դոլար)։ Աշխատավարձում ներառված են նաև տրանսպորտային ծախսերը, որոնք անհրաժեշտ են այս կամ այն շահառուին այցելելու համար։ Իսկ եթե օրվա մեջ պետք է մի քանի շահառուի այցելել, ապա աշխատավարձի կեսը գնում է տրանսպորտի վրա։ Արտաաշխատանաքային ժամերի համար չեն վճարում։ Ընդ որում, նրանք ստիպված են աշխատել մինչև ուշ երեկո, երբեմն էլ հանգստյան օրերին՝ շաբաթ և կիրակի։ Ոչ ոք չի ապահովում սոցաշխատակիցների անվտանգությունն այն դեպքում, երբ նրանք հաճախ ներգրավվում են իրենց հոգածության տակ գտնվող ընտանիքների խնդիրների մեջ։

Կադրերի պակասից բացի ևս մեկ խնդիր է նրանց ոչ կոմպետենտությունը։ Ոլորտում տիրող քաոսի պատճառով համակարգը լքում են փորձառու կադրերը։ Իսկ նոր կադրեր պատրաստելու հարցով ոչ ոք մտահոգված չէ։

Գործակալությունների շենքերը ոչ մի չափանիշների չեն համապատասխանում։ Շատ տարեց շահառուներ ֆիզիկապես չեն  կարող մեզ մոտ գալ, քանի որ կենտրոնները հարմարեցված չեն հաշմանդամի սայլակով տեղաշարժվելու համար։ Այդ պատճառով բազմիցս ստիպված ենք եղել շենքից դուրս տանել կնիքն ինչ-որ մեկից դիմում ընդունելու համար։ Աշխատավայրերն էլ մինիմալ պայմաններ չունեն։ Օրինակ չորս գործընկերներիս հետ մեկ սենյակում էի նստում, և երբ գալիս էր շահառուն, ապա նրա պատմությունը հայտնի էր դառնում բոլորիս, քանի որ զրույցների և բանակցությունների համար առանձին սենյակներ նախատեսված չեն։ Բայց չէ՞ որ երբեմն բնավ ոչ հրապարակային թեմաներ են քննարկվում։

Մի անգամ, օրինակ, մի կին էր եկել, որին բռնաբարել էին, և նա ստիպված էր իր պատմությունը պատմել ոչ թե մեկ սոցաշխատողի, այլ մեր ողջ «խմբին»։ Գաղտնիության և պրոֆեսիոնալ էթիկայի մասին ոչ ոք չի մտածում։

Դեպք է եղել, երբ Իսանի-Սամգորիի կենտրոնում մի տարեց կին է վայր ընկել, և նրան պառկեցնելու տեղ չի եղել. ուշքի գալու համար նրան «տեղավորել են» սառը հատակին, այդ վիճակում դեղ են տվել, և շտապօգնությունը հենց այդտեղ էլ անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել։

Բազմիցս իրավիճակներ են եղել, երբ սոցիալապես անապահով ընտանիքը նորածնին չի կարողացել կերակրել, սակայն սննդի հարցն արագ լուծելու փոխարեն շաբաթներ են ծախսվել բյուրոկրատական ընթացակարգերի վրա, որ երեխային սկսենք սնունդ տանել։

Էլ չեմ խոսում հոգեբանների և մանկական հոգեբույժների պակասի մասին։ Շահառուները ստիպված են երկար հերթերում սպասել այդ մասնագետների մոտ հայտնվելու համար։ Իմ աշխատանքի ամենասկզբում ես մի երեխայի ուղարկեցի հոգեբանի մոտ, իսկ երբ աշխատանքից ազատվեցի, նրա հերթը չէր հասել։

Խնդիրն այն է, որ անգամ նորմալ հաշվարկ այդ ամենի համար չկա։ Ոչ ոք հստակ չգիտի, թե որտեղ, ինչ, որքան և ինչու է պետք։ Այդ պատճառով էլ կադրերի անկանոն ընդունումը ոչինչ չի փոխի։ Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։

_____________

Անդրո Դադիանի՝ «Գործընկերություն՝ երեխաների համար» հասարակականկազմակերպության նախագահ

Ես սոցիալական ծառայության ոլորտում եմ աշխատել դեռ 2007թ-ին, սոցիալական գործակալության ստեղծումից առաջ։ Այդ ողջ համակարգը ստեղծվել և զարգացել է աչքիս առաջ։ Եվ այն, որ հիմա գործերն այնքան էլ լավ չեն, սկզբում թույլ տված սխալների արդյունք է։

Առաջին և գլխավոր սխալն այն էր, որ սոցաշխատողների համար առաջին իսկ օրվանից աշխատանքային տարօրինակ պայմաններ էին ստեղծվել։ Օրինակ, շահառուին այցելելու համար գումար նախատեսված չէր։ Դա փաստարկվում էր նրանով, որ սոցաշխատողներին դժվար է վերահսկել։ Հատկապես ծանր է շրջաններում աշխատողների համար։ Պատկերացրեք մի սոցաշխատողի, որ Չիատուրայից պետք է հասնի գյուղերից մեկը, չէ՞ որ մեկ այցի վրա նա կծախսի իր աշխատավարձի մեկ քառորդը։ Այդ պատճառով էլ փորձառու կադրերը լքում են համակարգը։

Երկրորդ խնդիրն այն է, որ համակարգ է ստեղծվել, որը ոչ թե խնդրի լուծման, այլ պատժի ուղղվածություն ունի։ Համակարգը չի էլ փորձում համոզել ծանր դրության մեջ հայտնված շահառուին, որ իր մոտ ամեն ինչ կստացվի, որ խնդիրները կլուծվեն։ Դրա փոխարեն համակարգը զբաղված է շահառուին վախեցնելով և պատժելով։

Վերցնենք թեկուզ խորթ ընտանիքում երեխայի դաստիարակության համակարգը։

[Վրաստանում դաստիարակության համակարգ է գործարկվել, որը նախատեսում է խնդրահարույց ընտանիքի երեխային ժամանակավորապես խորթ ընտանիքում դաստիարակության տալու հնարվորություն։ Ընդ որում, խորթ ընտանիքը պետությունից որոշակի գումար է ստանում – JAMnews]:

Մոտ երկու ամիս առաջ այնպես է ստացվել, որ խոսել եմ երեխա որդեգրած այդպիսի մի մարդու հետ։ Նա երեխաների է ժամանակավոր դաստիարակման վերցրել։ Երբ արդեն բոլորը հարմարվել են միմյանց, հայտնվել է սոցաշխատողն ու երեխաներին կրկին հետ տարել կենսաբանական ընտանիք։ Այն նույն ընտանիք, որտեղից երեխաներին բառացիորեն ազատագրել են մշտական բռնությունից և այլ ծանր խնդիրներից։ Փաստարկը. կենսաբանական ընտանիքում իրավիճակը բարելավվել է։ Սակայն առանց հստակության, թե ինչ է տեղի ունեցել։

Իսկ իրականում երեխաների մասին ոչ ոք չէր մտածում։ Սա համակարգային պատվեր է։ Իսկ ոչ պաշտոնապես սոցաշխատողներին արգելվում է երեխաներին ժամանակավոր դաստիարակության հանձնել. կամ պետք է որդեգրել, կամ վերադարձնել կենսաբանական ծնողներին։ Հենց պետությունն է ոչ պաշտոնապես դիմադրում ժամանակավոր դաստիարակության վերցնող ընտանիքների համակարգին, քանի որ դա թանկ է. չէ՞ որ նա ստիպված է այդպիսի ընտանիքներին գումար տրամադրել։ Իսկ սոցաշխատողն ի՞նչ անի։ Նա կատարում է այդ թաքուն առաջադրանքն, այլապես իրենից են հենց պատասխան պահանջելու։

Դեռևս 2006թ-ին մենք գիտեինք, որ Վրաստանում նվազագույնը 450 սոցաշխատող կա, և սա միայն երեխաների հարցերի ոլորտում։ Այսօր մոտ 250 սոցաշխատող կա, և նրանց վրա են և երեխաների, և տարեցների, և սահմանափակ կարողություններով անձնաց հետ կապված բոլոր պարտավորությունները։ Ընդ որում, միևնույն աշխատակիցն աշխատում է և երեխաների, և տարեցների, և սահմանափակ կարողություններով անձանց հետ։ Եվ ոչ մի մասնագիտացում չկա։

Նման մոտեցումը վկայում է այն մասին, որ պետությունը մշտապես փորձում է տնտեսել սոցիալական ծրագրերի ծախսերը։ Եվ այնպես է դա անում, որ ոչ մի վերջնական արդյունք չի նախատեսվում։ Այս համակարգը չի աշխատում՝ հաշվի առնելով այն արժեքները, որոնց առկայության պայմաններում աշխատում է։

Վրաստանում ամենակարևոր սոցիալական ծրագրերը ֆինանսավորվում են դոնորների կողմից։ Դոնորներն ակտիվորեն աշխատում են Վրաստանում 2002թ-ից։ Այս տարիների ընթացքում ինչ լավ բան որ արվել է՝ բարեփոխումներ, համակարգի ստեղծում, հիմնականում նրանց օգնությամբ է արվել։ Սակայն այժմ ֆինանսավորումը զգալիորեն կրճատվել է։ Դոնորներն այսպիսի հարց են բարձրացնում. ե՞րբ է այնպիսի ժամանակ գալու, որ պետությունն իր վրա վերցնի իր քաղաքացիների համար պատասխանատվությունը։

Ընդ որում, լուրջ ֆինանսական խնդիրներ չկան, ընդհակառակը, միջոցները ստացվում է տնտեսել։ Խնդիրը սխալ վարչարարությունն ու կառավարումն է։ Առողջապահության նախարարությունում բոլոր նրանց, ովքեր փորձել են հոսանքին հակառակ գնել, հեռացրել են աշխատանքից։ Մնացել են նրանք, ովքեր ճգնաժամային միջավայրում աշխատելը գերադասում են համակարգային առաջընթացին, որը ներկայիս պայմաններում ոչ սովորական գործողություններ է պահանջում։

Եթե բյուջեն ուսումնասիրենք, ապա առաջնահերթություններ բացարձակ չկան։ Փողերը երբեք այն ուղղություններում չեն ներդրվում, որոնք երկարաժամկետ արդյունք կարող են տալ ապագայում։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում