Կարելի է արդյո՞ք Վրաստանում մարիխուանա ծխել։ Ի՞նչ է ասում նոր օրենքը
Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինական է։ Այսինքն՝ մարիխուանա ծխելու համար մարդուն, օրենքի համաձայն, չեն նստեցնի և չեն տուգանի։ Այս փաստը շատ թերություններ ունի։ Ոչ բոլորին է կարելի ծխել և ոչ միշտ։
Այդ պատճառով էլ, եթե որոշել եք մարիխուանա ծխել, օգտակար կլինի ծանոթանալ նոր օրենսդրությանը, որը զգալիորեն սահմանափակում է ծխողների ազատությունը։ JAMnews-ը հակիրճ կպատմի այն մասին, թե ինչ է ասում նոր օրենքը, որը խորհրդարանն ընդունել է նոյեմբերի 30-ին 2018։
__________________
Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունները մարիխուանա օգտագործողներին խիստ սահնամափակումների մեջ են դնում։
• Նարկոքաղաքականությունը Վրաստանում․ արդյո՞ք փոփոխությունների ժամանակն է
• Ժամանակակից նարկոքաղաքականություն․ ի՞նչ է տալիս պորտուգալական օրինակը
Վրաստանի ՆԳՆ նախաձեռնած օրինագիծը հստակ նախանշում է, թե որտեղ, երբ և ինչպես կարելի է մարիխուանա օտագործել՝ օրենք չխախտելով։
Միաժամանակ նոր օրենքը չի պատասխանում շատ հարցերի։ Օրինակ, պարզ չէ, թե ինչպես մարիխուանա ծխել, եթե պատժելի է դրա առքը-վաճառքն-աճեցումը։
Արդյո՞ք, ըստ նոր օրենքի՝ Վրաստանում մարիխուանա ծխելն օրինական է
Այո, օրինական է։ Նոր օրենքը կապվում է Սահմանադրական դատարանի 2017թ—ի որոշման հետ, որի համաձայն՝ այդ զբաղմունքը պատժի ենթակա չէ։ Սակայն խոսքը գնում է բացառապես ծխելու մասին (!), բայց ոչ այն ուղեկցող այլ գործողությունների։
Ոստիկանը, որը տեսնի, որ ինչ-որ մեկը ծխում է, ոչինչ չի՞ անի
Եթե ծխողի 21 տարեկանը լրացել է, նա իր կամ ընկերների տանն է, կողքն անչափահասներ չկան, իսկ գրպանում՝ այսպես կոչված «փաստը», ապա ոստիկանն իրոք ոչինչ չի անի։ Մնացած բոլոր դեպքերն օրենքը հստակ կարգավորում է և կան հստակ կարգավորումներ։
Ո՞րտեղ կարելի է մարիխուանա ծխել
Տանը։ Տունն, ըստ նոր օրենքի, միակ վայրն է, որտեղ թույլատրված է մարիխուանա ծխել։ Բնականաբար, պարտադիր չէ, որ այն հենց ձերը լինի։ Դա կարող է ընկերների տունը լինել։ Այսինքն՝ ծխել կարելի է բնակելի մասնավոր տանը կամ մասնավոր տարածքում, որտեղ թույլատրված է մարիխուանա օգտագործել։
Ո՞րտեղ չի կարելի մարիխուանան ծխել
Մարիխուանա ծխելն արգելված է փողոցում, սրճարաններում, ռեստորաններում, այգիներում, պուրակներում, մարզադաշտերում, կինոթատրոններում, թատրոններում, դպրոցներում և կրթական հաստատություններում, ինչպես նաև դրանց հարակից տարածքներում։
Հասարակական վայրերում ծխելը տուգանվում է 800-1200 լարի գումարով [մոտ $300-450]։ Մարիխուանա օգտագործելն արգելված է աշխատավայրում։
Ո՞վ չի կարող մարիխուանա ծխել
Մարիխուանա կարող է օգտագործել 21 տարեկանը լրացած անձը, այսինքն՝ եթե դուք 20 տարեկան 11 ամսական և 29 օրական եք, ապա մարիխուանա ծխելը կարող է 500-1500 լարի [190-560 դոլար] տուգանք արժենալ։
Անչափահասներին կամ երկու և ավելի մարդկանց թմրանյութեր օգտագործելու դրդելը քրեորեն պատժելի արարք է և 6-10 տարվա ազատազրկում է ենթադրում։
Արգելվում է նաև ոչ միայն անչափահասների մոտ մարիխուանա ծխելն, այլ նաև դրա ազդեցության տակ նրանց շրջապատում գտնվելը։ Այս նորմի խախտման համար 1000-1500 լարի [մոտ 375-560 դոլար] տուգանք է սահմանվում։
Մարիխուանայի օգտագործումն արգելված է ծառայողական պարտականությունները կատարելիս։
Այդ արգելքը տարածվում է աշխատանքի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի վրա։ Ընդ որում, նշանակություն չունի, թե ինչ մասնագիտության տեր ես՝ երաժիշտ, որը ռոք-բալլադներ է հորինում, թե սրտի վիրահատության պատրաստվող վիրաբույժ․ ցանկացած դեպքում վարչական տուգանքը հասնում է 1500 լարիի [մոտ $560]։
Թեև, եթե բժիշկ ես, միայն տուգանքով չես ազատվի։ Մի շարք մասնագիտությունների ցանկ կա, որոնք կապված են մարդկային կյանքի և առողջության սպառնալիքի բարձր աստիճանի հետ, և այդ մասնագիտությունների ներկայացուցիչներն աշխատավայրում մարիխուանա օգտագործելու համար ոչ միայն կտուգանվեն, այլև ընդհանրապես կարող են զրկվել մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Մարիխուանայի ազդեցության տակ մեքենա վարելն արգելվում է։ Ի տարբերություն ալկոհոլային հարբածության՝ մարիխուանա ծխած ժամանակ մեքենա վարելը քրեական իրավախախտում է և պատժվում է տուգանքով կամ մեկ տարվա ազատազրկմամբ։
Եթե մարիխուանայի ազդեցության տակ գտնվող վարորդը խախտել է կանոնները, և արդյունքում որևէ մեկը վնասվածքներ է ստացել, ապա պատիժը, բնականաբար, խստացվում է՝ ելնելով հասցրած վնասի մասշտաբից։
Մարիխուանայի պոպուլյարիզացիան
Խստացվել են պատժամիջոցները թմրանյութերի, այդ թվում՝ մարիխուանայի գովազդի համար։ Եթե մինչև հիմա ֆիզիկական անձինք դրա համար տուգանվում էին 500 լարիով [մոտ $185], իսկ իրավաբանական անձինք՝ 5 հազար լարիով [մոտ $1800 դոլար], ապա հիմա շարքային քաղաքացին կարող է տուգանվել 5-10 հազար լարիով [մոտ $1800 – 3700], իսկ իրավաբանական անձը՝ 10-20 հազար լարիով [մոտ $7400 դոլար]։
Ձեռք բերելը-պահպանելը․ այս ամենն ինչպե՞ս է
Այստեղ փոփոխություններ չկան։ Ձեռք բերելը, պահպանելը, տեղափոխելը նախկինի պես հանցագործություն է։ 5-70 գրամը փոքր քանակ է համարվում, իսկ 70-ից ավելին՝ մեծ։
Բանտ չի սպառնում մինչև 70 գրամ պատրաստի մարիխուանա կամ մինչև 100 գրամ հումք ձեռք բերելու համար։ Բայց գնորդն, այնուամենայնիվ, իրավախախտ է համարվում։ Օրենքի համաձայն՝ մարիխուանայի այդպիսի քանակ ձեռք բերելը և պահպանելն իրավախախտում է։ Սակայն պարզ չէ, թե ինչ պատիժ է սահմանվում, քանի որ դրա համար չեն նստեցնում, սակայն այլընտրանքային պատիժ նույնպես մտածված չէ։
Մարիխուանայի մեծ քանակի դեպքում (70 գրամից ավելին), անգամ եթե առաջին անգամ ես բռնվել, օրենքն ազատազրկում է նախատեսում։
Իսկ ինչ վերաբերում է չափազանց քիչ քանակությամբ մարիխուանա ձեռք բերելուն, պահպանելուն և տեղափոխելուն (մինչև հինգ գրամ՝ չոր և մինչև տասը գրամ՝ հումք), ապա նման դեպքերում քրեական պատասխանատվությունը չեղարկվել է, և գործում է միայն վարչական տուգանք՝ 500 լարի [մոտ $185]։
Մեկ գլանակի չափաբաժնի մարիխուանան պատժելի չէ՞
Դա քրեական խախտում չէ, դրա համար ազատազրկում չի սպառնում, սակայն պետք է 500 լարի տուգանք վճարել։ Սակայն, եթե հասցրել ես գլանակ պատրաստել, այս հոդվածից էլ կազատվես։ Սակայն ծխելուց առաջ շուրդ նայիր, թե արդյոք թույլատրված վայրում ես, և արդյոք անչափահասներ չկան կողքդ։
Կարելի՞ է արդյոք տանը ծաղկամաններում կամ սեփական բակում մարիխուանա աճեցնել
Մինչև 151 գրամ մարիխուանա աճեցնելու դեպքում ազատազրկում չի սպառնում, սակայն այլընտրանքային պատժամիջոցներ օրենքով նախատեսված չեն։ Այսինքն՝ դատարանը քեզ մեղավոր է ճանաչում, բայց պարզ չէ, թե ինչ պատժամիջոց պետք է կիրառվի։
Բացի այդ, բույսն աճեցնելու ժամանակ անհրաժեշտ է անընդհատ կշռել դրա տերևները՝ թույլատրելի քաշը չգերազանցելու համար։ Միաժամանակ հարկ է հիշել, որ հավաքված հումքի քաշը չպետք է գերազանցի 100 գրամն, իսկ չորացնելուց հետո՝ 70 գրամը։
Ինչպե՞ս ծխել, եթե մարիխուանան չի վաճառվում, այն չեն նվիրում, և ինքդ էլ չես աճեցնում
Սա է հենց օրենքի «ամենամութ» մասը․ այն թույլ է տալիս օգտագործել, բայց արգելում է ստանալ։ Նոնսենս է․ մարդը, որը ցանկանում է օգտվել մարիխուանա ծխելու իր սահմանադրական իրավունքից, օրենք է խախտում՝ փորձելով դա անել։
Ինչի՞ համար է նոր օրենքը
Մարիխուանա օգտագործելն օրինական է դարձել 2018 թ-ի հուլիսի 30-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ։ «Գիրչի» («Կոն») քաղաքական շարժման հայցի հիման վրա Սահմանադրական դատարանը չեղարկել է այն հոդվածը, որով արգելվում էր մարիխուանա օգտագործելն ու առանց բժշկի նշանակման օգտագործելը, երբ դա վարչական կարգով պատժվում էր։
Սահմանադրական դատարանը որոշել էր, որ «մարիխուանայի օգտագործումն անձի՝ իր ժամանցն ազատ տնօրինելու իրավունքն է»։ Այս որոշումն օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը։
Եվ անհրաժեշտություն առաջացավ ողջ օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Եվ ՆԳՆ նախաձեռնած նոր օրենքը կարելի է որպես այդպիսի փորձ գնահատել։
Քննադատություն։ Օրինագծին դեմ արտահայտվողների փաստարկները
Հասարակական կազմակերպությունների և հասարակական ակտիվիստների մի մասը կարծում է, որ նոր օրենքը զգալիորեն սահմանափակում է Սահմանադրական դատարանի տված հնարավորությունն, անգամ հակասության մեջ է մտնում դրա որոշման հետ։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ-ն, որը գործընթացին հետևել է առաջին իսկ օրից, կարծում է, որ նոր օրենքի որոշ նորմեր անհասկանալի են, մշուշոտ և հակասահմանադրական։ Ըստ կազմակերպության իրավաբանների՝ ամենամեծ խնդիրն այն է, որ գործող օրենսդրությունը չի սահմանում քիչ քանակի մարիխուանայի գնման-պահպանման-տեղափոխման կանոններ, բայց մարիխուանայի օգտագործումն, օրենքի համաձայն, թույլատրելի է։
Կազմակերպությունը քննադատում է նաև օրենքի այն մասը, որը վարչական պատիժ է սահմանում անչափահասների համար մարիխուանա օգտագործելու համար։ Դրա իրավաբանները չարդարացված են համարում անչափահասներին այն գործողության համար պատժելը, որը մեծերի համար ապօրինի չէ։
Անհասկանալի է նաև, թե ինչու է տարիքային ստորին շեմը 18 տարեկանից բարձրացվել 21, այնինչ Վրաստանում անչափահաս է համարվում 18 տարին, այլ ոչ թե 21 տարին չլրացած անձը։
Մարիխուանայի և ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար պատիժը պետք է նույնը լինի, այլ ոչ թե առաջինի պարագայում ավելի խիստ, ինչպես նախատեսում է օրենքը, վստահ են հասարակական կազմակերպությունը։
Վրաստանում արդեն տարիներ շարունակ քննարկվում է նարկոքաղաքականության ազատականացման անհրաժեշտությունը։ Վերջին տարիներին գրեթե երկու ամիսը մեկ Թբիլիսիում բազմամարդ ակցիաներ էին անցկացվում մարիխուանայի օրինականացման և նարկոքաղաքականության ազատականացման համար։
Ակտիվիստները կարծում են, որ իշխանություններն ազատականացման հարցի լուծումը ձգձգում են մի քանի պատճառով։ Եվ գլխավորն այն է, որ իշխանության ներկայացուցիչներն ակտիվորեն օգտագործում են նարկոքաղաքականությունն իրենց նպատակների, այդ թվում՝ սեփական դիրքը պահպանելու համար։
Եվ ընդդիմադիրների հետ քաղաքական պայքարում։ Եվրախորհրդի 2015թ-ի հաշվետվության համաձայն՝ Վրաստանում միջինում յուրաքանչյուր երրորդ բանտարկյալը ժամկետը կրում է թմրանյութերի հետ կապված իրավախախտման համար։