Նստեցնել թմրանյութերի համար. հարմար միջոց է ընդդիմադիրների հետ հաշիվներ մաքրելու համար" />

Նարկոքաղաքականությունը Վրաստանում. հրաժարում բռնաճնշումներից

Նստեցնել թմրանյութերի համար. հարմար միջոց է ընդդիմադիրների հետ հաշիվներ մաքրելու համար

Թբիլիսիում անցկացվել է վերջին տարիների ամենախոշոր ակցիաներից մեկը. Ռուսթավելիի պողոտայում հազարավոր մարդիկ էին հավաքվել ի նշան Վրաստանում իշխանությունների նարկոքաղաքականության դեմ բողոքի:

«Էլ ի՞նչ պետք է լինի», – այսպիսի կարգախոսով ակցիա է անցկացվել, որի պատճառը երկու երիտասարդների ձերբակալությունն է եղել:

«Բիրժա մաֆիա» ռեփ-դուետի անդամներին ձերբակալել են նրա համար, որ նրանց մոտ երկու գրամ MDMA ակումբային թմրանյութ են գտել: Սակայն ռեփերները պնդում էին, որ նրանց ձերբակալել են տեսահոլովակի համար, որը դուր չի եկել ոստիկաններին: Արդյունքում ռեփերներին բաց են թողել մեծ գրավի դիմաց:

Վրաստանում իշխանություններին հաճախ մեղադրում են, որ նրանք կոշտ նարկոքաղաքականությունն օգտագործում են ընդդիմադիրների և պարզապես «անհարմար» մարդկանց հետ հաշիվներ մաքրելու համար:

«Բիրժա մաֆիա» խմբի գործը թմրանյութերի հետ կապված միակ գործը չէ, որը հարցեր է առաջացրել ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների և դիտորդների մոտ:

Թբիլիսիի փողոցներում հաճախ պատերին կարելիէ տեսնել հետևյալ գրառումը՝ «Մայրի՛կ, դու մենակ ես մնացել, բայց ի՞նչ անեմ»:

Այդ արտահայտությունը Արևմտյան Վրաստանի Դափնարի գյուղի բնակիչ, 22-ամյա Դեմուր Ստուրուայի մահվան գրությունից է, որը նա մորն էր թողել՝ ինքնասպանություն գործելով:

Գրության մեջ Դեմուրը պնդում էր, որ տեղի ոստիկան Գոդերձի Թևզաձեն հաճախակի ուժ է կիրառել իր հանդեպ և  սպառնացել իր դեմ գործ «կարել», եթե նա չասի բոլորի անուններն, ովքեր գյուղում մարիխուանա են աճեցնում: Փորձաքննությունը պարզել է, որ ինքնսպանությունից առաջ Ստուրուան ծեծվել է: Ոստիկանը չի պատժվել, դատարանը նրան անմեղ է ճանաչել:

Երաժիշտների կալանքի և Թբիլիսիի ռեպրեսիվ նարկոքաղաքականության դեմ բողոքի ակցիա, 2017թ-ի հունիսի 10 Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

Հասարակության շրջանում բողոքի ցույցեր են առաջացրել 2015թ-ի հունիսին 56-ամյա Լևան Աբզիանիձեի մահը: Նրան մահացած են գտել Քութայիսիի պուրակներից մեկում: Ինչպես պարզվել է, մահվանից առաջ նա ոստիկանության բաժանմունքում հարկադիր նարկոթեստավորման է եղել: Աբզիանիձեի ընտանիքը պնդում է, որ նրան ստիպել են մի քանի կոճակ միզամուղ խմել, ինչը նրա մոտ ճնշման կտրուկ անկում է առաջացրել: Միզամուղի հետքեր օրգանիզմում հայտաբերել է նաև պետական փորձաքննությունը:

Այդ դեպքի հետ կապված էլ ոչ ոք չի պատժվել: Մինչ օրս հայտնի չեն հետաքննության արդյունքները, որն այդ գործի առթիվ սկսել է դատախազությունը:

«Ստուրուայի և Աբզիանիձեի դեպքերը ռեպրեսիվ նարկոքաղաքականության ուղղակի արդյունքներ են: Դա հատկապես լավ է երևում Ստուրուայի գործից, որի ժամանակ մարդուն ինքնասպանության են հասցրել: Իսկ մարդը, որին նա իր նամակում հիշատակել է, մինչև հիմա պատժված չէ», — ասում է լրագրող, «Ֆորբս» ամսագրի վրացական տարբերականի գլխավոր խմբագիր Շոթա Դիգմելաշվիլին: Նրա խոսքով՝ այդպիսի փաստերը միակը չեն և հաճախ ճակատագրական հետևանքներ են ունենում:

Ինչո՞ւ են Վրաստանի ներկայիս նարկոքաղաքականությունը ռեպրեսիվ համարում

Թմրաննյութերի հետ կապված հարցերը դեռևս տաբու են հասարակությունում՝ լի լուրջ խնդիրներով, ինչի հետևանքով շատերը բացահայտ այդ մասին խուսափում են խոսել: Այդ պատճառով ավելի դժվար է թմրամոլների հստակ քանակ պարզել:

«Բեմոնի» ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Վրաստանում ներարկային թմրանյութերի 49 700 սպառող կա: Սակայն մասնագետներն ասում են, որ իրականում նրանց թիվն ավելի շատ է, բացի այդ, այդ տվյալները հաշվի չեն առնում նրանց, ովքեր այլ տեսակի թմրանյութեր են օգտագործում կամ ժամանակ առ ժամանակ են օգտագործում:

Եվրախորհրդի 2015թ-ի հաշվետվության համաձայն՝ Վրաստանում գրեթե յուրաքանչյուր երրորդ դատապարտյալը պատիժ է կրում թմրանյութերի հետ կապված հանցագործության համար:

Քրեական օրենսգիրքը 4 կամ 7 տարվա ազատազրկում է նախատեսում թմրանյութերի ձեռքբերման և պահպանման համար: Մեծ քանակի թմրանյութերի պահպանման համար՝ 8-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Չափաբաժնի հստակ չափորոշիչը, որից կախված է պատժի ծանրությունը, հստակեցված է միայն մարիխուանայի համար: Իսկ, օրինակ, կես գրամ կոկաինի կամ մեկ գրամ էքստազիի համար կարելի է 20 տարի նստել:

Չնայած կոշտ օրենսդրությանը, փաստ է, որ բանտի սպառնալիքը խնդիրը չի լուծում: «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մշտադիտարկման կենտրոն» կազմակերպության հետազոտության համաձայն՝ բանտից դուրս գալուց հետո թմրամոլների 89%-ը վերադառնում է թմրանյութերին, իսկ մնացածները՝ 11 ամսվա ընթացքում:

Պարզվում է նաև, որ պետության համար ավելի թանկ է բանտարյալին պահելը, քան փոխարինող թերապիայի ծրագրի համար վճարելը (երբ թմրամոլներին մետադոն կամ այլ դեղամիջոց են տալիս զրկանքի համախտանիշը չեզոքացնելու համար): Պատժի իրականացման և պրոբացիայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ 1 բանտարկյալին պահելն արժե օրական 31.2 լարի (մոտ 13 ԱՄՆ դոլար), իսկ տարեկան՝ 11 417 լարի (մոտ 4800 դոլար): Ընդհանուր առմամբ «թմրանյութերի» հոդվածներով կալանավորվածների պահպանումը պետության վրա տարեկան մինչև 40մլն լարի է արժենում:

Սակայն առողջապահության նախարարությունը թմրամոլության բուժման և փոխարինող թերապիայի վրա 4.1մլն լարի (մոտ 1.7 մլն դոլար) է ծախսում:

Հետևաբար, պետությունը թմրանյութ օգտագործողների պատժի վրա տասն անգամ ավելի շատ գումար է ծախսում, քան նրանց բուժման:

Երաժիշտների կալանքի և Թբիլիսիի ռեպրեսիվ նարկոքաղաքականության դեմ բողոքի ակցիա, 2017թ-ի հունիսի 10 Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

«Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստին, որը դեմ է հանդես գալիս ռեպրեսիվ նարկոքաղաքականությանը, Թբիլիսիի գիշերային ակումբներից մեկի սեփականատեր Քեթա Գաբունիային ոստիկանությունը ձերբակալել է օդանավակայանում, երբ նա Բեռլինից է վերադառլիս եղել: Այն բանից հետո, երբ խուզարկման ընթացքում նրա մոտ թմրանյութեր չեն գտել, նրան տարել են կլինիկա և տոմոգրաֆիա արել:

Օրենքը թույլ է տալիս իրավապահ մարմինների աշխատակիցներին քաղաքացիների հարկադիր նարկոթեստավորում անցկացնել «խելամիտ կասկածի» դեպքում:

ՆԳՆ տվյալներով՝ 2015թ-ին հարկադիր նարկոթեստավորում (մեզի անալիզի հարկադիր հանձնում) է կիրառվել 37 503 քաղաքացիների հանդեպ, նրանցից թմրանյութ օգտագործող են եղել 13 138-ը, այսինքն՝ ստուգումն անցածների 35%-ը:

Մոտավորապես նույնպիսի արդյունքներ են եղել նաև նախորդ տարիներին՝ 2012-ից մինչև 2014. թեստավորման 10 դեպքերից յոթում ոստիկանության «խելամիտ կասկածը» սխալ է եղել:

Բացի այն, որ այդ ընթացակարգը քաղաքացիների համար նվաստացուցիչ է, այն պետության վրա նաև բավականին թանկ է նստում: 2015թ-ի տվյալներով՝ հարկադիր նարկոթեստավորման համար 15մլն լարի է ծախսվել (ավելի քան 6 մլն դոլար): Կոպիտ հաշվարկներով՝ ստուգվել է մոտ երկու տոննա մեզ: Մեկ լիտրի ստուգումը 6 հազար լարի արժե: 2013թ-ից մինչև 2016թ-ի առաջին եռամսյակը 113 հազար մարդ է թեստավորվել, կամ Վրաստանի ողջ բնակչության 3,2%-ը:

Նարկոքաղաքականությունը որպես քաղաքական հատուցման զե՞նք

Իշխանությունները չեն շտապում օրենսդրություն մեղմացնել մի քանի պատճառներով, ասում է «Հունիսի երկուս» շարժման հիմնադիր Լեկսո Մաչավարիանին, որը կողմ է հանդես գալիս մարիխուանայի ապաքրեականացմանը:

Ամենագլխավոր պատճառը նա այն է համարում, որ իշխանությունների ներկայացուցիչները նարկոքաղաքականությունն օգտագործում են իշխանության պահպանման և ընդդիմադիրների դեմ պայքարի համար:

«Կառավարություններից ոչ մեկը չկարողացավ հրաժարվել այդ օրենսդրությունից: Մեծ ժամկետներ փոքր քանակների (թմրանյութերի) համար, թեթևություն, որով թմրանյութերը կարելի է վերագրել ինչ-որ մեկին, շատ լավ միջոց է անհաճոների դեմ պայքարի համար: Նման գայթակղությունից խուսափելու համար պետք է շտապ փոխել օրենսդրությունը», – ասում է Մաչավարիանին:

«Իվանիշվիլիի (Վրաստանի  նախկին վարչապետ և միլիարդատեր) անձնական բանտարկյալ». այսպես է անվանում լրագրող Էլիսո Քիլաձեն իր որդուն, որին այս տարվա մարտին ձերբակալել են թմրանյութերի օգտագործման համար: Նա համարում է, որ թմրանյութերը նրան վերագրել են ոստիկանները, իսկ իրական պատճառը քննադատական հրապարակումների համար վրեժն է եղել: Քիլաձեի որդու՝ Դավիթ Խարշիլաձեի մոտ բուպերնոֆրին պարունակող 0,1626 գրամ թմրանյութ են հայտնաբերել: Դա նշանակում է, որ եթե նրա մեղքն ապացուցվի, նա բանտում կանցկացնի 8-20 տարի: Խարշիլաձեի գործի հետ կապված հասարակության և ընդդիմության մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել:

Ռեպպրեսիվ նարկոքաղաքականության մասին բացահայտ խոսում է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աղջիկը՝ Աննա Մարգվելաշվիլին:

Նա մասնակցում է թմրանյութերի դեմ պայքարի օրենսդրության փոփոխման պահանջով յուրաքանչյուր ակցիային, ելույթ է ունենում հեռուստահաղորդումներում: Նա ասում է, որ հաճախ «այլախոհներին» վերագրում են թմրանյութեր: Աննա Մարգվելաշվիլին պնդում է, որ հենց քաղաքական պատճառներով են թմրանյութ վերագրել իր մի քանի ընկերներին՝ նախագահի ընտանիքի վարկաբեկման համար (նախագահ Մարգվելաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջև հարաբերությունները լարված են, չնայած նրան, որ 2013թ-ին Մարգվելաշվիլին նախագահական ընտրություններում հաղթել է հենց որպես «Վրացական երազանքի» թեկնածու: Նախկին վարչապետ Իվանիշվիլին Մարգվելաշվիլիին անգամ «մեծ հիասթափություն» է անվանել):

Հուլիսի 7-ին դատավորն արդարացրել է նախագահի դստեր ընկերոջը՝ Միխայիլ Թաթարաշվիլիին, որը մեղադրվում էր մեծ քանակությամբ թմրանյութերի պահպանման համար:

Նարկոքաղաքականություն. բյուջետային մուտքեր

Մասնագետների կարծիքով՝ ևս մեկ պատճառ, որի համար Վրաստանի իշխանությունները դիմադրում են օրենսդրության ազատականացմանը, ֆինանսներն են: 2009-2012թթ-ին պետությունը միայն վարչական տուգանքներից ավելի քան 13 մլն լարի (5.5մլն դոլարից ավել) գումար է ստացել: 2013-2014թթ-ին՝ ավելի քան 11 մլն լարի (մոտ 4.6մլն դոլար): Այստեղ ներառված չեն գումարները, որոնք ստացվել են մեղադրյալներից դատավարական գործարքների արդյունքում. այդ պրակտիկային առավել հաճախ դիմում էին Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին:

Երաժիշտների կալանքի և Թբիլիսիի ռեպրեսիվ նարկոքաղաքականության դեմ բողոքի ակցիա, 2017թ-ի հունիսի 10 Լուսանկարը՝ Լևան Միկաձեի, JAMnews

Փոփոխությունների ժամանա՞կ

«Բիրժա մաֆիա» խմբի անդամների ազատ արձակման պահանջով ակցիան վերջին տարիների միակ նման ակցիան չէր:

Նարկոքաղաքականության ազատականացման կողմնակիցները մշտապես ակցիաներ են անցկացնում, կազմակերպություններ ստեղծում, աղմկոտ արշավներ կազմակերպում սոցցանցերի միջոցով՝ պահանջելով օրենսդրության փոփոխություն:

Այդ առումով ամենաակտիվ խմբերից մեկը «Սպիտակ աղմուկ» շարժումն է: Հենց այն է եղել ի պատշտապնություն «Բիրժա մաֆիայի» անցկացրած ակցիայի կազմակերպիչը, որի շնորհիվ իշխանությունների ներկայացուցիչները փոխել են հռետորաբանությունը:

Եթե մինչ այդ իշխանությունները դեմ էին օրենսդրության հիմնարար վերանայմանը (օրինակ, մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Սոֆո Քիլաձեն հայտարարել է, որ թմրանյութերի օգտագործման ապաքրեականացումը սպառնում է գենոֆոնդին) և չէին համաձայնում ընդդիմության պահանջներին, ապա ակցիայից հետո նրանք միանգամից փոխեցին դիրքորոշումը:

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր դիմումի մեջ կոչ է արել խորհրդարանին ազատականացնել նարկոքաղաքականությունը: Նույն նախաձեռնությամբ հանդես է եկել նաև փոխվարչապետ Կախա Կալաձեն (Վրաստանում հոկտեմբերի վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն – JAMnews):

Իշխող կուսակցության ծրագրում առկա ընդհանուր խոսքերից և դրա ներկայացուցիչներից մի քանիսի անձնական կարծիքից բացի իշխանությունները մինչ այս երբեք չեն սատարել նարկոքաղաքականության ազատականացմանը:

Կառավարության անդամներին զուգահեռ իրենց կարծիքները փոխել են նաև պատգամավորները: Փոխխոսնակ Գեորգի Վոլսկու խոսքով՝ նարկոքաղաքականության երկարաժամկետ բարեփոխման մասին օրինագծերի փաթեթը պատգամավորներին կներկայացվի աշխանային նստաշրջանին: Իսկ հունիսի 16-ին պատգամավորները կողմ են արտահայտվել արդարադատության նախարարության մշակած օրինագծին, որի համաձայն՝ չոր մարիխուանայի 70 գրամն ու թացի 140 գրամը քիչ քանակ է համարվում, որի ձեռքբերման և պահպանման համար միայն վարչական պատիժ է հասնում:

Սակայն իրականում թե որքանով կազդի իշխանությունների մեղմացած տոնն օրենսդրության վրա և արդյոք դա միայն նախընտրական քայլ չէ, դեռևս հայտնի չէ:

«Սպիտակ աղմուկի» ակտիվիստ Բեքա Ցիկարիշվիլին կարծում է, որ «Բիրժա մաֆիայի» շուրջ սկանդալն արագացրել է ազատականացման գործընթացը: Այլ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին նա մասնակցել է օրինագծի նախապատրաստմանը, որը կառավարությունը խորհրդարանին կներկայացնի աշնանը: Ցիկարիշվիլին ասում է, որ եթե նախագիծը հավանության արժանանա, նարկոքաղաքականությունը երկրում արմատապես կփոխվի: Ինչն, առաջին հերթին, նշանակում է պատժի փոխարեն բուժման վրա շեշտադրման փոփոխություն:

Վրաստանի խորհրդանի ընդդիմադիր բոլոր երեք կուսակցությունները՝ «Ազգային շարժումը», «Եվրոպական Վրաստանը» (նախկինում մեկ կուսակցության երկու մասերը, որի կառավարման տարիներին նարկոքաղաքականությունը նույնպես շատ կոշտ էր) և «Հայրենասերների դաշինքը», համաձայնում են  նարկոքաղաքականության անհապաղ ազատականցման անհրաժեշտությանը: Քանի որ գործող օրենսդրությունը, մի կողմից, նվաստացուցիչ է քաղաքացիների համար և ոչ համարժեք ծանր պատիժ է նախատեսում, մյուս կողմից, հաճախ կիրառվում է քաղաքական ընդդիմադիրների հետ հաշիվները մաքրելու համար: «Եվրոպական Վրաստանը» որպես օրինակ բերում է պատգամավոր Թենգիզ Գունավայի գործը: 2012թ-ի իշխանափոխությունից անմիջապես հետո նա ձերբակալվել է թմրանյութերի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով: Ավելի ուշ դատարանը նրան անմեղ է ճանաչել, իսկ ՆԳՆ-ից այդ փաստի պատճառով հինգ աշատակից է աշխատանքից ազատվել:

Առավել արմատական է իր պահանջներում «Գիրչի» քաղաքական կուսակցությունը: Կուսակցությունում համարում են, որ բոլոր տեսակի թմրանյութերի օգտագործումը պետք է ապաքրեականացվի, իսկ մարիխուանան՝ օրինականացվի: «Գիրչիում» մտածում են, որ դա երկրին ավելի մեծ տնտեսական օգուտ կբերի: Որպես օրինակ նրանք բերում են Պորտուգալիան, որտեղ բոլոր թմրանյութերն ապաքրեականացվել են 2001թ-ից:

Արդյունքում՝ կրկնակի կրճատվել է թմրամոլների թիվը, զգալիորեն կրճատվել են թմրանյութերի չարաշահումից մահվան դեպքերը, քչացել են ՁԻԱՀ-ով հիվանդները և բարելավվել է քրեական վիճակագրությունը:

Վրացի փորձագետների և թմրաբանների մեծ մասը կողմ է ազատականացման քաղաքականությանը: Սակայն նրանց շրջանում բացառություններ էլ են լինում. թմրաբան Գելա Լեժավան ասում է, որ եթե պետությունը զուգահեռ չսկսի փոխարինող թերապիայի և թմրամոլներին օգնելու ծրագրերի ֆինանսավորում, ազատականացման արդյունքում նրանց թիվը կարող է աճել: Լեժավան կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի թմրանյութեր օգտագործողների համար «ոչ հարմարավետ միջավայր» ստեղծելը՝ ներառյալ բարձր տուգանքները, սպառողների հանդեպ վերահսկողություն սահմանելը, կարճաժամկետ ձերբակալությունները:

Իսկ «Այլընտրանք Ջորջիա» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Դավիթ Օտիաշվիլին պնդում է, որ «բոլոր երկրներում, որտեղ օրենսդրության ազատականացում է տեղի ունեցել, իսկ այդպիսի օրինակներ շատ են, ոչ մի տեղ թմրանյութերի օգտագործման աճ տեղի չի ունեցել»: Նրա խոսքով՝ «ապաքրեականացումը ոչ մի կերպ չի նշանակում թմրանյութերի օգտագործման խրախուսում, ինչպես ոմանք կարծում են»:

Պատժի ուղղվածություն ունեցող նարկոքաղաքականության թեթևացման անհրաժեշտության մասին կարծիքը հավանաբար կիսում է նաև Վրաստանի հասարակության մեծ մասը: «Այլընտրանք Ջորջիա» կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 69%-ը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը: Իսկ 38%-ը կարծում է, որ «խոտ» ծխելու համար անգամ վարչական պատիժ չպետք է լինի: Մեծ մասը՝ 54%-ը, վստահ է, որ ազատազրկմամբ չպետք է պատժվի անգամ ներարկային թմրանյութերի օգտագործումը: Հարցվածների 70%-ը թմրամոլներին հանցագործ չի համարում և համաձայն է, որ պատժելու փոխարեն նրանց պետք է բուժել:


Կարդալ ավելին JAMnews-ում