ԱՄՆ-ն կկասեցնի Ուկրաինայի հետ անմաքս առևտուրը հեղինակային իրավունքների խախտումների պատճառով
Կիսվել
Կիսվել
Киев. REUTERS/Глеб Гаранич
ԱՄՆ-ն ժամանակավորապես կկասեցնի Ուկրաինայից ապրանքի անմաքս ներկրման մինչև 2018թ-ը գործող ռեժիմը, քանի որ Վաշինգտոնում համարում են, որ Ուկրաինայում չեն պաշտպանվում հեղինակային իրավունքները:
Այս մասին հաղորդում է Հրոմադսկոյեն՝ վկայակոչելով Բի-Բի-Սիի ուկրաինական ծառայությունը:
Դեռևս 2017թ-ի ապրիլին ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակը հրապարակել է ամենամյա հերթական հաշվետվությունը, որը նվիրված է աշխարհում հեղինակային իրավունքի հետ կապված իրավիճակին, որում Ուկրաինան կրկին հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց հանդեպ գերատեսչությունն առաջնահերթ դիտորդություն է իրականացնում:
Այդ ցուցակում հայտնված մյուս եկրների շարքում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան, Թաիլանդը, Ալժիրը, Արգենտինան, Չիլին, Քուվեյթն ու Ինդոնեզիան:
Հաշվետվությունում նշվում էր, որ Ուկրաինան անմիջական վերահսկողության տակ է մի քանի պատճառով: Դրանցից մեկը հեղինակային իրավունքների կոլեկտիվ կառավարման ոչ թափանցիկ վարչարարությունն է: Երկրորդ պատճառն Ուկրաինայի պետական հաստատություններում չարտոնված ծրագրային ապահովման օգտագործումն է: Երրորդ պատճառը համացանցային ծովահենության դեմ պայքարի միջոցների արդյունավետ համակարգի բացակայությունն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան Կոնգրեսին նամակ է ուղղել: Դրանում ընդգծվում է, որ անմաքս առևտրի պայմաններից մեկն ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանությունն է:
Ենթադրվում է, որ առևտրային արտոնությունները կկասեցվեն 4 ամսով. այդ ժամկետն Ուկրաինային կտրվի, որպեսզի նա զգալիորեն բարելավի ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության իր համակարգը:
2015թ-ին Ուկրաինան մոտ 5 հազար ապրանքի ԱՄՆ անմաքս արտահանման թույլտվություն է ստացել մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ԱՄՆ արտոնությունների գլխավոր համակարգի ծրագրի շրջանակում: