ԱՄՆ. զոհերի կանխատեսում՝ 100-ից 240 հազար մարդ
Մի ամբողջ ավիակիր է վարակվել է: Թոքերի արհեստական օդափոխության սարքերի կրիտիկական պակաս կա: Վերջապես Թրամփը իրավիճակին լրջորեն է մոտենում:
Կանխատեսում
ԱՄՆ նախագահին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող շտաբի ղեկավարները կանխատեսում են արել. նրանք սպասում են, որ երկրում 100 հազարից մինչև 240 հազար քաղաքացի կարող են դառնալ հիվանդության զոհ:
2020 թվականի ապրիլի 2-ին ԱՄՆ-ում հիվանդության 215,300 հաստատված դեպք կա, աշխարհում ամենաբարձր ցուցանիշը: Մահացել է 4,110 մարդ:
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը ապրիլի 2-ին 936,204 է: Մահացել է 47,249 մարդ: Առողջացել է 194,578 մարդ:
Ավիակիրը և Նյու Յորքը հիմնական տուժածներն են
Հիմնական նորությունը նավաստիների վարակումն էր «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա, որն այժմ կանգնած է Գուամ կղզու նավահանգստում: 4000 հոգուց բաղկացած թիմից արդեն ավելի քան 100-ի թեստը դրական է:
Կապիտան Բրեթ Քրոզյեն չորս էջանոց նամակ է գրել հրամանատարությանը, որում նախազգուշացրել է, որ ավիակիրը չունի մեկուսացման համար բավարար հնարավորություններ: Թիմը փրկելու համար այն շտապ պետք է տարհանվի, ասվում է նամակում:
«Մենք պատերազմի մեջ չենք, նավաստիները չպետք է մահանան»,- գրել է Քրոզյեն:
Նյու Յորքի նավահանգստում խարիսխ է գցել լողացող ռազմական հիվանդանոցը: Նրա խնդիրն է ընդունել հասարակ ախտորոշմամբ հիվանդներին, որպեսզի թեթևացնի կորոնավիրուսի դեպքերի հետ աշխատող քաղաքային հիվանդանոցների բեռը:
Հենց Նյու Յորքում հայտնի Կենտրոնական զբոսայգում առանձնացված է դաշտային հիվանդանոց: Այս քաղաքը դարձել է համաճարակի էպիկենտրոնը: Այստեղ մահացել է գրեթե երկու հազար մարդ:
Նախագահ Թրամփը հասկացավ իրավիճակի լրջությունը
Երկար ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները քննադատում էին նախագահ Թրամփին հետևյալի համար.
● Սկզբում նա հերքեց համաճարակի վտանգը:
● Հետո թերագնահատեց դրա մասշտաբները:
● Քննադատեց նահանգապետերին, ովքեր, առանց սպասելու կենտրոնական կառավարության որոշումներին, իրենց նահանգներում իրականացրին արտակարգ միջոցառումներ:
Դատելով այն բանից, թե որքան լուրջ և լարված էր Թրամփը ապրիլի 1-ի ասուլիսում, որտեղ հայտարարվել էր զոհերի հավանական թիվը` 100-ից մինչև 240 հազար, նա վերջապես գիտակցեց կատարվածի լրջությունը:
«Ժամանակի կորստի պատճառով այժմ կարող են կյանքի կորուստներ լինել»,- հայտարարեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: