ԱՄՆ դեսպանատունը սուր հայտարարություն է հրապարակել TBC բանկի գործի առնչությամբ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հատուկ հայտարարությամբ է արձագանքել Գլխավոր դատախազության կողմից Վրաստանի խոշորագույն՝ TBC բանկի համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ առաջադրված մեղադրանքներին:
Հայտարարությունը կարճ է, բաղկացած է երեք պարբերությունից, բայց դրա յուրաքանչյուր նախադասություն կարևոր շեշտադրություն ունի:
Այդ հայտարարությունը դարձել է սուր քննարկումների թեմա Թբիլիսիում:
Հայտարարության մեջ բացահայտ կասկած է արտահայտվում բանկիրների դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ:
«Մենք վրդովմունք ենք հայտնում մեղադրանքների համատեքստի և դրա համար ընտրված ժամանակի առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանի արևմտյան ինտեգրման, ինչպես նաև երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար կենսական կարևոր նշանակություն ունի «անկաշառ և թափանցիկ իրավական համակարգը՝ զերծ քաղաքական ազդեցությունից», — ասվում է հայտարարության մեջ:
•Ինչու՞ է նախկին վարչապետ Իվանիշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկիրի դեմ
•Վրաստան. խոշոր գործարարը, որն իշխանությունների հետ վեճի մեջ է, հասարակական շարժում է ստեղծում
Հայտարարության մեջ հիշատակվում է Անակլիայի նավահանգիստը՝ որպես ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող նախագիծ:
«Մենք նախկինի պես աջակցում ենք Անակլիայի նավահանգստի նախագծին, որը ամերիկյան զգալի ներդրումների աղբյուր է Վրաստանում և որը ներուժ ունի նպաստել երկրի տնտեսական զարգացմանը»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
Քաղաքական հետազոտողները նշում են, որ հայտարարության մեջ Անակլիայի նավահանգստի հիշատակումը ցույց է տալիս, որ, հնարավոր է, Խազարաձեի և Ջափարիձեի խնդիրները կապված են հենց Անակլիայի նավահանգստի շինարարության հետ, որը հաստատում են հենց իրենք՝ բանկիրները:
[toggle title=”ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն ամբողջությամբ.”]
Մենք ուշիուշով հետևում ենք այն երևույթներին, որոնք զարգանում են TBC բանկի համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ Վրաստանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքների շուրջ:
Մենք վրդովմունք ենք հայտնում մեղադրանքի համատեքստի և դրա համար ընտրված ժամանակի կապակցությամբ: Անկաշառ և թափանցիկ իրավական համակարգը՝ զերծ քաղաքական ազդեցությունից, կենսական կարևոր նշանակություն ունի Վրաստանի արևմտյան ինտեգրման և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործում:
Մենք նախկինի պես աջակցում ենք Անակլիայի նավահանգստի նախագծին, որը Վրաստանում ամերիկյան զգալի ներդրումների աղբյուր է, և որը ներուժ ունի՝ նպաստելու երկրի տնտեսական զարգացմանը:
[/toggle]
Վրաստանի գլխավոր դատախազությունը հուլիսի 24-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել TBC բանկի համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ: TBC բանկի գործարքներից մեկի գործով դատախազությունը քննություն է սկսել 2018թ. օգոստոսին:
Դատախազությունը հայտարարում է, որ քննությունն ապացույցներ ունի, որոնք հաստատում են Մամուկա Բախտաձեի և Բադրի Ջափարիձեի կողմից 16 միլիոն 754 հազար ամերիկյան դոլարի չափով անօրինական եկամուտների օրինականացման փաստը: Այդ գործարքից բանկիրները ստացել են առանձնակի խոշոր չափի եկամուտ, կարծում է դատախազությունը:
Խոսքը 11 տարի առաջ՝ 2008թ., տեղի ունեցած գործարքի մասին է: Իրենք՝ Խազարաձեն և Ջափարիձեն, մեղադրանքն անհեթեթություն են համարում: Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ 11-ամյա վաղեմության գործարքի շուրջ գործ է հարուցվել, քանի որ իշխանությունները ցանկանում են դադարեցնել Անակլիայի խորը ջրային նավահանգստի շինարարությունը: Նավահանգստի շինարարությանն աջակցում է ԱՄՆ-ն: Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես իր շահերին դեմ ծրագիր: