Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները․ 30 տուժած մարդ և աստղադիտարանի ճաքած պատեր
Կիսվել
Կիսվել
Լուսանկարը՝Azertag
Երկու կոտրվածք, մեկ սալջարդ, արյան զեղում և մեծ սթրես․ այսպիսին են փետրվարի 5-ի գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։ Զոհեր չկան։
Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 30 մարդ։ Նրանցից երեքը վնասվածքներ են ստացել, մեկն ուղեղի արյան զեղում, մնացածները բողոքել են հիմնականում սթրեսի հետևանքով արյան ճնշման բարձրացումից։
Երկրաշարժի հետևանքով տուժել են նաև բնակելի տներ, ճաքեր են հայտնվել հինգ դպրոցի պատերին, մի թեթև վնասվել է Շամախու աստղադիտարանի շենքը։
Փետրվարի 7-ին Շամախի է ժամանել նախագահ Իլհամ Ալիևը՝ դեպքի վայրը տեսնելու և բնակչության հետ շփվելու։
Երկրաշարժի էպիկենտրոնը Շամախ-Իսմայիլի շրջանն է եղել (մայրաքաղաքից 130կմ դեպի հյուսիս-արևմուտք)։ Երկու ուժեղ ցնցում է գրանցվել 4-5 բալ մագնիտուդով և մի քանի պակաս ուժգնության ցնցումներ։ Առավել շատ տուժել է Շամախի քաղաքը։
Բաքու են հասել երկրաշարժի միայն արձագանքները։ Քաղաքի որոշ շրջանների բնակիչներ ակնհայտ զգացել են ցնցումները, մյուսներն ընդհանրապես ոչինչ չեն զգացել։
Երկրաշարժն ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում։ Մարդիկ կիսվում էին իրենց տպավորություններով։ Ոմանք պաշտոնյաներին էին մեղադրում, որ «նախապես չեն զգուշացրել» (այն բանին, որ երկրաշարժը հնարավոր չէ կանխատեսել, նրանք չեն հավատում)։
Շամախին Ադրբեջանի ամենասեյմաակտիվ հատվածն է։ Առավել ուժեղ և ավերիչ երկրաշարժեր այստեղ տեղի են ունեցել 1859թ-ին և 1902թ-ին։ Բաքվում երկրաշարժեր հազվադեպ են լինում։ Ամենահիշված երկրաշարժը տեղի է ունեցել 2000թ-ին․ լուրջ ավերածություններ տեղի չէին ունեցել, սակայն մեկ մարդ շոկից մահացել էր, ևս 31-ը վնասվածքներ էին ստացել։