Ադրբեջանում շները հինգ հազար մարդու են կծել ընդամենը երեք ասմում
Ադրբեջանում սրվել է թափառական շների հետ կապված իրավիճակը։ Քաղաքացիներից ոմանք պնդում են, որ ագրեսիվ շները սկսել են ավելի հաճախ հարձակվել մարդկանց վրա և դրանցից պետք է ազատվել։ Կենդանիների պաշտպանները մարդասիրության կոչ են անում։
Ինչո՞ւ է այս հարցն այդքան սրվել հենց այժմ
Ադրբեջանում թափառական շների շուրջ վեճը նոր չէ․ սոցցանցերում և լրատվամիջոցներում այդ թեման բազմիցս բարձրացվում է։ Այս անգամ այն արդիական է դարձել այն բանից հետո, երբ Բաքվի մերձակայքում գտնվող Սուլութափա ավանում կատաղած շունը հարձակվել է չորս տարեկան երեխայի վրա և վնասել դեմքը։
• Երջանիկ շներ և ևս ինը բան, որ Ստամբուլում զարմացնում է բաքվեցուն
• Վեճեր Ադրբեջանում՝ սոցիալական ցանցերի շուրջ
Այնպես էր համընկել, որ այդ նույն օրը կենդանիների պաշտպաններն ակցիա էին կազմակերպել։ Նրանք հավաքվել էին Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ՝ պահանջելով թափառական շներին պաշտպանել թափառական շների «Թոփլան» խնամքի կենտրոնից։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ թափառական շներին ապաստան տալու և նրանց մասին հոգ տանելու փոխարեն, այդ կենտրոնի աշխատակիցները բռնում և սպանում են կենդանիներին։
Այդ իրադարձությունները վրդովեցրել էին հասարակությանն ու դաժան քննարկումներ առաջացրել։
Մարդկանց վրա շների հարձակումների դեպքերի մասին ուրիշ տեղեկություններ էլ հայտնվեցին։ Այսպես, օրինակ, պարզվեց, որ ապրիլի 21-ին Բաքվի ծայրամասում մի դպրոցական, փախչելով շների ոհմակից, դուրս էր թռել ճանապարհի երթևեկելի մաս, և վթարի ենթարկվել։ Երեխան թեթև վնասվածքներ էր ստացել։
Առողջապահության նախարարությունը պատմել է, որ 2019թ-ի առաջին երեք ամսում Ադրբեջանում տուժել է գրեթե հինգ հազար մարդ, իսկ 2018 թ-ին՝ ավելի քան 20 հազար։
Հակադարձ կարծիքներ
«Փողոցային շների ագրեսիան նվազեցնելու համար, նրանց պետք է ստերիլացնել։ Այդ վիրահատությունից հետո նրանք անվտանգ են դառնում։ Պետք է նաև զգույշ լինել թափառական կենդանիների հետ։ Մարդիկ նրանց տանջում են, և նրանք ի պատասխան ագրեսիա են արտահայտում։ Հոգատարությամբ շրջապատված, կուշտ կենդանիները մարդկանց վրա չեն հարձակվում»։
«Թափառական շներին պետք է սպանել։ Այդպես արել են բոլոր ժամանակներում։ Ադրբեջանում թափառական շների պաշտպանությունը վատ պրակտիկա է, որը փոխառվել է արևմտյան երկրներից։ Սակայն չի կարելի թափառական շներին մարդկանց աչքի առաջ սպանել։ Լավ կլիներ, եթե շներին որոշակի վայրերում սպանեին»։
Մեկնաբանություններ սոցցանցերից.
«Քանի դեռ չենք կարողացել վերահսկել թափառական շների քանակը, նրանց պետք է ոչնչացնել»;
«Շներին պետք է փողոցներից դուրս բերել, սակայն ոչ կրակելու միջոցով։ Թող հատուկ ապաստարաններ կառուցեն և ստերիլացնեն։ Եվ մի ասեք, թե փող չկա։ Մի քանի կաշառակերի որ թափ տան, 200 ապաստան կսարքեն»;
«Սկզբից պետք է կաշառակերներին ոչնչացնել, հետո՝ կատաղած շներին»։