Ադրբեջանում անտառահատումներ են անում պնդուկ աճեցնելու համար։ Էկոակտիվիստներն ահազանգում են
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի հյուսիսում հարյուրավոր հեկտար թուփ ու անտառ է հատվում։ Բնապահպանության նախարարությունն այդ տարածքը վարձակալության է հանձնել մասնավոր ընկերության, որն այնտեղ պնդուկ է աճեցնելու։ Վարձակալության ժամկետը 49 տարի է։ Էկոակտիվիստներն ահազանգում են և կոչ անում կանգնեցնել անտառահատումը։
Ecofront բնապահպանական կազմակերպությունը փորձում է կատարվածի վրա հրավիրել հանրության ուշադրությունը։ Էկոակտիվիստների կարծիքով՝ դա հակասում է անտառային ֆոնդի մեջ մտնող տարածքների վարձակալության կանոնների մասին նախագահի հրամանին։
«Մենք կոչ ենք անում ժամանակավորապես դադարեցնել ծառահատումները, այս հարցի հանրային քննարկում և անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգեր անցկացնել։ Սակայն, ի պատասխան մեր այս կոչերի, աշխատանքների տեմպը միայն արագանում է», — գրում է Ecofront-ը Ֆեյսբուքի իր էջում։
Ակտիվիստները նշում են նաև հնարավոր տնտեսական վնասի մասին։ Ադրբեջանն ակտիվորեն պնդուկ է արտահանում, և Ecofront-ը կարծում է, որ, եթե ադրբեջանական պնդուկն աճեցվելու է հատված անտառների գնով, դա կվնասի աշխարհում ապրանքի իմիջին և պահանջարկին։
Տեղի բնակիչներ․ «Մեզ զրկում են ապրուստի միջոցից»
Անտառների ոչնչացումից դժգոհ են նաև Շեքիի Բիդեիզ գյուղի բնակիչները, որի մերձակայքում ավելի քան 300 հեկտար թուփ ու ծառ է հատվում։
«Եթե մեզնից մեկն իր կարիքների համար գոնե մեկ ծառ կտրի անտառում, մեզ կլորիկ գումարով կտուգանեն։ Իսկ այստեղ ինչ-որ գործարարներ հեկտարներով են կտրում ծառերը, և դա ոչ ոքի չի հետաքրքրում», — ասում է թոշակառու Շաբան Օսմանովը։
«Մի կողմից, հեռուստացույցով մշտապես խոսում են կանաչապատման մասին, մյուս կողմից՝ հատում մեր հիանալի հին անտառները։ Բացի այդ, այս հողերում արածում են մեր անասունները։ Իսկ անասնապահությունը մեր եկամտի հիմնական աղբյուրն է», — հավելում է նույն գյուղի մեկ այլ բնակիչ Ջավիդ Իսմայլովը։
Նախարարություն․ «Ամեն ինչ՝ ի շահ մարդկանց»
Բնապահպանության և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Աղագարդաշ Գարաշովը հայտարարել է, որ անտառահատումները բացառապես բարի նպատակների են ծառայում․
«Այդ տարածքները վարձակալությամբ են տրվել անտառային ֆոնդի ներուժի ռացիոնալ օգտագործման համար։ Ագրոայգիների ստեղծումը նոր աշխատատեղեր կստեղծի, բնակչությանը մրգով կապահովի, կբարելավի նրա սոցիալ-տնտեսական դրությունը»։
Ավելին, նրա խոսքով՝ «նախարարությունը շարունակելու է երկարաժամկետ վարձակալության տալ անտառային ֆոնդում ներառված բաց տարածությունները»։