Ադրբեջանն ընդդեմ արևմտյան ԶԼՄ-ների. Բաքուն ահազանգում է «տեղեկատվական արշավի» մասին
Ադրբեջանն ընդդեմ արտասահմանյան ԶԼՄ-ների
Միջազգային լրատվամիջոցներում Ադրբեջանի վերաբերյալ չորս տարբեր հրապարակումներ են հայտնվել՝ լեհական TVP World հանրային հեռուստաալիքի հաղորդումը քաղաքական բռնաճնշումների մասին, The Independent-ի հրապարակումը Ալի Քերիմլիի կալանքի պայմանների մասին, BBC-ի վերլուծությունը քաղբանտարկյալների մասին և The Guardian-ի՝ Ղարաբաղի մասին վավերագրական ֆիլմի գրախոսությունը։
Բաքուն այդ հրապարակումներին արձագանքել է երկու պաշտոնական հայտարարությամբ։ TVP World հաղորդման կապակցությամբ Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Մեդիայի զարգացման գործակալությունը իր հայտարարության մեջ մյուս երեք հրապարակումները ներկայացրել է որպես մեկ միասնական «նպատակաուղղված տեղեկատվական արշավի» հնարավոր բաղադրիչներ։
Այնուամենայնիվ, նյութերի առանձին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք տարբերվում են թեմայով, ժանրով և տեղեկատվության աղբյուրներով։
TVP. միջազգային հաջողություն և ներքին բռնաճնշումներ
TVP World-ի օգոստոսի 26-ին հեռարձակած «Խաղաղությունն Ադրբեջանում ուղեկցվում է բռնաճնշումներով» հաղորդման կենտրոնական հարցն այն է, թե ինչու Բաքվի միջազգային ազդեցության աճի պայմաններում ներքաղաքական տարածքը շարունակում է նեղանալ։
Հաղորդման մեջ քննարկվում են AbzasMedia, Meydan TV և Toplum TV ընկերությունների լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և հետազոտողների դեմ հարուցված քրեական գործերը։ Հաղորդավար Բենջամին Լին և İPEK կենտրոնի փոխտնօրեն Թուրքան Բոզքուրտը քննարկում են նավթային եկամուտները, իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի շրջանակներում, Ղարաբաղում հաղթանակին Իլհամ Ալիևին հաղորդած լեգիտիմությունը, Արևմուտքի հետ հարաբերությունները և ազգային փոքրամասնությունների իրավիճակը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդումն անվանել է կողմնակալ, իսկ հաղորդավարի վարքագիծը՝ սադրիչ։ Քանի որ TVP-ն ֆինանսավորվում է Լեհաստանի պետական բյուջեից, ադրբեջանական կողմը հաղորդման բովանդակությունը կապել է Լեհաստանի պետական դիրքորոշման հետ և դրա հեռարձակումը գնահատել որպես «ոչ բարեկամական քայլ»։
The Independent. Ալի Քերիմլիի կալանքի պայմանները
Բրիտանական պարբերականի օգոստոսի 30-ին հրապարակած հոդվածը կենտրոնանում է ավելի կոնկրետ թեմայի վրա: Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի ընտանիքն ու փաստաբանները պնդում են, որ կալանավորված գործիչը զրկված է անվտանգ խմելու ջրից, օդափոխությունից, բավարար քնից, զբոսանքներից և ընթերցանությունից: Human Rights Watch-ի ներկայացուցիչը նշում է, որ հանրությանը նրա գործի վերաբերյալ համոզիչ ապացույցներ չեն ներկայացվել: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաստատում է, որ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների ժամանակ:
Հոդվածի հուզական վերնագիրն ուշադրություն է հրավիրում Քերիմլիին «կոտրելու» փորձի մասին ընտանիքի պնդման վրա: Ավելին, հոդվածում որպես նրա դեմ առաջադրված մեղադրանք մատնանշված է «պետական դավաճանությունը»: Մինչդեռ պաշտոնապես նա մեղադրվում է բռնի իշխանազավթման և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունների մեջ: Սա այն կոնկրետ կետն է, որի վերաբերյալ Բաքուն կարող է ուղղում պահանջել:
Պարբերականը նաև հաղորդում է, որ մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել Ադրբեջանի արտգործնախարարության հետ, բայց պատասխան չի ստացել:
BBC. Թվեր և Իգբալ Աբիլովի գործը
BBC-ի ռուսական ծառայության «Ինչո՞ւ է Իլհամ Ալիևն ուժեղացնում բռնաճնշումները» հոդվածը, որը հրապարակվել է օգոստոսի 31-ին, կենտրոնանում է ոչ թե Ալի Քերիմլիի, այլ թալիշցի հետազոտող Իգբալ Աբիլովի վրա, որը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։
BBC-ն վերլուծել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի 2021 թվականից մինչև 2026 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածի ցուցակները և եզրակացրել, որ քաղբանտարկյալների թիվն ավելի քան եռապատկվել է, իսկ քաղաքական դրդապատճառներով գործերի համար ազատազրկման միջին ժամկետը 2026 թ․-ին հասել է մոտավորապես 12 տարվա։ Հոդվածում խոսվում է նաև AbzasMedia-ի, Radio Azadliq-ի և Toplum TV-ի գործերի, ինչպես նաև հետազոտողներ Բահրուզ Սամեդովի և Իգբալ Աբիլովի դատավարությունների մասին։
Այն փաստը, որ հաշվարկները հիմնված են մեկ իրավապաշտպան կազմակերպության ցուցակների վրա, կարող է դառնալ քննարկման առարկա։ BBC-ն մանրամասն բացատրում է իր մեթոդաբանությունը, մեջբերում է Իլհամ Ալիևի դիրքորոշումը, որը հերքում է քաղաքական հետապնդումները, ինչպես նաև հայտնում, որ կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն որևէ պատասխան չի ստացել։
Ո՞վ է սահմանափակում պաշտոնական դիրքորոշման հասանելիությունը
MEDİA գործակալությունը արտասահմանյան խմբագրություններին մեղադրում է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը չպարզելու մեջ։ Սա այն դեպքում, երբ 2025 թվականի փետրվարին Արտաքին գործերի նախարարության հրամանով BBC-ն փակեց իր Բաքվի բյուրոն, որը գործում էր 1994 թվականից։
ԱԳՆ-ն այդ որոշումը բացատրեց փոխադարձության սկզբունքով և գրասենյակի գործունեության համար իրավական հիմքերի բացակայությամբ։ Երբ տեղական բյուրոների գործունեությունը սահմանափակվում է, իսկ պետական մարմիններն անպատասխան են թողնում լրագրողների հարցումները, արտասահմանյան խմբագրությունները ստիպված են ավելի շատ հույսը դնել երկրից դուրս գտնվող փաստաբանների, հարազատների և փորձագետների վրա։
Այսպիսով, տեղեկատվական պատկերը, որը Բաքուն նկարագրում է որպես միակողմանի, մասամբ կարող է լինել կառավարության վարած լրատվական քաղաքականության հետևանք։
The Guardian: Ղարաբաղի մասին ֆիլմի գրախոսություն
The Guardian-ի նյութը քաղաքական հետաքննություն չէ։ Այն ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» վավերագրական ֆիլմի վերաբերյալ կարճ գրախոսություն է: Ֆիլմը պատկերում է Ղարաբաղի հայերի ռազմական փորձը երկու երեխաների և ոտքը կորցրած երիտասարդ զինվորի պատմությունների միջոցով։
Գրախոսության ներածության մեջ նշվում է, որ Ղարաբաղի հայերը կռվել են ադրբեջանական բանակի «անհամար ռազմական արշավների» դեմ։ Միևնույն ժամանակ, ղարաբաղյան առաջին պատերազմը, ադրբեջանցի ներքին տեղահանվածներն ու հակամարտության մյուս կողմը չեն հիշատակվում։ Ինքը՝ հեղինակը, նույնպես խոստովանում է, որ ֆիլմում բացակայում է ավելի լայն քաղաքական և պատմական ենթատեքստը։
Բաքուն սա համարում է միակողմանի մոտեցում։ Սակայն, կինոքննադատից ակնկալել, որ նա մեկնաբանություն կխնդրի Ադրբեջանի կառավարությունից, նշանակում է լրատվական լրագրության չափանիշները կիրառել մշակույթի լուսաբանման նկատմամբ։
Ի՞նչն է միավորում այս հրապարակումները
Չորս հրապարակումները միավորում է ոչ թե նրանց միջև ապացուցված համակարգվածությունը, այլ այն փաստը, որ նրանց կողմից ներկայացված Ադրբեջանի կերպարը տարբերվում է պաշտոնական նարատիվներից։
TVP-ն և BBC-ն կասկածի տակ են դնում ներքին կայունության և քրեական հետապնդումների օրինականության վերաբերյալ իշխանությունների փաստարկները։ The Independent-ը հարցեր է բարձրացնում կոնկրետ բանտարկյալի պահման պայմանների վերաբերյալ։ The Guardian-ը ղարաբաղյան պատերազմը ներկայացնում է հիմնականում հայկական կողմի փորձառության միջոցով։
Այսպիսով, այս հոդվածները լուսաբանում են տարբեր թեմաներ, բայց մեկ շաբաթվա ընթացքում դրանք շոշափում են պետության համար զգայուն երեք ոլորտներ՝ ներքին քաղաքական վերահսկողություն, միջազգային գործընկերների հետ հարաբերություններ և Ղարաբաղի հետ կապված պատմական նարատիվ։ Բաքուն դրանք ընկալում է որպես միասնական հարձակման մաս ոչ թե բովանդակության նմանության, այլ այն պատճառով, որ դրանք բոլորը տարբերվում են այն միջազգային կերպարից, որը ձգտում են ձևավորել ադրբեջանական իշխանությունները։
Արդյո՞ք կան «տեղեկատվական արշավի» ապացույցներ
MEDİA գործակալության հայտարարությունը չի նշում, թե հրապարակումներում որ փաստերն են սխալ, ինչպես նաև չի տրամադրում որևէ տվյալ, որը կարող է վկայել խմբագրական թիմերի միջև համակարգված աշխատանքի մասին։ Այն նաև պնդում է, թե նյութերի հեղինակները որևէ փորձ չեն արել պարզելու համար Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը։
Միևնույն ժամանակ, The Independent-ը հաղորդում է, որ հարցում է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, BBC-ն մեջբերում է նախագահի դիրքորոշումը և նշում, որ դիմել է Քրեակատարողական ծառայությանը՝ մեկնաբանություն ստանալու համար։
Յուրաքանչյուր հրապարակման հետ կապված առանձին արձագանքն ավելի համոզիչ կլիներ։ The Guardian-ի դեպքում կարելի էր մատնանշել պատմական համատեքստում առկա փաստական անճշտությունները, The Independent-ին՝ փաստաթղթավորված պատասխան տրամադրել Քերիմլիին վերագրվող մեղադրանքների և նրա կալանքի պայմանների վերաբերյալ, իսկ BBC-ին՝ այլընտրանքային տվյալներ տրամադրել քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկվելու չափանիշների և պատիժը կրելու վիճակագրության վերաբերյալ։ TVP-ից կարելի էր նաև խնդրել եթերում նշված պնդումներին արձագանքելու հնարավորություն։
Բոլոր նյութերը մեկ հայտարարության մեջ միավորելը և դրանք որպես քաղաքական դրդապատճառներով արշավ ներկայացնելը ջնջում է դրանց միջև եղած տարբերությունները։ Ավելին, կոնկրետ հերքումների բացակայությունը չի փակում քննարկումը, ընդհակառակը՝ ստեղծում է նոր հրապարակումների հիմք։
Առկա դիմակայությունը չի սահմանափակվում «Բաքվի և արևմտյան լրատվամիջոցների» միջև բախմամբ։ Հիմնական խնդիրն այն է, որ պետությունը փաստական սխալները, խմբագրական գնահատականները, իրավապաշտպանների հայտարարությունները և նույնիսկ ֆիլմերի գրախոսությունները դասակարգում է նույն քաղաքական հովանոցի ներքո։ Այս մոտեցումը չի մեղմացնում քննադատությունը, ընդհակառակը՝ տպավորություն է ստեղծում, որ տարբեր խմբագրակազմերն իսկապես գործում են որպես մեկ միասնական ճակատ։
Չնայած գործակալությունը հայտարարել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկելու իր մտադրության մասին, այն չի հստակեցրել՝ արդյո՞ք դա ենթադրում է հերքում և պատասխանի իրավունք, պաշտոնական բողոք, թե՞ որևէ այլ քայլ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանն ընդդեմ արտասահմանյան ԶԼՄ-ների