Ադրբեջանն արգելել է Իրանից թռչնամիս ներկրել «թռչնագրիպի» սպառնալիքի պատճառով
Իրանից կենդանի թռչնի և թռչնամսի ներկրումն Ադրբեջան ժամանակավորապես արգելվել է հարևան երկրում «թռչնագրիպի» համաճարակի կապակցությամբ:
Ադրբեջանի անասնաբուժական վերահսկողության պետական ծառայությունը հաղորդել է, որ Իրանում թռչնագրիպի տարածման պատճառով 25մլն թռչուն է ոչնչացվել: Վարակը տարածված է հատկապես հյուսիս—արևմտյան՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում: Սակայն հիվանդությունը շարունակվում է տարածվել:
Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գտնվում է չվող թռչունների միգրացիոն ճանապարհին, այդ հիվանդության տարածման կանխարգելման նպատակով Անասնաբուժական վերահսկողության ծառայությունը կոչ է արել թռչնային տնտեսություն ունեցող ֆերմերներին և քաղաքացիներին թռչուններին պահել փակ տարածքում:
Ադրբեջանն արգելել է ոչ միայն կենդանի թռչնի, այլ նաև թռչնամսի և հավկիթի ներկրումը, հաղորդել է ծառայության մամուլի խոսնակ Յոլչու Խանվելին «Թրենդ» գործակալությանը:
Ասիական զարգացման բանկն Ադրբեջանին 50 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել վտանգավոր հիվանդության դեմ պայքարի միջոցառումների իրականացման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար: Իսկ Պետական նավթային հիմնադրամի տրամադրած գումարով ձեռք են բերվել հետազոտման համար անհրաժեշտ ապարատներ:
Անասնաբուժական վերահսկողության պետական ծառայության պետ Իսմայիլ Հասանովը հայտարարել է, որ «թռչնագրիպի» վիրուս Ադրբեջանում չի հայտնաբերվել, այդ պատճառով էլ կարելի է համարձակ գնել և օգտագործել երկրի բրոյլերային տնտեսությունների արտադրած թռչնամիսը, փոխանցում է «ԱզերԹաջ» պետական տեղեկատվական գործակալությունը: