Ադրբեջանցի քաղաքական փախստականներին այլևս ուրախ չեն Թբիլիսիում" />

Նոր Կասաբլանկայի լրտեսական կրքերը

Ադրբեջանցի քաղաքական փախստականներին այլևս ուրախ չեն Թբիլիսիում

Թբիլիսի, “հին քաղաք”: Լուսանկարը՝ JAMnews-ի

Երկրորդ աշխարհամարտի տարիներին փոքր, բայց հպարտ Կասաբլանկան՝ փոքր, սակայն հպարտ Մոնակոյի գլխավոր նավահանգստային քաղաքը, ամենատարբեր էմիգրանտների և քաղաքական փախստականների ձգողության կենտրոն դարձավ: Այստեղ էին փախչում ֆաշիզմից, որ հետո տեղափոխվեն ազատ երկրներ, և այստեղ է ծավալվել ռոմանտիկ պատմությունը, որի գլխավոր դերերը կատարել են Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը:

Մինչև վերջին ժամանակներս շատ ադրբեջանցիների համար նման Կասաբլանկա էր Թբիլիսին: Եվ, ինչպես հին ֆիլմում է, այստեղ բորբոքվում են ամենաիսկական լրտեսական կրքեր:

Երկիր, ուր կարելի է փախչել

Reporters without borders-ի համաձայն՝ Ադրբեջանը խոսքի ազատության վարկանիշում 162-րդ տեղն է զբաղեցնում: Քաղբանտարկյալների թիվն, ըստ տեղի իրավապաշտպանների գնահատականի, նույնն է մնում 2013թ-ից ի վեր «կադրերի արտահոսքի» պատճառով. նոր բանտարկյալները զբաղեցնում են նրանց տեղն, ովքեր դուրս են գալիս «մեղանչական նամակից» հետո, կամ ովքեր նստել են իրենց ժամկետը:

Իրավապաշտպանները որպես կալանքի ավանդական պատճառ նշում են չարտոնված ցույցերին մասնակցությունը, հանրային գործունեությունը, լրագրողական հետազոտությունը, սոցցանցերում կառավարության քննադատությունը: Պաշտոնական մեղադրանքները կարող են հետևյալ կերպ հնչել. թմրանյութերի տարածում, լրտեսություն, պետականության դեմ հանցագործություն և անկարգությունների կոչեր:

Յուրաքանչյուրն, ով «ռիսկի խմբում է», ճնշման դեպքում գործողությունների իր պլանն ունի: Որպես կանոն, դա կամ «վտանգավոր մասնագիտությունը» լքելն է, կամ պայքարն է մինչև վերջ՝ բանտախցում և Եվրոպական դատարան դիմումով, կամ փախուստը: Որպես փախուստի «լռելյայն» երկիր հանդես է գալիս Վրաստանը:

Այստեղ, ինչպես ադրբեջանցիներն են ասում, «ոստիկանից չես վախենում, երբ կողքով անցնում ես», «նախագահի անունը կարելի է ոչ շշուկով արտաբերել» և «այնպիսի տպավորություն է, թե բանտից արձակուրդ ես վերցրել»:

Թբիլիսին կովկասյան Կասաբլանկան է, ազատության կղզյակ և կայարան, որից հետո այլ տեղ պետք է տեղափոխվեն ադրբեջանական իշխանությունների համար անցանկալի տարրերը: Այստեղ վերջին տարիներին տեղափոխվել են մի քանի տասնյակ ադրբեջանցիներ՝ խուսափելով ենթադրվող կալանքից:

Սակայն բոլորովին վերջերս իրավիճակը սկսել է փոխվել:

Սպառնալիք Վրաստանի համար

«Լինում է, որ քեզ բացահայտ ողջ օրը հետևում են, իսկ հետո դռան տակ լուսանկարներ են թողնում, որտեղ երևում է, թե որտեղ ես եղել և ինչ ես արել», – թբիլիսյան կյանքի մասին է պատմում քաղաքական էմիգրանտ Աֆղան Մուխտարլին:

Բաքու, 2011 թ. Աֆղան Մուխտարլիին ցույցի ժամանակ փորձում է ձերբակալել ոստիկանությունը

Աֆղան Մուխտարլին երկար տարիներ լրագրող է աշխատել Ադրբեջանում: Ֆիզիկական ուժից բացի, որն անսովոր է նրա մասնագիտության մարդու համար, Մուխտարլին հայտնի է իշխանություններին քննադատելու հարցում իր հետևողականությամբ: Մի անգամ նա հետազոտական հոդված է գրել այն մասին, թե ինչպես է պաշտպանության նախարարությունը փողերը բաշխում, և ուր է կորչում պահածոյացված միսն ու այլ մթերքը: Դրանից հետո նա ստիպված էր տեղափոխվել Թբիլիսի:

«Վերջին 6-7 ամիսներին ադրբեջանցի քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, իրավապաշտպաններին, որոնք Վրաստան են տեղափոխվել, ձգտում են այստեղից դուրս հանել, – պատմում է Մուխտարլին: – Եթե մինչ այդ մենք ապրում, աշխատում և գործընկերների հետ առանց խնդիրների հանդիպում էինք, ապա այժմ մեզ մերժում են կեցության երկարաձգման հարցում: Այդպիսի խնդիրների բախվել եմ ես, լրագրող Լեյլա Մուստաֆաևան, քաղաքական ակտիվիստներ Գյունել Մովլուդը, Հաջի Հաջիևն ու այլք»:

Նախորդ տարվա վերջին զանգվածային կերպով սկսեցին կեցության իրավունքը հետաձգելու մերժումներ գալ օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, տեղահանության և փախստականների գործերով նախարարությունից՝ «Վրաստանի շահերի խախտում» և «բնակչության անվտանգության համար սպառնալիքի ստեղծում» ձևակերպումներով: «Ընդ որում, չեն ասում, թե հստակ ինչ սպառնալիք ենք մենք ստեղծում», – ասում է Մուխտարլին: Նրա խոսքով՝ նրան ու նրա գործընկերներին տարբեր ուժային կառույցներ են հրավիրել:

Աֆղանի նմանները Թբիլիսիում տասնյակներ են, իսկ նրա պատմությունն այսբերգի միայն գագաթն է: Նրա գործընկերների բացարձակ մեծամասնությունը, ում հետ մենք խոսել ենք, նույնպես պատմում են հետապնդումների և լրտեսության մասին, սակայն հրաժարվում են իրենց անունները հաղորդել։

Երբեմն պարզապես վախենում են վատթարացնել իրավիճակը, երբեմն վախենում են Ադրբեջանում մնացած ազգականների համար: Վրացական ոստիկանությունն ի պատասխան նրանց բողոքների ոչինչ չի ձեռնարկում, երբեմն ուղղակիորեն ասում է, թե «դուք աշխատում եք Վրաստանի շահերի դեմ»:

Դաշգն Աղալարլին՝ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամը, Ադրբեջանը լքել է 2014թ-ին, որից հետո նրան հանդեպ հետախուզում են հայտարարել հարկերի չվճարման համար: 2014թ-ի նոյեմբերին նրան կալանավորել են Վրաստանում, որտեղ նա 6 ամիս անցկացրել է ՔԿԸՀ-ում, որից հետո նրան ազատել են տեղի իրավապաշտպանները: Միայն 2017թ-ի սկզբին նա Վրաստանում քաղաքական ապաստան է կարողացել ստանալ, սակայն մարտի վերջին ներքին տեղահանվածների գործերով նախարարությունը բողոքարկել է այդ որոշումն, ու նա զրկվել է կարգավիճակից :

Ի տարբերություն մեծամասնության՝ Աղալարլին չի վախենում շփվել մամուլի հետ, քանի որ հուսահատ վիճակում է, իսկ լայն արձագանքն իր վերջին պաշտպանությունն է համարում: Եթե նա Վրաստանը չլքի մինչև մայիսի վերջ, նրան կարտաքսեն Ադրբեջան, որտեղ կկալանավորեն:

Պատճառը՝ բենզին և գա՞զ

Ի՞նչն է ստիպում վրացական իշխանություններին ճնշել ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին: Նրանցից շատերը համարում են, որ Վրաստանը տնտեսապես կախում ունի Ադրբեջանից, իսկ ադրբեջանական կառավարությունը դա որպես ճնշման գործիք է օգտագործում:

SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերությունը Վրաստանի խոշորագույն հարկատուն է և նրան բենզին ու գազ է մատակարարում:

Վարկածն այն մասին, որ Վրաստանը ճնշում է գործադրում դիսիդենտների վրա, որովհետև Ադրբեջանը ճնշում է Վրաստանին, անուղղակիորեն հաստատում է իշխանամետ կայքերից մեկում ցասումնալից հրապարակումների շարքը, որոնցում կշտամբանք է հնչում Վրաստանի հասցեին, որն Ադրբեջանին չի հանձնում քաղաքական փախստականներին: Նրանք պնդում են, որ Վրաստանը դավաճանում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, որից տնտեսապես կաված է: Եվ հպանցիկ հիշատակվում է, որ «մոտ 300 հազար ադրբեջանցիներ են ապրում Վրաստանում իրենց ի սկզբանե պատմական հողի վրա» :

Միակն, ով ապաստան է ստացել

Նոր «Կասաբլանկայի» ևս մեկ կերպար՝ իրավապաշտպան Վիդադի Իսքենդերլին այսօր միակ քաղաքական էմիգրանտ ադրբեջանցին է, որն ապաստան է ստացել Վրաստանում:

Սակայն սկզբում, Իսքենդերլիի խոսքով, նա ճնշում և սպառնալիքներ է վերապրել:

Նրան շատ և ցուցադրաբար հետևել են, իսկ մի անգամ՝ նույնիսկ խփել գլխին: Երկրորդ անգամ սպառնացել են նրա ընտանիքին, երրորդ անգամ՝ դեմքի առջև ատրճանակ են պարզել՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունը:

«Ես ու կինս աղջկաս հետ հանգստանում էին Աղվեսի լճում: Ես մի փոքր բացակայեցի թե չէ, նրանց երկու հոգի մոտեցան և ասացին. «Քո ամուսինը հաստատ միտքը չի փոխել: Դե, նայեք», – պատմում է Իսքենդերլին:

«Վրացական պետությունը չի կարող ինձ պաշտպանել, սակայն պաշտոնապես դա չի խոստովանում, – ասում է նա: – Ես ուզում եմ, որ նա ընդունի դա, որ ես կարողանամ այլ երկրների դիմել, որոնք կապահովեն իմ և ընտանիքիս անվտանգությունը»:

Պայքար ընդհատակի դեմ

«Ադրբեջանական ընդհատակի դեմ» պայքարի շրջանակում այս տարի Թբիլիսիում որոշ տեղացի ադրբեջանցիների կողմից ցույց անցկացվեց MeydanTV մեդիառեսուրսի դեմ: Կազմակերպիչները պնդում էին, որ MeydanTV-ն վնաս է հասցնում Վրաստանին:

MeydanTV –ն ռեսուրս է, որը վերջերս Ադրբեջանում արգելափակեցին դատարանի որոշմամբ : Լրագրողների մեծ մասը, որոնք դրա հետ աշխատել են, արդեն մի քանի տարի է ստոպ-ցուցակում են, այսինքն՝ նրանց պաշտոնապես արգելել են լքել երկիրը, բացի այդ, MeydanTV-ի թղթակիցներին բազմիցս կալանավորել են, ձերբակալել և հարցաքննել:

MeydanTV-ի աշխատակիցները, որոնք հասցրել են լքել Ադրբեջանը, հաճախ են Թբիլիսի գալիս հանդիպումների, սեմինարների և պարզապես ռեպորտաժներ պատրաստելու: Ապրիլի 19-ին, նրանցից մեկին՝ Ջամալ Ալիին, թույլ չտվին Վրաստան մտնել:

«Օդանավակայանում ինձ ոչինչ չբացատրեցին, նստեցրին Ստամբուլի ետադարձ չվերթի ինքնաթիռն ու այնտեղից՝ Բեռլին, – ասում է նա: Ընդ որում, ես ամենից շատ վախենում էի, որ ինձ կուղարկեն ոչ թե Բեռլին, այլ Բաքու»:

Կառավարական կայքն այդ առիթով գրում է. «Բայց ինչո՞ւ նրան չեն ձերբակալել: Եվ Ադրբեջանին չեն հանձնել: Եթե վրացական կողմը դիմեր Ադրբեջանին նմանատիպ խնդրանքով, ի՞նչ կաներ Բաքուն: Մի՞թե դա հայտնի չէ պաշտոնական Թբիլիսիին»:

Նույն հոդվածում հատ-հատ նշված են բոլոր քաղաքական էմիգրատնտները, որոնք ապրում են Թբիլիսիում, և նրանց բոլորին վիրավորական ձևով խարանում են որպես հայրենիքի դավաճանների և ընդդիմադիր դավադիրների:

Պաշտոնական պետական իրավապաշտպանի՝ Վրաստանի օմբուդսմենի (Ժողովրդական պատշպան) աշխատակազմը հայտարարել է.

«Մենք ուսումնասիրում ենք Ադրբեջանի քաղաքացիների մի քանի գործեր, սակայն դրանցից ոչ բոլորն են կապված կեցության իրավունք կամ քաղաքական ապաստան ստանալու հետ: Մեծ մասամբ այդ երկու հարցերում նրանց մերժելու պատպառը կապված է պետական անվտանգության հետ, ինչն իր հերթին կապված է գաղտնի նյութերի հետ, որոնց մասին մենք չենք կարող խոսել»:

Human rights center ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Նաթիա Թավբերիձեն Վրաստանում իրավական օգնություն է ցուցաբերում ադրբեջանցի քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին 2014թ-ից:

Նա ասում է, որ տվյալ պահին օգնության խնդրանքով մոտ 90 մարդ է դիմել:

Դա ոչ միայն ակտիվիստներն են, այլ նաև նրանց ընտանիքի անդամները: Միաժամանակ Թավբերիձեն չի կարող հաստատել, որ Վրաստանում ադրբեջանցի ակտիվիստների վիճակը վատթարացել է վերջին մի քանի ամսվա մեջ: Նրա խոսքով՝ դեռևս ոչ ոք չի փորձել խոչընդոտել կազմակերպության աշխատանքը: Թավբերիձեն ասում է, որ ադրբեջանցի ակտիվիստի արտաքսում Վրաստանից հետ դեպի Ադրբեջան չի եղել:

Նեստան Լոնդարիձեն՝ իրավաբան, որը զբաղվում է Վրաստանում Ադրբեջանի քաղաքացիների գործերով, ասում է, որ Ադրբեջանի քաղաքացիներին կեցության իրավունքի հարցում մերժելու դատարանի որոշման հիմք կարող են ծառայել Վրաստանի Պետանվտանգության ծառայությանը կից հակաահաբեկչական կենտրոնի եզրակացությունները: Ընդ որում, այդ տեղեկատվությունը գաղտնի է, և փաստաբանները չեն կարող ծանոթանալ դրան:

«Եղել է, որ դատական նիստի ժամանակ մենք դատավորի դեմքից կռահում էինք, որ նա կարդում է հակաահաբեկչական կենտրոնից ուղարկված փաստաթուղթ: Դատավորը վճիռ է կայացնում՝ հիմնվելով այն նյութերի վրա, որոնք մեզ հասանելի չեն», – ասել է Նեստան Լոնդարիձեն:

JAMnews-ը դիմել է Վրաստանի վերաբնակեցման և փախստականների հարցերով նախարարություն մի քանի հստակ դեպքերում Ադրբեջանի քաղաքացիներին կեցության իրավունքի հարցում մերժելու պատճառների մասին հարցով: Մենք ցանկանում էինք նաև իմանալ, թե ինչով է հիմնավորում նախարարությունը Վրաստանի համար սպառնալիքը, որն իբրև ներկայացնում են որոշ ադրբեջանցի ակտիվիստներ: Սակայն, չնայած բազմաթիվ խոստումներին, արդյունքում գերատեսչությունը մեզ հաղորդեց, որ վրացական օրենսդրության համաձայն՝ նման տեղեկատվությունը գաղտնի է, և նրանք մեզ այն չեն կարող տրամադրել:

JAMnews-ը դիմել է Վրաստանի Պետանվտանգության ծառայություն՝ խնդրելով հաստատել, որ գերատեսչությունը դատարաններին և այլ պետական կառույցներին Ադրբեջանի քաղաքացիների մասին գաղտնի տեղեկություններ է տրամադրում, արդյոք իրավախախտումներ են հայտնաբերվել կամ սպառնալիքներ, որ հստակ ակտիվիստներ ներկայացնում են անվտանգությանը: Նյութի հրապարակման պահին ծառայությունից պատասխան չէինք ստացել:

Վախ

Ահա թե ինչ է պատմում իրավապաշտպան, ադրբեջանական Կանանց ճգնաժամային կենտրոնի նախկին ղեավար Մեթանեթ Ազիզովան Բաքվից Թբիլիսի մեկնելու մասին Գլխավոր դատախազությունում հարցաքննվելուց հետո:

«Դուք լսե՞լ եք «կենդանական վախ» արտահայտությունը: Ես այն զգացել եմ: Այդ վախը հնարավոր չէ խոսքերով փոխանցել: Երբ ճանապարհին մեզ կանգնեցրեց ոստիկանությունը, ես մտածեցի՝ վերջ, սա վերջն է, երբ սահմանին ինձ կանգնեցրեց քաղաքացիական հագուստով մեկը, ես մտածեցի՝ սա վերջն է, երբ առավոտյան Թբիլիսիից զանգահարեցի տուն՝ Բաքու, և ինձ ասացին, որ տունս խուզարկել են, ես սարսափի մեջ էի՝ հասկանալով, թե ինչից կարողացա խուսափել: Բոլոր զգացմունքներս մեկ բանի վրա էր կենտրոնացած՝ վախ, և հետո միայն հուսահատություն, անորոշություն, գիտակցում, որ պետք է փրկես քեզ և հարազատներիդ:

Սակայն դա 2014թ-ին էր: Այն ժամանակ աջակցություն և օգնություն կար: Իսկ այսօր, ովքեր մնացել են Վրաստանում և չեն կարողացել Եվրոպա մեկնել, չլուծված հարցերի ճահճում են»:

Նմանատիպ նյութեր

5 մարդ է վիրավորվել Վրաստանում քաղաքական կուսակցության շտաբի վրա հարձակման արդյունքում

5 մարդ է վիրավորվել Վրաստանում քաղաքական կուսակցության շտաբի վրա հարձակման արդյունքում

«Այստեղ բյուրոկրատիա չկա ոչ մի մակարդակում»: Վրաստան տեղափոխված ռուսաստանցիների պատմությունները

«Այստեղ բյուրոկրատիա չկա ոչ մի մակարդակում»: Վրաստան տեղափոխված ռուսաստանցիների պատմությունները

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանում սկսվել է լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավարությունը

Ադրբեջանում սկսվել է լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավարությունը

Աֆղան Մուխտարլիի ընտանիքը լքել է Վրաստանը

Աֆղան Մուխտարլիի ընտանիքը լքել է Վրաստանը

Բանտում գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին միջազգային մրցանակի է արժանացել

Բանտում գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին միջազգային մրցանակի է արժանացել

Բելառուսն Ադրբեջանին է հանձնել բլոգեր Լապշինին, որը մեղադրվում է Ղարաբաղ ապօրինի այցելելու մեջ

Բելառուսն Ադրբեջանին է հանձնել բլոգեր Լապշինին, որը մեղադրվում է Ղարաբաղ ապօրինի այցելելու մեջ

Դատարանն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Դատարանն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը

Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը

Կախա Կալաձեն պլանավորում է թբիլիսյան «խրուշչովյան» շենքերը փոխարինել ժամանակակից շենքերով

Կախա Կալաձեն պլանավորում է թբիլիսյան «խրուշչովյան» շենքերը փոխարինել ժամանակակից շենքերով

Վրաստանի ՆԳՆ-ն փնտրում է ադրբեջանցի լրագրողին

Վրաստանի ՆԳՆ-ն փնտրում է ադրբեջանցի լրագրողին

Վրացի լրագրողն՝ իր առևանգման և Ուկրաինայից արտաքսման մասին

Վրացի լրագրողն՝ իր առևանգման և Ուկրաինայից արտաքսման մասին

Facebook Comments

Առավել կարդացված

Կարդալ ավելին JAMnews-ում