Թլիկում ոչ մի պայման չկա ապրելու համար. մի տուփ աղ գնելու համար պետք է 15 կիլոմետր անցնել" />

Յոթ ընտանիք Թլիկում՝ Հայաստանի եզդիաբնակ գյուղի մասին

Թլիկում ոչ մի պայման չկա ապրելու համար. մի տուփ աղ գնելու համար պետք է 15 կիլոմետր անցնել

Համերաշխ գյուղ

Եզդիաբնակ Թլիկ գյուղ աննկատ մտնելն անհնար է, բնակիչները միանգամից հավաքվում են ու րոպեների ընթացքում պարզում անծանոթի ով լինելն ու գալու նպատակը: Թլիկցիները գյուղամիջում շատ արագ են հավաքվում՝ գյուղում ընդամենը 7 ընտանիք է ապրում:

Հայաստանի սահմանային Բերքաբեր գյուղի լավ ու վատ օրերի մասին

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում

Հնդիկները Հայաստանում՝ ինչո՞ւ են տեղափոխվում և ինչո՞վ են այստեղ զվաղվում

Թլիկի գյուղապետն  արտագաղթել է

Սահմանամերձ Թլիկն ունի 22 ընտրող, ավագանու 5 անդամ և նոր գյուղապետ: Թլիկի  նախկին գյուղապետը  միացել է գյուղից արտագաղթողների բանակին, և  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է անցկացվել: Երկու թեկնածուներից 16 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Սլավիկ Սալոյանը: 

Գյուղապետարանի դուռը կողպված է, բայց գյուղապետին գտնելը դժվար չէ՝ գրեթե միշտ գյուղամիջում է:

1

Եթե նույնիսկ միայնակ մնա, Թլիկից դուրս չի գա

74-ամյա Սուրիկ Խաչատրյանը գյուղի ամենահին բնակիչներից է: Հիշում է նախկին Թլիկը, որտեղ ապրում էր 110 ընտանիք, զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ: Ջրի խնդիր չկար, գյուղում յուրաքանչյուր ընտանիք 100 գլխից ավել մանր և խոշոր եղջերավոր անասուն ուներ:

Ըստ Սուրիկի, գյուղից ոչինչ չի մնացել: Խմելու և ոռոգման ջուր չկա, գազ չկա, նույնիսկ խանութ չկա: Ստեղծված իրավիճակում թլիկցիներն աստիճանաբար լքեցին գյուղը: Մեծ մասը արտերկիր, մյուս մասը՝ Հայաստանի այլ բնակավայրեր տեղափոխվեց: Սուրիկի խոսքով, գյուղում տուն վաճառելն անհնար է դարձել:

2

Գնացողները դռներն ու պատուհանները փակում են, բանալին հանձնում մնացողներին: Ազատ տուն շատ կա, հարևան գյուղերից անասնապահությամբ զբաղվողները ժամանակավոր բնակություն են հաստատում այստեղ: Այս տարի 11 ընտանիք էր եկել Թլիկ, ձմռանը նրանք հետ են գնում:

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը այն եզակի համայնքներից է, որտեղ բացառապես բնակվել են եզդի ազգի ներկայացուցիչներ, ունեցել են հոգևոր առաջնորդներ և պահպանել են իրենց ազգային առանձնահատկությունները: Հիմնականում զբաղվել են անասնապահությամբ՝ գյուղի աշխարհագրական դիրքը նպաստավոր է եղել դրա համար:

Սուրիկի խոսքով, անկախացումից հետո իրենց գյուղը դուրս մնաց ուշադրությունից: Օրինակ, հարևան հայկական համայնքները գոնե ապահովված են կենսագործունեության նվազագույն պայմաններով, իսկ Թլիկում ոչ մի պայման չկա ապրելու համար. մի տուփ աղ գնելու համար պետք է 15 կիլոմետր ճանապարհ անցնել: Սա այն դեպքում, երբ հասարակական տրանսպորտ ընդհանրապես չի գործում:

Հին ու նոր գյուղապետերը բազմիցս դիմել են մարզային իշխանություններին, որ գոնե գյուղի խմելու ջրի հարցը լուծեն, բայց անօգուտ, թլիկցիները խմելու ջուրը գնում են շրջիկ մեքենաներից, որոնք արդեն մեկ ամիս է, գյուղ չեն մտել: Սուրիկ Խաչատրյանն իրեն վիրավորված է  զգում, իշխանությունների անտարբերությունը Թլիկ գյուղի նկատմամբ ազգային խտրականություն է որակում:

Եզդի կանանց  լուսանկարելու համար թույլտվություն է անհրաժեշտ  

 

9

Եզդի կանայք անծանոթի հետ խոսելու իրավունք չունեն: Իրենց ազգային ավանդույթի համաձայն ընտանիքի հարսը ոչ միայն չի խոսում սկեսրայրի հետ, այլև ընդհանուր սեղանին չի մոտենում, կանայք առանձին են ճաշում: Ըստ եզդիների, դա հարգանքի նշան է մեծերի նկատմամբ: Նույնիսկ հարսանիքների կամ այլ առիթների ժամանակ, ըստ ավանդույթի, կանանց և տղամարդկանց համար առանձին սենյակներում է սեղան դրվում, իսկ եթե դրա հնարավորությունը չկա, կանանց և տղամարդկանց բաժանում է վարագույրը:

Եզդի կանանց հետ զրուցելու համար համաձայնություն ստացանք Սուրիկ Խաչատրյանից, ով համարվում է գյուղի ամենատարեց տղամարդը: Տիկին Ալիֆի հետ շփումն ավելի հեշտ ստացվեց: Նա վերջին մի քանի տարին ՌԴ-ում էր ապրել, եզդիական ավանդույթներին մոտենում էր վերապահումով:

11

Նրա խոսքով, ավանդական հագուստն այլևս մոդայիկ չէ, հատկապես երիտասարդները ավելի ժամանակակից են հագնվում, իսկ մեծահասակները պահպանել են միայն գլխաշորը: Որպես այդպիսին առանձնահատուկ ազգային ճաշատեսակ չունեն, ուտեստներից պահպանվել է պահածոյացված միս /ղավուրմա/ պատրաստելու ավանդույթը:

10

Ալիֆ Մամոյանը Հայաստան է վերադարձել տղային ամուսնացնելու նպատակով: Եզդիները մեծ նշանակություն են տալիս ամուսնությանը: Հոգևոր հայրերը եզդի տղայի այլ ազգի աղջկա  հետ  ամուսնությունը դավանափոխություն են համարում՝ տղան մերժվում է համայնքի կողմից:

12

Օրը Թլիկում յուրահատուկ էր: Մեզանից բացի, աղջիկ տեսնելու առաքելությամբ հարևան գյուղից մի եզդի կին էր եկել: Եզդիների մոտ, ավանդույթի համաձայն, հարսնատես կարող են գնալ բացառապես կանայք, տղամարդկանց ներկայությունն արգելվում է:

13

Ապագա փեսան տուն կարող է մտնել միայն, եթե աղջկա ծնողները համաձայնել են նրանց միությանը: Սուրիկն ու գյուղապետը դեռ կանգնած են գյուղի կենտրոնում, կսպասեն այնքան ժամանակ մինչև հարսնատես եկող կինը դուրս կգա գյուղից, պետք է ուշադիր լինեն, որ անծանոթ կնոջն ուղեկցող վարորդն աղջկա տուն չմտնի:

14


Կարդալ ավելին JAMnews-ում