Վրաստանի բնակչությունը 2014 թ․-ի համեմատ աճել է 5.8%-ով․ վերջին մարդահամարի տվյալները
Վրաստանի բնակչությունը՝ ըստ 2024 թ․-ի մարդահամարի
2024 թվականի մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչությունը կազմել է 3.930․000, ինչը 5.8%-ով կամ 216․000-ով ավելի է 2014 թվականի ցուցանիշի համեմատ: Կանայք կազմում են բնակչության 52%-ը, իսկ տղամարդիկ՝ 48%-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Գոգիտա Թոդրաձեն։
Մարդահամարի տվյալները նաև ցույց են տալիս, որ երկրի բնակչությունն ավելի ու ավելի է կենտրոնանում Թբիլիսիում և մի քանի խոշոր քաղաքներում, մինչդեռ շրջանների մեծ մասում պահպանվում է բնակչության թվաքանակի նվազման միտումը:
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- «Կա «Վրացական երազանքի» անդամների դեմ պատժամիջոցների սպառնալիք»․ կարծիք
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
Ժողովրդագրական կենտրոնը դառնում են քաղաքները
Մարդահամարի արդյունքները ցույց են տալիս, որ Վրաստանում քաղաքների դերի բարձրացումը (ուրբանիզացիա) վերջին տասնամյակում ավելի է արագացել։
Բնակչության 62%-ն այժմ ապրում է քաղաքներում, իսկ 38%-ը՝ գյուղական վայրերում։ Վերջին տասը տարիների ընթացքում քաղաքային բնակչության մասնաբաժինն աճել է 5 տոկոսային կետով, ինչը վկայում է երկրի ժողովրդագրական քարտեզում գրանցված իրական տեղաշարժի մասին։
Այս միտումն առավել նկատելի է Թբիլիսիում։
Այսօր Վրաստանի բնակչության 34%-ը՝ 1․331․000 մարդ, ապրում է մայրաքաղաքում։
Սա 2014 թվականի մարդահամարի համեմատ 20%-ով կամ 223․000-ով ավելի է։
Հատկապես կտրուկ աճ է նկատվել Բաթումիում, որտեղ բնակչությունն աճել է 54%-ով՝ 153․000-ից հասնելով 236․000-ի։
Թբիլիսիից բացի բնակչության աճ է նկատվել նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Քվեմո Քարթլիի մարզում։
Ընդ որում, երկրի մյուս հատվածներում հակառակ պատկերն է՝ պահպանվում է նվազման միտումը։
Բնակչության ամենակտրուկ նվազումը դիտվել է Աջարիայի լեռնային շրջաններում, ինչպես նաև Ցագերի, Ծղալտուբո, Տղիբուլի և Լանչխութի շրջաններում։
Վրաստանի քաղաքացիները շարունակում են լինել բացարձակ մեծամասնություն
Ըստ Geostat-ի տվյալների՝ բնակչության 96.1%-ը կամ 3.775․000 մարդ Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանցից միայն 8865-ն է երկքաղաքացի։
Վերջին տասնամյակի ընթացքում Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 2.5%-ով (91․000-ով)։
Օտարերկրյա քաղաքացիները կազմում են բնակչության 3.4%-ը կամ 134.000 մարդ։
Նրանցից 1063-ը քաղաքացիություն չունեցող անձինք են։
Մշտապես երկրում բնակվող օտարերկրացիների ամենամեծ խումբը Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 37․700 մարդ, որը կազմում է Վրաստանի ողջ բնակչության մոտավորապես 1%-ը։
Նրանց հաջորդում են Հնդկաստանի (23․900), Ուկրաինայի (11․500), Ադրբեջանի (8300) և Հայաստանի քաղաքացիները (5400)։
Էթնիկ կազմ․ վրացիներ՝ 84.1%, նրանց հաջորդում են ադրբեջանցիներն ու հայերը
2024 թվականի մարդահամարի տվյալներով՝ էթնիկ վրացիները կազմում են բնակչության 84.1%-ը։ Այս ցուցանիշը 2014 թվականի համեմատ աճել է 2.5%-ով (80.000 մարդ)։
Ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն ադրբեջանցիներն են՝ բնակչության 6.8%-ը (269.000 մարդ)։ Նրանց հաջորդում են հայերը՝ 4.3%-ով։ Ռուսներն ու հնդիկները կազմում են համապատասխանաբար 1.1% և 0.6%։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանի բնակչությունը՝ ըստ 2024 թ․-ի մարդահամարի