Վրացի ընդդիմադիր գործչի առողջական վիճակը ծանր է, ՔԿՀ-ն հերքում է
Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը
Վրաստանի մասնագիտացված քրեակատարողական ծառայությունը հերքում է ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից մեկի՝ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ բանտում գտնվող Խոշտարիան լիովին ապահովված է բժշկական ծառայություններով, իսկ նրա ախտանիշների մեծ մասը կապված է քրոնիկ հիվանդությունների հետ։
Ավելի վաղ փաստաբան Շոթա Թութբերիձեն հայտարարել էր, որ Էլենե Խոշտարիայի առողջական վիճակը բանտում վատթարացել է։ Նա նշել էր, որ Թուրքիայում խորհրդակցություններ են անցկացվել քաղաքական գործչի բժիշկների հետ, նրանք գնահատել են, որ պատշաճ բուժման բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Փաստաբանը նաև պնդել էր, որ հնարավոր ռիսկերից մեկն այն է, որ ապագայում Խոշտարիան կարող է զրկվել ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունից և ունենալ անվասայլակի կարիք։
Ըստ Քրեակատարողական ծառայության՝ Էլենե Խոշտարիան օգտվում է թիվ 5 կանանց քրեակատարողական հիմնարկի բոլոր անհրաժեշտ պայմաններից և անխոչընդոտ հասանելիություն ունի ինչպես բժշկական, այնպես էլ այլ ծառայությունների։ Կառույցից նշում են, որ դատապարտյալը պարբերաբար ստանում է մասնագիտական կոնսուլտացիաներ և անցել է մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ ողնաշարի և ողնուղեղի ՄՌՏ հետազոտություն։
Հայտարարության համաձայն՝ Խոշտարիան կոնսուլտացիայի է գնացել սրտաբանի, նյարդաբանի, ակնաբույժի, գինեկոլոգի, հոգեբույժի և ռևմատոլոգի մոտ։ Ռևմատոլոգի հետ վերջին կոնսուլտացիան տեղի է ունեցել 2026 թ․-ի հունիսի 5-ին, որից հետո անցկացվել են համապատասխան հետազոտություններ և նշանակվել է բուժում՝ համաձայն գործող կլինիկական ուղեցույցների և ընթացակարգերի։
Քրեակատարողական ծառայությունը նաև նշում է, որ հաստատությունում տեղավորվելուց ի վեր ո՛չ դատապարտյալը, ո՛չ էլ նրա փաստաբանը չեն դիմել լրացուցիչ բժշկական ծառայություններ կամ հետազոտություններ իրականացնելու խնդրանքով։ Ասում են՝ Խոշտարիան հրաժարվել է ռևմատոլոգի մոտ կրկնակի կոնսուլտացիայից, թեև հունիսի 17-ին նշանակված է եղել ևս մեկ այց։
Գերատեսչությունը փաստաբան Շոթա Թութբերիձեի հայտարարությունը որակում է որպես «ապատեղեկատվություն» և նշում, որ նրա տարածած տեղեկությունն արդեն ստացել է համապատասխան արձագանք։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ փաստաբանին անմիջապես տրամադրվել է դատապարտյալ կնոջ առողջական վիճակի մասին տեղեկություն, և նա, ինչպես մյուս մեղադրյալների և դատապարտյալների պաշտպանները, հնարավորություն ունի անխոչընդոտ կերպով հաղորդակցվել ինչպես հաստատության վարչակազմի, այնպես էլ բժշկական անձնակազմի հետ։
Էլենե Խոշտարիայի գործը
2026 թվականի մարտի 24-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիային դատապարտեց մեկ տարի վեց ամսվա ազատազրկման՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական պաստառի վրա «Ռուսական երազանք» գրության համար։
Իր որոշումը հիմնավորելով՝ դատավորը նշեց, որ Խոշտարիայի գործողությունները հաստատվել են հեռուստատեսությամբ տարածված տեսագրություններով, ինչպես նաև անվտանգության աշխատակցի ցուցմունքներով։
Կոշտարիան չի մասնակցել դատական նիստին և չի ընդունել իր մեղքը։ Նա ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերի 15-ին՝ դատարանի կողմից որպես խափանման միջոց նշանակված 5000 լարի (մոտավորապես 1850 դոլար) գրավը վճարելուց հրաժարվելուց հետո։
Դեպքը տեղի էր ունեցել նախորդ օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 14-ին։
Խոշտարիան Կախա Կալաձեի նախընտրական շտաբի դիմաց փակցված պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք»՝ խաղարկելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության անվանումը։
Նա սոցցանցերում տարածել էր համապատասխան տեսանյութը՝ պնդելով, որ այդ կերպ իր համերաշխությունն է հայտնում ակտիվիստ Մեգի Դիասամիձեին, ով ձերբակալվել էր նմանատիպ արարքի համար, բայց ավելի ուշ գրավի դիմաց ազատ էր արձակվել։