«Աբորտի հիմքի վրա երջանկություն չես կառուցի». Վրաստանի նոր պատրիարքի առաջին քարոզը
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի առաջին քարոզը
Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարք Շիո III-ն իր առաջին հրապարակային քարոզում խոսել է ժողովրդագրական ճգնաժամի և «գենդերային գաղափարախոսության» դեմ պայքարի, ինչպես նաև ընտանիքը պաշտպանելու համար օրենսդրության ամրապնդման անհրաժեշտության մասին: Նա հայտարարություններ է արել բնակչության նվազման սպառնալիքի, աբորտների և ընտանեկան արժեքների պաշտպանության մասին:
«Ընտանիքը պաշտպանելու համար պետք է ամրապնդվի օրենսդրությունը»
Պատրիարքի խոսքով՝ պետությունը պետք է ամրապնդի իրավական մեխանիզմները, որոնք «պաշտպանում են ընտանիքը վնասակար գենդերային տեսություններից և գաղափարախոսություններից»։
Նա նշել է, որ չնայած հասարակության մեջ կան նման օրենսդրությունից հրաժարվելու կոչեր, սակայն եկեղեցու դիրքորոշումը հակառակն է. այս ուղղությունը, ըստ նրա, պետք է «ամրապնդվի և ուժեղանա»։
Շիո III-ն ընդգծել է որ ընտանիքի պաշտպանության քաղաքականությունը համարում է երկրի «գոյատևման, վերարտադրության և Աստծո շնորհի» հիմքը։
Ժողովրդագրական ճգնաժամի մասին
Իր քարոզում պատրիարքը հատուկ ուշադրություն է հրավիրել Վրաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա։ Նա նշել է, որ եթե երկիրը չլուծի իր ժողովրդագրական խնդիրները և չամրապնդի ընտանիքները, կա սպառնալիք, որ «այլ ազգեր կհաստատվեն Վրաստանում և թվաքանակով կգերազանցեն վրացիներին»։
Նրա խոսքով՝ Վրաստանում ապրող մյուս էթնիկ խմբերը «սիրում են երեխաներին», «չեն ազատվում իրենց երեխաներից» և «պաշտպանում են իրենց կրոնը», ինչը հանգեցնում է վերարտադրության աճի։
Պատրիարքը հավելել է՝ «Աստված մի արասցե», որ նման սցենար լինի, բայց սպառնալիքն իրական է, եթե ներկայիս միտումները շարունակվեն։
Աբորտը՝ «ծանր մեղք»
Շիո III-ն անդրադարձել է նաև ընտանիքում աբորտի թեմային՝ այն որակելով «ծանր մեղք»։
«Եթե ընտանիքում տեղի է ունենում այնպիսի ծանր մեղք, ինչպիսին, օրինակ, աբորտն է, ապա, իհարկե, ընտանիքը չի կարող որևէ երջանկություն կառուցել նման հիմքի վրա, և նման ընտանիքը դատապարտված է։
Ինչպես գիտենք Աստվածաշնչից, սպանվածի արյունը վրեժխնդրության մասին է աղաղակում Աստծուն, և հակառակը՝ այնտեղ, որտեղ յուրաքանչյուր երկու կամ երեք տարին մեկ երեխա՝ Աստծո կողմից ուղարկված հրեշտակ է ծնվում, այնտեղ երջանկություն է։ Նա իր գոյությամբ լուսավորում է շուրջը գտնվող ամեն ինչ», — հայտարարել է Շիո III-ը։
Մեկնաբանություններ

Թամթա Միքելաձե, «Սոցիալական արդարության կենտրոնի» տնօրեն.
«Ես վերլուծել եմ երկրում աբորտների թիվը և համեմատել դրանք ծնելիության մակարդակի հետ։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրում նվազում են և՛ աբորտների թիվը, և՛ ծնելիության մակարդակը, և աբորտների նվազումը չի նպաստում ծնելիության մակարդակի աճին։ 2018 թվականից ի վեր երկրում վերարտադրողական ակտիվությունը, ընդհանուր առմամբ, նվազել է։ Սա, ենթադրաբար, պայմանավորված է վերարտադրողական տարիքի բնակչության միգրացիայով, տնտեսական անկայունությամբ, բնակարանների գների կտրուկ աճով և ընտանիքների թույլ սոցիալական պաշտպանվածությամբ։
Ավելի կոնկրետ, աբորտների թիվը հատկապես բարձր էր 2011-2015 թվականներին՝ գերազանցելով տարեկան 30,000-ը։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2012 թվականին՝ 39,200 դեպքով։ Սակայն այդ թիվը շատ բարձր էր նաև 2014 թվականին (33,500) և 2015 թվականին (33,400)։ 2018 թվականից ի վեր աբորտների թիվը կայուն կերպով նվազում է՝ 2024 թվականին հասնելով պատմականորեն ամենացածր կետին՝ 11,800-ի։ Եթե համեմատենք 2012 թվականի՝ պատմականորեն ամենաբարձր կետի հետ, դա մոտավորապես 70%-ի անկում է։
Այժմ անդրադառնանք ծնելիության մակարդակին։ Ծնելիության մակարդակը սկսել է աճել 2008 թվականին։ Գագաթնակետը գրանցվել է 2014 թվականին՝ 60,635 ծնունդով։ Բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև 2009, 2010, 2015 և 2017 թվականներին։ 2018 թվականից ի վեր մակարդակը սկսել է նվազել՝ 2025 թվականին հասնելով պատմականորեն ամենացածր կետին՝ 37,867-ի։ Եթե համեմատենք պատմականորեն ամենաբարձր կետի հետ, դա մոտավորապես 37%-ի անկում է։
Հետևաբար, Վրաստանում հստակ երևում է մեկ կարևոր միտում. և՛ աբորտների, և՛ ծնելիության մակարդակները միաժամանակ աճել են, ապա նվազել։ Այսինքն՝ աբորտների նվազման և ծնելիության աճի ուղղակի կապ վիճակագրության մեջ չկա։ Փոխարենը թվում է, թե երկրում վերարտադրողական ակտիվությունը, ընդհանուր առմամբ, նվազել է, ինչը կարող է պայմանավորված լինել վերարտադրողական տարիքի բնակչության արտագաղթով, տնտեսական դժվարություններով և, իմ կարծիքով, նաև քաղաքական ճգնաժամով։
Խնդիրը թաքնված է այլ տեղերում, սակայն և՛ ռեժիմը և պատրիարքարանը այն փնտրում են մեկ այլ ուղղությամբ, քանի որ չեն ցանկանում խոսել սոցիալական և ժողովրդագրական իրական մարտահրավերների մասին»։

Շոթա Դիղմելաշվիլի, Forbes Georgia-ի խմբագիր.
«Վրացական ընտանիքների առջև ծառացած խնդիրը «գենդերային տեսությունները» չեն։ Վրացական ընտանիքները բախվում են տնտեսական խնդիրների, որոնք ընտանիքների քայքայման պատճառ են դառնում, և երեխաները ծնողներին տեսնում են միայն սմարթֆոնների էկրաններից այն կողմ։
Վրաստանի խնդիրը ցածր ծնելիությունը չէ. մեծամասամբ երկրում ծնելիության մակարդակն ավելի բարձր է, քան մահացության։ Այնուամենայնիվ, բնակչությունը դեռևս նվազում է աղքատության, անհավասարության և հեռանկարների բացակայության հետևանքով առաջացած արտագաղթի պատճառով։
Եկեղեցու պարտականությունն է, առաջին հերթին, պաշտպանել աղքատներին և ճնշվածներին, միավորել ազգը և վերականգնել նրանց միջև քանդված կամուրջները։
Փոխարենը, մենք տեսնում ենք կրոնական ամբիոնի օգտագործումը կոնկրետ կուսակցության և դրա հետ փոխկապակցված տնտեսական էլիտաների ամրապնդման համար, նրանք կիսվում են մասնավոր քաղաքական նարատիվներով, ինչը ծառայում է իրական խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելուն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Շիո III-ի առաջին քարոզը