Սպասելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ ի՞նչ կտա Հայաստանին
Եվրոպական քաղաքական համայնքը Երևան կգա
Հաշված օրեր անց՝ մայիսի 4-ին Երևանը կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում․ Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այն ընթանալու է «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
Հայտնի է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար ՀՀ-ն հրավերներ է ուղարկել հինգ տասնյակ երկրների ղեկավարների։ Հատկանշական է, որ պետական այցով ՀՀ է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ ԱԳՆ փոխանցմամբ՝ այցը լինելու է «կարևոր հանգրվան՝ երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ռազմավարական բնույթը փաստաթղթային հիմքով ամրագրելու տեսանկյունից»։
Միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովը լավ առիթ է տարբեր երկրների հետ ունեցած օրակարգերն առաջ մղելու համար։
«Արդեն պաշտոնապես հայտարարվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման մասին, կարելի է ակնկալել նաև պաշտպանական համագործակցության խորացում։ Կարելի է սպասել նաև Գերմանիայի հետ ռազմավարական գործընկերության շրջանակի հստակեցում, օրինակ՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում»,- «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում գրել է նա։
Կարծում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ՀՀ-ի համար միջազգային հեղինակությունն ամրապնդելու կարևոր հնարավորություն է։ Միևնույն ժամանակ նկատում է՝ այդ իրադարձության իրական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան արդյունավետ կկարողանա երկխոսությունը վերածել ամուր գործընկերային հարաբերությունների:
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Այն միջկառավարական կազմակերպություն է, որը նախատեսված է «Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար»։ Համայնքի մաս են ԵՄ անդամ 27 երկիր, Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ չհանդիսացող 19 երկրներ Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում:
- «Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել
- «Պայքար սկանդալների երկրպագու ընտրողների համար»․ կարծիք ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին
- «ՌԴ-ն որոշել է Հայաստանին շանտաժ անել գազի գնի բարձրացմամբ»․ կարծիքներ Երևանից
Ի՞նչ է հայտնի գագաթնաժողովի մասին
Եվրոպական քաղաքական համայնքի պաշտոնական կայքէջում դեռևս սուղ տեղեկություններ են հրապարակված։ Օրակարգն ու ժամանակացույցը ներկայացված չեն։
Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ երևանյան քննարկումները կենտրոնանալու են ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի զարգացման, տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա, անդրադարձ է արվելու նաև տարածաշրջանային մարտահրավերներին։
«Մասնակիցները կփոխանակեն մտքեր այն մասին, թե սերտ համագործակցությունն ու համակարգված գործողություններն ինչպես կարող են նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ և միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը»,- ասված է ԵՔՀ պաշտոնական կայքէջում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից տեղեկանում ենք, որ քննարկվելու են «կենսական թեմաներ»՝ սկսած հիբրիդային սպառնալիքներից և ժողովրդավարական դիմադրողականությունից մինչև կապակցվածություն և էներգիա։ Փաշինյանը շեշտել է՝ ՀՀ համար պատիվ է հյուրընկալել գագանթաժողովն ու «ակտիվ դեր խաղալ Եվրոպայի ապագայի ձևավորման գործում»․
«Հայաստանի համար այս գագաթնաժողովը ոչ միայն եվրոպացի գործընկերների հետ փոխգործակցության կարևորագույն հանգրվան է, այլև հնարավորություն՝ վերահաստատելու մեր ամուր և անսասան հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը»։
Նույն օրերին Երևանում կկայանա նաև ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը
Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը։ Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը մասնակցելու են նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում են լինելու տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցերը․
«Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները»։
Արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Շեշտվում է, որ Եվրամիությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում:
Փորձագիտական կարծիք
Միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանը հիշեցրել է այն մասին, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանի համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Հենց այդ գագաթնաժողովի շրջանակում՝ 2022 թ․-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում շոշափելի արդյունքներ գրանցվեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
Երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչն էլ հետագայում հիմք հանդիսացավ կարգավորման հետագա գործընթացի, այդ թվում՝ վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովի համար։
«Պրահայի գագաթնաժողովում Հայաստանի համար կարևորագույն արդյունքը, թերևս, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին համաձայնության ձեռքբերումն էր, որը սահմանի հայկական կողմում տեղակայվեց գագաթնաժողովից անմիջապես հետո և զգալի ներդրում ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանման գործում»,- շեշտել է փորձագետը։
Հարությունյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից եվրոպական այս կարևոր միջոցառումը հյուրընկալելն ունի խորհրդանշական բնույթ։ Հիշեցնում է՝ ՀՀ-ն այս համայնքի մասնակից այն երկրներից է, որոնք Եվրամիության հետ ունեն ամենացածր ինտեգրման մակարդակը.
«Հայաստանի ընտրությունը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, ընդգծում է հարաբերությունների խորացման երկկողմ հետաքրքրությունը, ինչպես նաև ՀՀ-ի կարևորությունը Եվրոպայի համար»։
Նրա փոխանցմամբ՝ գագաթնաժողովների անցկացման վայրը չի սահմանվում ռոտացիոն կարգով, այլ ընտրվում է մասնակից պետությունների կողմից։ Կա չգրված պայմանավորվածություն, ըստ որի՝ տարեկան երկու գագաթնաժողովներից մեկն անցկացվում է ԵՄ անդամ, մյուսը՝ անդամ չհանդիսացող երկրում։
Կարծիք է հայտնել, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, կարող է առաջարկներ ներկայացնել գագաթնաժողովի ձևաչափի ամրապնդման և դրա գործունեությանը նոր խթան հաղորդելու վերաբերյալ։
Հարությունյանն ընդգծել է՝ ԵՔՀ գագաթնաժողովը Հայաստանի համար ամենամեծ միջազգային միջոցառումը կլինի, ինչը հնարավորություն կտա ցուցադրելու երկրի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում:
Միջազգայնագետը չի բացառել ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման համար Հայաստանին հնարավոր նոր ֆինանսական փաթեթների տրամադրումը՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով և հիբրիդային սպառնալիքների աճով։
Վստահ է՝ ՀՀ-ն ունի լայն հնարավորություններ քննարկելու իրեն հուզող ամենատարբեր թեմաներ՝ դիմակայունություն, տնտեսական անվտանգություն, հաղորդուղիների ապաշրջափակման և էներգետիկ ոլորտներում ներդրումների ներգրավում։ Ասում է՝ գագաթնաժողովը կարող է ծառայել որպես ներառական հարթակ այդ և այլ ոլորտներում երկկողմ գործարքների հնարավորությունները հասկանալու համար։
«Հնարավոր է՝ քննարկումների առարկա դառնա նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետագա մանդատի և գործունեության հարցը [ժամկետն ավարտվում է 2027 թ․-ին]»,- արձանագրել է նա և հիշեցրել՝ վերջերս ԵՄ-ն հայտարարեց ՀՀ-ում երկրորդ քաղաքացիական առաքելությունը տեղակայելու որոշման մասին:
Հարությունյանի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ չհանդիսացող պետություններին նախկինում հաջողվել է կոնկրետ արդյունքներ արձանագրել այս գագաթնաժողովի շնորհիվ։ Օրինակ է բերել Մոլդովայի փորձը, որտեղ 2023 թ․-ին կազմակերպվել էր համայնքի երկրորդ գագաթնաժողովը։ Ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գագաթնաժողովը՝
- հստակ աջակցություն նախանշեց Քիշնևի եվրոպական ուղուն՝ ԵՄ-ը պաշտոնապես գործարկեց Մոլդովայում Եվրոպական միության գործընկերային առաքելությունը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար,
- արագացավ Մոլդովայի՝ եվրոպական էլեկտրոցանցի հետ սինխրոնացումը և ռուսական գազից կախվածության նվազեցումը՝ 200 մլն եվրոյի չափով էներգետիկ փաթեթի տրամադրման տեսքով,
- ԵՄ-ը և մասնակից երկրները մատնանշեցին Մոլդովայի կառավարությունն ապակայունացնող կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ջանքերը:
Բացի այդ, փորձագետի խոսքով՝ գագաթնաժողովից առաջ Մոլդովայի բանակը Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստացավ 7 միլիոն եվրո արժողությամբ ոչ մահաբեր սպառազինություն, իսկ Լեհաստանից՝ վեց C130 ինքնաթիռ մոլդովական ոստիկանության համար։
«Որքան էլ ձևաչափի նպատակը համաեվրոպական հրատապ խնդիրներին անդրադառնալն ու դրանց վերաբերյալ ընդհանուր ռազմավարության մշակումն է, այն շատ կարևոր է երկկողմ կամ առանձին բազմակողմ բանակցությունների և կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսանկյունից»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Եվրոպական քաղաքական համայնքը Երևան կգա