Ադրբեջանում նավթի դիմաց վճարվող գումարի մի մասն է մտնում բյուջե. ինչի՞ն է ուղղվում մյուսը
Ադրբեջանի նավթային եկամուտները
Հոկտեմբերին ադրբեջանական նավթի գինը համաշխարհային շուկայում տատանվել է մեկ բարելի համար 120-130 դոլարի սահմաններում՝ հոկտեմբերի 9-ին հասնելով 133 դոլարի: Սակայն պետական բյուջեում ամրագրված է մեկ բարելի համար 65 դոլար կանխատեսվող գինը։
Կառավարությունն այժմ նույն գինը կանխատեսում է 2027 թ.-ի բյուջեում։
Այնուամենայնիվ, նավթի գների աճը չի արտացոլվում ո՛չ Պետական նավթային հիմնադրամի թվերում, ո՛չ էլ պետբյուջեի եկամուտներում։
Պետական նավթային հիմնադրամի՝ հոկտեմբերի 20-ին հրապարակած զեկույցի համաձայն՝ տարեսկզբից դրա ակտիվներն աճել են ընդամենը 462 միլիոն դոլարով: Իսկ հիմնադրամից պետբյուջե փոխանցվող միջոցների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.4%-ով։
JAMnews-ը նախկինում հայտնել էր, որ 2027 թ.-ի բյուջեում կառավարությունը նախատեսում է կրճատել Նավթային հիմնադրամից փոխանցումները և ավելացնել աշխատավարձերից պահվող եկամտային հարկը: Այժմ առաջանում է մեկ այլ հարց.
Եթե նավթի գները զգալիորեն բարձր են բյուջեում ամրագրված գնից, ապա ո՞ւր են գնում լրացուցիչ եկամուտները։
Ինչո՞ւ է բյուջեում նախատեսված 65 դոլար գինը
Ամեն տարի պետական բյուջեն կազմելիս կառավարությունը կանխատեսում է գալիք տարվա նավթի միջին գինը։ Հարկային և այլ եկամուտները հաշվարկվում են այդ կանխատեսման հիման վրա։
2025 թ.-ի նոյեմբերին ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը խորհրդարանում հայտարարեց, որ 2026 թվականի համար նավթի մեկ բարելի համար 65 դոլար գնի կանխատեսումը հիմնված է 22 կազմակերպությունների միջին գնահատականների վրա։ Այդ ժամանակ Brent նավթի գինը կազմում էր 64-65 դոլար՝ մեկ բարելի համար։
Սակայն, 2026 թվականի սկզբին իրավիճակը փոխվեց։
Նավթային հիմնադրամն իր հուլիսյան զեկույցում նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունը էներգետիկ շուկաներում «բարձր անկայունություն» է առաջացրել։ Դեռևս սեպտեմբեր ամսին Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության ղեկավար Սամիր Նասիրովի ներկայացրած տվյալների համաձայն՝ տարվա առաջին կեսին ադրբեջանական նավթի միջին գինը կազմել է 94,5 դոլար մեկ բարելի համար։
Սա 33%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և մոտ 45%-ով ավելի է պետբյուջեում սահմանված արժեքից:
Ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ 2027 թ.-ի բյուջեն նույնպես հաշվարկվել է մեկ բարելի համար 65 դոլար նավթի գնի հիման վրա։ Սակայն նախարարության 2027–2030 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում «ցածր» է գնահատվում հավանականությունը, որ հաջորդ տարի նավթի գինը կկազմի 65 դոլարից պակաս։
Այսպիսով, բյուջեում ամրագրված է այն գինը, որն ինքը՝ նախարարությունը, համարում է ոչ բարենպաստ սցենար։
Ավելի ցածր գնի կանխատեսումը նշանակում է, որ նավթից ստացված լրացուցիչ եկամուտներն ուղղակիորեն գնում են ոչ թե պետական բյուջե, այլ Նավթային հիմնադրամ։
Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին այդ մասին խոսել էր դեռևս մարտի ամսին, երբ նավթի գները սկսեցին բարձրանալ։
Ըստ նրա՝ գնաճը կազդի «ոչ թե անմիջականորեն պետական բյուջեի», այլ համընդհանուր բյուջեի վրա, որը ներառում է նաև Նավթային հիմնադրամի միջոցները։
Ջաֆարլիի հաշվարկների համաձայն՝ նավթի գների յուրաքանչյուր դոլարով աճը հիմնադրամին օրական բերում է մոտ 450,000 դոլար լրացուցիչ եկամուտ։
Կառավարության քաղաքականության կողմնակիցները այս լրացուցիչ եկամուտը դիտարկում են որպես անվտանգության ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված պահուստային միջոց։
Մարտին Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի անդամ Վուգար Բայրամովը OC Media-ին ասել էր, որ լրացուցիչ եկամուտները թույլ կտան կառավարությանը ֆինանսավորել «այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսին է ազգային անվտանգությունը»։
Ինչո՞ւ նավթի գների աճը բյուջե չի բերում լրացուցիչ եկամուտներ
Նավթային հիմնադրամի կողմից ամեն տարի պետական բյուջե փոխանցվող միջոցների չափը որոշվում է նախապես՝ ֆինանսական տարվա մեկնարկից առաջ, այն ամրագրվում է հիմնադրամի բյուջեում։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում հիմնադրամը պետբյուջե է փոխանցել 9,628 միլիարդ մանաթ (մոտ 5,663 միլիարդ դոլար), ինչը լիովին համապատասխանում է նախնական պլանավորմանը։
Այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների ծավալը նվազել է 1,23 միլիարդ մանաթով (մոտ 723 միլիոն դոլար)։
Նավթագազային ոլորտից պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 12,93 միլիարդ մանաթ (մոտ 7,6 միլիարդ դոլար)։ Սա 625,5 միլիոն մանաթով (մոտ 368 միլիոն դոլար) կամ 5,1%-ով ավելի է նախատեսվածից։
Քանի որ Նավթային հիմնադրամի փոխանցումները համապատասխանում էին ծրագրին, լրացուցիչ եկամուտները ստացվել են նավթային ընկերությունների հարկային եկամուտներից։
Նախարարության տվյալներով՝ «Շահ Դենիզի» նախագծից 1.54 միլիարդ մանաթ (մոտ 906 միլիոն դոլար) հարկեր են ստացվել, SOCAR-ից՝ 1.3 միլիարդ մանաթ (մոտ 765 միլիոն դոլար), իսկ «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նախագծից՝ 461 միլիոն մանաթ (մոտ 271.2 միլիոն դոլար)։
Ընդհանուր առմամբ, առաջին ինը ամիսներին պետական բյուջեի եկամուտները 2.8%-ով գերազանցել են կանխատեսումը։
Այլ կերպ ասած՝
- տարվա առաջին կեսին նավթի գինը մոտ 45%-ով բարձր էր բյուջեով նախատեսվածից,
- մինչդեռ առաջին ինը ամիսները բյուջեի ընդհանուր եկամուտների կանխատեսումը գերազանցել են ընդամենը 2.8%-ով։
Եթե գումարը մնում է հիմնադրամում, ինչո՞ւ ակտիվները չեն աճում
Նավթային հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ լրացուցիչ եկամուտների զգալի մասը կամ չի հասել հիմնադրամ, կամ կլանվել է այլ ծախսերի և վնասների կողմից։
Պետական նավթային հիմնադրամ, 2026 թ.-ի հունվար-սեպտեմբեր (միլիոն մանաթ).
| Ցուցանիշ | Գումար |
|---|---|
| Եկամուտներ շահութաբեր նավթի և գազի վաճառքից | 7 343,9 |
| Հարավային գազային միջանցքում պետական բաժնեմասի վաճառքից ստացված եկամուտներ | 1 390,9 |
| Նավթագազային այլ եկամուտներ | 5,8 |
| Ակտիվների կառավարումից ստացված եկամուտներ | 3 600,7 |
| Ընդհանուր եկամուտներ | 12 341,3 |
| Փոխանցումներ պետական բյուջե | -9 628,0 |
| Նախագծի իրականացման և կառավարման ծախսեր | -53,2 |
| Ոսկու գների և փոխարժեքների փոփոխություններից առաջացած վնասներ | -1 874,0 |
| Ֆոնդի ակտիվների աճ | 786.1 (մոտ 462 միլիոն դոլար) |
Աղբյուր՝ Պետական նավթային հիմնադրամ։ Վերջին տողում նշված ցուցանիշը հաշվարկվել է JAMnews-ի կողմից և համապատասխանում է հիմնադրամի՝ ակտիվների աճի վերաբերյալ հրապարակած տվյալներին։
Տրամադրված տվյալներից կարելի է անել 3 եզրակացություն՝
- Նախ, հիմնադրամի նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտը (7.34 միլիարդ մանաթ) 2.3 միլիարդ մանաթով պակաս էր պետական բյուջե փոխանցված գումարից (9.63 միլիարդ դոլար)։ Տարբերությունը ծածկվել է հիմնադրամի արտասահմանյան ներդրումներից ստացված եկամուտներով և Հարավային գազային միջանցքում պետական բաժնեմասի վաճառքից ստացված եկամուտներով։
- Երկրորդ, ոսկու գների և փոխարժեքների փոփոխությունները հանգեցրել են 1.87 միլիարդ մանաթի (մոտ 1.01 միլիարդ դոլար) կորստի։ Տարվա առաջին կիսամյակի կորուստները կազմել են 3.69 միլիարդ մանաթ (մոտ 2.17 միլիարդ դոլար), սակայն երրորդ եռամսյակում դրանք նվազել են։ Վերջին տարիներին ոսկին դարձել է հիմնադրամի հիմնական ակտիվներից մեկը։ Հիմնադրամի 2026 թ.-ի բյուջեի վերաբերյալ իր եզրակացության մեջ Հաշվեքննիչ պալատը նշել է, որ 2025 թ.-ի առաջին ինը ամիսներին հիմնադրամի արտաբյուջետային եկամուտների զգալի մասն ապահովվել է ոսկու գների աճի հաշվին: Նույն զեկույցում գործակալությունը զգուշացրել է, որ նավթի եկամուտների և արտադրության ծավալների նվազման պայմաններում հիմնադրամի ակտիվները կարող են «արագ սպառվել»:
- Երրորդ, չնայած նավթի գների աճին՝ հիմնադրամի նավթային եկամուտները համեմատելի տեմպերով չեն աճել: Հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրից եկամուտները տարվա առաջին կեսին միջինում կազմել են 729 միլիոն մանաթ (մոտ 428,8 միլիոն դոլար), իսկ երրորդ եռամսյակում՝ 732 միլիոն մանաթ (մոտ 430,6 միլիոն դոլար): Այս թվերը հաշվարկվել են JAMnews-ի կողմից՝ հիմնվելով Նավթային հիմնադրամի տվյալների վրա:
Նավթի արտադրությունը նվազում է
Էներգետիկայի նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը հունվար- սեպտեմբեր ամիսներին արտադրել է 19.9 միլիոն տոննա նավթ, այդ թվում՝ գազային կոնդենսատ։ Սա 3.9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։
Նմանատիպ միտում է նկատվում նաև արտահանման մեջ։ Պետական մաքսային կոմիտեի հունվար-օգոստոս ամիսների տվյալների համաձայն՝ հում նավթի արտահանման ֆիզիկական ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.8%-ով, մինչդեռ դրանց արժեքը աճել է ընդամենը 10.5%-ով։
Այսպիսով, չնայած նավթի յուրաքանչյուր բարելը վաճառվում է ավելի բարձր գնով, վաճառքի ծավալները նվազում են։ Արտադրության անկումը մասամբ փոխհատուցվում է գնաճից ստացված լրացուցիչ եկամուտներով։
Սեպտեմբերին տնտեսագետ Էլչին Մամեդովը Sfera.az-ին տված մեկնաբանության մեջ ուշադրություն է հրավիրել այս հակասության վրա.
«Չնայած այս տարի նավթի միջին գինը 2025 թ.-ի համեմատ աճել է մոտ 30%-ով, հրապարակված վերջին վիճակագրությունը վկայում է նավթագազային ոլորտում շարունակական անկման մասին»։
Նրա խոսքով՝ նավթագազային ոլորտում համախառն ներքին արդյունքը կրճատվել է 0.8%-ով։
Վերոնշյալ զեկույցում Հաշվեքննիչ պալատը նաև կանխատեսել է, որ Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերում նավթի արդյունահանումը 2026 թ.-ին կնվազի մինչև 120.1 միլիոն բարել, ինչը 3 միլիոն բարելով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։
Ի՞նչ կփոխվի քաղաքացիների համար
Կառավարության կողմից ներկայացված 2027 թ.-ի պետբյուջեի նախնական տվյալների համաձայն՝ Նավթային հիմնադրամից փոխանցումները կկրճատվեն 935 միլիոն մանաթով՝ հասնելով 11.9 միլիարդ մանաթի (մոտ 550 միլիոն դոլար)։
Մասնավոր ոչ նավթագազային հատվածում մինչև 2500 մանաթ (մոտ 1470 դոլար) աշխատավարձի եկամտային հարկի դրույքաչափը 3%-ից կդառնա 5% և 2028 թվականին կկազմի 7%-ի։ Նախատեսված 3.17 միլիարդ մանաթ (մոտ 1867 միլիարդ դոլար) բյուջետային դեֆիցիտից 2.75 միլիարդը (մոտ 1617 միլիարդ դոլար) նախատեսվում է ծածկել փոխառությունների միջոցով։
Նախկինում հանրային քննարկումների տեղիք էր տվել այն լուրը, որ երկրի արտարժույթի պահուստները գերազանցել են 90 միլիարդ դոլարը։ Քննադատներն առաջարկում էին այդ միջոցների մի մասն ուղղել բնակչության բարեկեցության բարելավմանը։
Կառավարությունն, իր հերթին, նավթային եկամուտներից բյուջեի կախվածության նվազումը համարում է դրական միտում։ Մեկնաբանելով 2027 թ.-ի բյուջեի նախնական ցուցանիշները՝ Վուգար Բայրամովը բարձր է գնահատել ոչ նավթային եկամուտների մասնաբաժնի ավելի քան 60% աճը՝ նշելով, որ դա նպաստում է բյուջեի կայունությանը։
Այս մոտեցման համաձայն՝ որքան քիչ է բյուջեն կախված նավթային եկամուտներից, այնքան քիչ է նրա վրա ազդում նավթի գների անկումը։
Ի՞նչ է լինելու հետո
Այս տարվա մնացած մասի և հաջորդ տարվա նավթի գները մեծապես կախված կլինեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից։
Միևնույն ժամանակ, Ֆինանսների նախարարության կանխատեսումը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե նավթի գները մնան բարձր, Նավթային հիմնադրամի ակտիվները չեն աճի։ Նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը հիմնադրամի ակտիվները կհասնեն 73.9 միլիարդ դոլարի։ Սա ցածր է ներկայիս 74 միլիարդ դոլարից։
Այս փաստաթղթի վրա հիմնված Meydan TV-ի վերլուծության համաձայն՝ 2026-2030 թվականներին ակնկալվում է նավթագազային բյուջեի եկամուտների նվազում 25.5%-ով, մինչդեռ պետական պարտքի սպասարկման ծախսերը կաճեն մինչև մոտ 3 միլիարդ մանաթ (մոտ 1.765 միլիարդ դոլար)։
Միևնույն ժամանակ, կառավարության 2027 թ.-ի բյուջեի նախագիծը կրկին սահմանում է նավթի մեկ բարելի համար 65 դոլար։ Փաստաթուղթը նախատեսում է Նավթային հիմնադրամից փոխանցումների կրճատում և աշխատավարձից պահվող եկամտային հարկի ավելացում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ադրբեջանի նավթային եկամուտները