Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է Հայաստանի հարավի գյուղերի մերձակայքում․ տեսաապացույց օմբուդսմենից
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հարավային մարզից՝ Սյունիքից, որում լսվում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները, գյուղերի անմիջապես մերձակայքում գտնվելով, կրակում տարբեր տրամաչափի զենքերից։
Օմբուդսմենի խոսքով՝ ինքը պարբերաբար ահազանգեր է ստանում Սյունիքում ադրբեջանցի զինվորականների կողմից կրակոցներ արձակելու մասին։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որը տեղի է ունեցել 2020 թ․ աշնանը, Հայաստանի հարավային շրջանում լարվածությունը չի անցնում։ Ըստ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանին է փոխանցվել Զանգելանի շրջանը։ Այն սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզին, և այստեղ նոր սահմանի գծման աշխատանք է իրականցվում՝ ըստ խորհրդային ժամանակների վարչական սահմանների։
Դա հանգեցնում է նրան, որ տեղ-տեղ սահմանն անցնում է Հայաստանի որոշ պետական օբյեկտների միջով։ Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհը մի քանի տեղում հատում է ադրբեջանական տարածքը։
Օմբուդսմենն անթույլատրելի է համարում բնակավայրերի հարևանությամբ կրակելը
Տեսանյութն ուղեկցող գրառման մեջ օմբուդսմենը նշել է, որ այն արվել է հայ դիրքապահների կողմից, երկու օր առաջ, օրվա տարբեր ժամերի, Կապանի համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի շրջանում․
«Հեռավորությունը պատկերացնելու համար նշենք, որ այդ կրակոցների կետից մինչև Ագարակ գյուղ մոտ 1 կմ է»։
Արման Թաթոյանը հաղորդել է, որ ստանում է ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: Նրա հետ կապվում են Սյունիքի մարզի բնակավայրերի, մասնավորապես, Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերի բնակիչները։
«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը», — գրել է Արման Թաթոյանը։
Սոցցանցերում նույնպես արձագանքում են ադրբեջանցի զինծառայողների կրակոցներին
Ֆեյսբուքի հայկական հատվածի օգտատերերն ակտիվորեն մեկնաբանել են օմբուդսմենի հայտարարությունը։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Թե չէ ինչ-որ մեկն այլ բան էր սպասում՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքները»։
«Այդ կրակոցները լսվում են Առնավոս, Տեղ, Խնածախ, Խոզնավար գյուղերում, ընդ որում՝ ամեն օր»։
«Եվ ինչպե՞ս այսքանից հետո այնտեղ հանգիստ գնանք։ Փաշինյանն իր անվտանգության ծառայողներով կարող է և գնալ, իսկ սովորական մարդիկ ի՞նչ անեն»։
«Չեմ կարծում, որ այդ հրաձգությունը որևէ սպառնալիք է ներկայացնում։ Նրանք այդքան հիմար չեն, որ այդպիսի խնդրի մեջ ընկնեն»։