Wikileaks-ը Թուրքիայում արգելափակվել է Էրդողանի կուսակցության նամակագրության հրապարակումից հետո
Կիսվել
Կիսվել
Թուրքիայում Էրդողանի “Արդարություն և զարգացում կուսակցության անդամների նամակագրության հրապարակումից հետո արգելափակվել է Վիկիլիքս կայքը: Այդ մասին Վիկիլիքս նախագծի հեղինակները հայտնել են Թվիթերում:
Այսօր՝ հուլիսի 20-ին Վիկիլիքսը հրապարակել է մոտ 300 հազար էլեկտրոնային նամակ, որոնց հեղինակներն են թուրքական իշխանական “Արդարություն և զարգացում կուսակցության անդամները: Այդ փաստաթղթերը Վիկիլիքսը ձեռք է բերել Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից մեկ շաբաթ առաջ: Վերջին նամակը 2016թ-ի հուլիսի 6-ի է, իսկ ամենահինն ուղարկվել է 2010թ-ին:
Վիկիլիքսի ներկայացուցիչները նշում են, որ չէին պլանավորում այդքան արագ հրապարակել փաստաթղթերը, և նման որոշում են կայացրել՝ տեսնելով հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանի ձեռնարկած քայլերը:
Վիկիլիքսի հայտարարության մեջ ասվում է, որ նախքան փաստաթղթերի հրապարակումը վերստուգվել է դրանց աղբյուրը, և այն ոչ մի կերպ կապված չէ ապստամբների և Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Թուրքիայում հեղաշրջման փորձն ու դրա արդյունքները
Հուլիսի 16-ին Թուրքիայում զինվորականների մի մասը փորձել է հեղաշրջում անել: Փորձը ձախողվել է, և իշխանությունները որոշել են խստագույնս պատժել ապստամբներին:
Այսօրվա դրությամբ ձերբակալված է մոտ 6 հազար մարդ, աշխատանքից ազատվել է ոստիկանության 9000 սպա, ապստամբների հետ կապի համար կասկածվում է 3 հազար մարդ:
Աշխատանքից ազատվածների ընդհանուր թիվը հասնում է 50 հազարի: Նրանցից, ըստ թուրքական լրատվամիջոզների.
15200 ուսուցիչ և կրթության ոլորտի աշխատակից,
1577 – համալսարանների դեկաններ,
8777 – ՆԳՆ աշխատակից,
1500 – ֆինանսների նախարարության աշխատակից,
257 – վարչապետի աշխատակազմի աշխատակից:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, 24 ռադիո- և հեռուստաընկերություն զրկվել է հեռարձակման լիցենզիայից:
Կատարվածով հետաքրքրվել են միջազգային կազմակերպությունները, որոնք մտահոգություն են հայտնել հազարավոր մարդկանց աշխատանքից ազատելու կապակցությամբ: ՄԱԿ դիտորդները կոչ են արել Թուրքիային հետևել օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը