Transparency International: վրացի օլիգարխ Իվանիշվիլին բիզնես ունի ՌԴ-ում
Բիձինա Իվանիշվիլիի բիզնեսը Ռուսաստանում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպությունը հրապարակել է նոր հետազոտություն, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որին անվանում են Վրաստանի ոչ պաշտոնական կառավարիչ, օֆշորային ընկերության միջոցով առնվազն մեկ ընկերություն ունի Ռուսաստանում։ 2012-2019 թվականներին նա Ռուսաստանում ունեցել է առնվազն 10 ընկերություն։
«Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններն այն մասին, թե 2012 թվականից ի վեր նա բիզնես շահեր չունի Ռուսաստանում, կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում»,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի նախագահ Էկա Գիգաուրին։
Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ Վրաստանի կառավարության դիրքորոշումը կարող է պայմանավորված լինել Ռուսաստանում Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի բիզնես շահերով։
«Ինչ վերաբերում է նրա ընտանիքի անդամների բիզնես շահերին, ապա մեր տվյալներով՝ Ուչա Մամացաշվիլին (Իվանիշվիլիի զարմիկը) ընդհանուր շահեր և ընկերություն ունի Գեորգի Պոլտավչենկոյի հետ, որը ՌԴ նախագահ Պուտինի հետ սովորել է ՊԱԿ-ի ակադեմիայում և նախկինում եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետը։ Այստեղ նորությունն այն է, որ ապրիլի 7-ին նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ԱՄՆ-ի կողմից, և նրա ընկերության նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են կիրառվել մի շարք արևմտյան երկրների կողմից»,- ասել է Գիգաուրին։
Նա հավելել է, որ Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը՝ Ալեքսանդր Իվանիշվիլին և Ուչա Մամացաշվիլին բիզնեսը վարում են Աննա Կովոչկոյի հետ, որը մինչև 2021 թվականը եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ինչպես նաև Կովոչկոյի ամուսնու՝ պարոն Խերիանովի հետ։ Այս մասին վերջին ամիսներին տեղեկություն էր շրջանառվում նաև վրացական լրատվամիջոցներով։
«Ընդհանուր առմամբ, մեր հետազոտության արդյունքների համաձայն՝ Ուկրաինային աջակցելու հարցում Վրաստանի ոչ միանշանակ դիրքորոշման հարցը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքը բիզնես շահեր ունեն Ռուսաստանում, և որ նրանք կարող են որոշել Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը»,- հայտնում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի մամուլի ծառայությունից:
Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավարի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին խոսակցություններն ակտիվացել են այն բանից հետո, երբ ապրիլի 26-ին YouTube-ում տեղադրվեց Բիձինա Իվանիշվիլիի և պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի զրույցի ձայնագրությունը։
Ձայնագրություններն արվել են այս տարվա մարտի 10-ին և 12-ին, այսինքն այն ժամանակ, երբ Ռուսաստանն արդեն իսկ ներխուժել էր Ուկրաինա։ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Դավիթ Արախամիան Եվրամիությանն ու ԱՄՆ-ին կոչ է անում դիտարկել Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Արախամիայի խոսքով՝ Վրաստանի ներկայիս կառավարության էությունը Կրեմլի հրահանգներին հետևելն է, դրանով է պայմանավորված նրանց հռետորաբանությունը՝ չճանաչել Ռուսաստանի ռազմական հանցագործությունները Ուկրաինայի դեմ և օգնել Ռուսաստանին՝ շրջանցել պատժամիջոցները։