Աբխազական ընդդիմությունը մեղադրում է գլխավոր դատախազին, որին ավելի վաղ հենց ինքն է նշանակել
լուսանկարը՝ Սերգեյ Դեմյանով
Աբխազիայի ընդդիմադիր ուժերի դաշինքը գլխավոր դատախազության հասցեին կոշտ քննադատությամբ է հանդես եկել, դա կարող է հատկապես ազդեցիկ լինել, քանի որ դրա ղեկավար Զուրաբ Աչբան այդ պաշտոնում նշանակվել է հենց ընդդիմադիր ուժերի դաշինքի կողմից:
Սակայն այժմ նրան մեղադրանքներ են ներկայացվել անգործության և անարդյունավետության համար՝ նախևառաջ հանրապետությունում կրիմինալի և կոռուպցիայի աճի հետ կապված:
«Միայն վերջին ժամանակահատվածում ավելի քան տասնյակ ռեզոնանսային հանցագործություն է կատարվել, Աբխազիայի քաղաքացիների և իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ դաժան բռնություն: Աբխազիան դարձել է կազմակերպված խմբերի առաջնորդների հարաբերությունների պարզման վայր՝ դրսից եկած այսպես կոչված քրեական հեղինակությունների մասնակցությամբ, որոնք ձգտում են հանրապետությունում հաստատել իրենց ազդեցությունն ու վերահսկողությունը»:
«Աբխազիայի Վերահսկիչ պալատի և ռուսական Հաշվիչ պալատի նյութերը հիմք են տալիս խոսելու բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու և զանգվածային չարաշահումների մասին, որոնք տասնյակ և հարյուրավոր միլիոն ռուբլի են կազմում»:
Մսխման համար մեղադրվողների թվում են գրեթե բոլոր առանցքային նախարարությունների պաշտոնյաներ, իսկ մսխված միջոցների ցանկում է նաև նախագահի պահուստային ֆոնդն, ասված է ընդդիմադիր ուժերի դաշինքի հայտարարությունում:
Գլխավոր դատախազության նոր ղեկավարությունը փոխզիջման արդյունք է եղել, որը ձեռք է բերվել 2016թ-ի դեկտեմբերին Աբխազիայում տեղի ունեցած ցույցերից հետո:
2016թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած մի շարք բանակցություններից հետո ստորագրվեց «Հասարակական-քաղաքական կայունության մասին համաձայնագիր», որն, ըստ շատ փորձագետների, կանխեց հանրապետությունում քաղաքացիական դիմակայության բռնկումը:
Գլխավոր դատախազի պաշտոնից բացի ընդդիմությունն այդ համաձայնագրով հնարավորություն ստացավ նշանակելու Սահմանադրական դատարանի 5 դատավորներից երկուսին, մեկ փոխվարչապետի և ԿԸՀ երկու անդամի: Փոխարենն ընդդիմադիր ուժերի դաշինքն այն ժամանակ համաձայնեց հետ կանչել նախագահ Ռաուլ Հաջիմբայի վաղաժամ հրաժարականի պահանջը:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք 2016թ-ի դեկտեմբերին իրենց ներկայացուցիչ Զուրաբ Աչբային գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու որոշումը լավատեսությամբ են են կայացրել և դրական փոփոխությունների հույս են ունեցել, ինչը նրանց «թույլ կտար ապագային զուսպ լավատեսությամբ նայել»:
Սակայն, հայտարարում է ընդդիմադիր ուժերի դաշինքը, «իրավիճակի ոչ մի բեկում, ոչ մի առողջացում, փոփոխության ակնարկ անգամ չկա»:
«Իրերի նման դասավորության համար անհատական պատասխանատվությունն, ըստ մեր խորը համոզմունքի, կրում է գլխավոր դատախազ Զուրաբ Աչբան», — հայտարարում է ընդդիմությունն ու նախազգուշացնում. եթե մոտ ապագայում միջոցներ չձեռնարկվեն հայտնի ռեզոնանսային հանցագործությունների և խախտումների ուղղությամբ, ընդդիմադիր ուժերի դաշինքը կպահանջի նրա հրաժարականը:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: