Բրիտանիայում կարող է կալանավորվել Ադրբեջանի նախագահի զարմուհին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին կարող է կալանավորվել Մեծ Բրիտանիայում։
Ավելի քան տասը տարի Լոնդոնում բնակվող ադրբեջանցիներ Իզաթխանում Ջավադովան և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը մեղադրվում են Բրիտանիա «կեղտոտ փող» բերելու համար, որը միլիոնավոր ֆունտի է հասնում, հաղորդում է բրիտանական Evening Standard թերթը։
Mikaela Jav, կամ Իզաթխանում Ջավադովա
Իզաթխանում Ջավադովան Ադրբեջանի գործող նախագահի հանգուցյալ հորեղբայր Ջալալ Ալիևի դուստրն է։ Նախագահի հորեղբայրը ժամանակին մեծ հեղինակություն էր վայելում երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Ջավադովայի ամուսինը՝ Սուլեյման Ջավադովն, իր հերթին, Գյուլմամեդ Ջավադովի որդին է, որը մինչև վերջերս Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։
Մոտ 10 տարի առաջ Իզաթխանում Ջավադովան Լոնդոնում հիմնել է Love the Underground Records ընկերությունն ու սկսել Բրիտանիայի մայրաքաղաքում, ինչպես նաև Իբիցա իսպանական հանգստավայրում երաժշտական երեկոներ կազմակերպել։ Նա Եվրոպայում հայտնի է որպես դիջեյ Mikaella Jav։ Միքայելան Ջավադովների 22-ամյա դուստրն է, և Իզաթխանումը դստեր անունն օգտագործում է որպես իր բեմական անուն։
- Ադրբեջանցիները Չեխիայում․ ամեն փայլող բան չէ, որ ժողորդավարություն է
- Ադրբեջանը չի կատարել GRECO-ի մի շարք խորհուրդները
- Սերբիայից Հայաստան բերված զենքն ու Վրաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնանկությունը․ ինչպե՞ս է այս ամենը կապված
Ինչի՞ համար են մեղադրվում Ջավադովները
Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն Իզաթխանում Ջավադովային և նրա ամուսին Սուլեյման Ջավադովին մեղադրում է «Լոնդոնում իրենց կյանքն այն միջոցներով ֆինանսավորելու համար, որոնք ստացվել են կոռուպցիայի միջոցով, ինչպես նաև ապօրինի կերպով 14 միլիոն ֆունտ [մոտ $19,2 մլն] երկիր բերելու համար»։
Այս գործով հետաքննությունն արդեն մի քանի տարի ընթանում է, և մինչև վերջերս բրիտանական մամուլը նրանց ներկայացնում էր որպես «ադրբեջանցի ամուսնական զույգ»՝ անունները չնշելով։ Ընտանեկան զույգը հերքում էր բոլոր մեղադրանքներն ու դատարանում կարողացել էր այնպես անել, որ իրենց անունները չնշվեն։
Evening Standart թերթը գրեթե երկու տարի դատարանում պաշտպանում էր մեղադրյալների անունները նշելու իրավունքը։ Ի վերջո, դատարանը նրան թույլ էր տվել նշել ադրբեջանցի կնոջ և տղամարդու անունները։
NCA-ը պնդում է, որ նրանք միլիոնավոր ֆունտ ստերլինգ են բերել բրիտանական բանկեր «կեղտոտ ճանապարհով» և թաքցրել են եկամտի ապօրինի աղբյուրները կեղծ կտրոններով։
Թերթը, հղում անելով դատաքննության նյութերին, գրում է, որ Ջավադովները մի քանի առանձնատներ ունեն Լոնդոնում, ինչպես նաև՝ անշարժ գույք Իբիցայում․ «Հայտնի է դառնում, որ նրանք ծովի տեսարանով վիլլա ունեն Իբիցայում և թանկարժեք բնակարան կղզու մյուս հատվածում, ինչպես նաև անշարժ գույքի մեծ պորտֆել Ադրբեջանում»։
Սակայն NCA-ը դատարանում հայտարարել է, որ, ըստ իրեն, «իրական աղբյուրը կոռուպցիոն է, և որևէ օրինական եկամուտ չի համընկնում այն գումարի հետ, որը Լոնդոն է բերվել»։
Փաստաթղթում նշվում է նաև, որ որպես «վարձավճար» ներկայացված գումարը (13,8 մլն ֆունտ [մոտ $18,9 մլն] վեց տարվա և ութ ամսվա համար), գրեթե կրկնակի ավելին է հետաքննության ընթացքում Ջավադովների նշածից և կրկնակի ավելին է գումարից, որը նշված է Coutts բանկ ներկայացված վարձավճարային շրջանառության հայտարարագրում, որի միջոցով կատարվել են փոխանցումները։
Դատական նյութերում նշվում է, որ Ջավադովների հաշվին փոխանցված գումարները ստացվել են 21 «մութ» ընկերություններից։ Դրանք բոլորը գրանցված են Սեյշելյան և Մարշալյան կղզիներում և կառավարվում են տարբեր տեղերից, ինչպես նաև Էստոնիայի և Լատվիայի բանկերի կողմից։
Հաջորդ շաբաթ կսկսվի դատավարությունը, որի ընթացքում NCA-ը հույս ունի կալանք դնել Ջավադովների 6,5 մլն ֆունտ [մոտ $8,9 մլն] հաշիվների վրա այնպիսի բանկերում, ինչպիսիք են Coutts-ը, Barclays-ը, Lloyds-ը, Metro Bank-ն ու Santander-ը։
«Անբացատրելի հարստության» տերերի նկատմամբ որսի առաջին «զոհը»
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ NCA-ը սկսել էր հետաքրքրվել Զամիրա Հաջիևայի՝ Բրիտանիա բերված «կեղտոտ փողերով», որն Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է․ Հաջիևը կալանավորվել է Ադրբեջանում 2015 թ-ին, առանձնապես խոշոր չափի միջոցների յուրացման մեղադրանքով։
Կնոջից բացատրություն էին պահանջել անշարժ գույքի երկու օբյեկտի վերաբերյալ․ մեկը Լոնդոնի հեղինակավոր Նայթբրիջ թաղամասում է և արժե 11,5 մլն ֆունտ [մոտ $15,75 մլն], մյուսը հողակտոր է Ասքոթ քաղաքի մերձակայքում, որը ձեռք է բերվել 10,5 մլն ֆունտով [մոտ $14,4 մլն]։
2018 թ-ի հոկտեմբերին Զամիրա Հաջիևան կալանավորվել էր Լոնդոնում, իսկ մեկ ամիս անց ազատ էր արձակվել 500 հազար ֆունտ գրավով։ Սակայն «կասկածելի աղբյուր» ունեցող նրա ողջ գույքի վրա դատարանի դրած կալանքը դեռ ուժի մեջ է։
- Ադրբեջանցի բանկիրի կինը Լոնդոնում․ հարստությունը պահպանելու վերջին շանսը
- Բրիտանիան պարզում է ադրբեջանցի նախկին պաշտոնյանի կնոջ հսկայական հարստության աղբյուրները
- Ադրբեջանցի բանկիրի կինը կալանավորվել է Լոնդոնում
Զամիրա Հաջիևայի կալանքն ադրբեջանական հասարակությունում ընկալվել է որպես տրամաբանական արդյունք։ Քանի որ նա պետական միջոցների գողության համար մեղադրվող Ջահանգիր Հաջիևի կինն է։ Բացի այդ, Ադրբեջանում դեռևս 2016 թ-ին էր քրեական գործ հարուցվել Զամիրա Հաջիևայի դեմ, և դատարանը հեռակա դատապարտել էր նրան։ 2020 թ-ին Ադրբեջանի կառավարությունը դիմել էր բրիտանական իշխանություններին՝ Հաջիևային արտահանձնելու խնդրանքով, սակայն բրիտանական դատարանը մերժել էր։
Իսկ այժմ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների թիրախում է երկրի նախագահի զարմուհին։ Հանրությանը հետաքրքիր է իշխող ընտանիքի արձագանքն այս իրավիճակին։ Սակայն իշխանության ներկայացուցիչներն այս առիթով դեռևս լռություն են պահպանում։
Մեկնաբանություններ
Նախագահի զարմուհու հնարավոր կալանքի թեման բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Ջալալ Ալիևի դուստրը ձերբակալվել է Անգլիայում՝ Ադրբեջանից գողացված փողերի պատճառով։ Գենետիկա գիտության մեջ խորանալու անհրաժեշտություն չկա։ Այսպիսի վառ օրինակներ են մեր աչքի առաջ։ Ինչպիսին հայրն էր, այնպիսին էլ դուստրն է»։
«Ոչ մի դատապարտելի բան չկա, որ Իլհամ Ալիևի զարմուհի DJ Mikaela-ն դիջեյ է Եվրոպայում։ Սակայն նա երբեք իր այդ մասնագիտությունում ուշադրության կենտրոնում չի հայտնվել։ Բայց վերջերս ուշադրություն է գրավել իր շքեղ կենսակերպով, հսկայական միջոցներով և սեփականությամբ, որի աղբյուրը չի կարող նշել։ Բացի այդ, Անգլիայի իրավապահ մարմինները նրա դեմ քրեական գործ են հարուցել։ Մի գեղեցիկ օր բոլորը պետք է վճարեն նրա համար, ինչ գողացել են աղքատ ժողովրդից»։
«Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Իզաթ Ջավադովայի (DJ Mikaela Jav) միլիոնավոր ֆունտի հարստությունը, որը բազմիցս պատգամավոր դարձած ակադեմիկոս Ջալալ Ալիևի դուստրն է։ Հետաքրքիր է՝ ե՞րբ է գալու այս խայտառակ նորությունների վերջը, երբ տասնյակ հազարավոր ընտանիքներ ապրում են աղքատության մեջ։ Կարող եք վստահ լինել, որ այդ մարդիկ ամեն տեղ ներկայանում են որպես հայրենասեր ծնողների երեխաներ։ Ո՞վ գիտե, գուցե նաև ասեն, որ այդ փողը նրանք հավաքել են բանակի համար սպառազինություն գնելու նպատակով»։