Աբխազիայում ընդդիմությունը նախագահի իպիչմենտի կոչ է անում
Աբխազիայում ընդդիմությունը նախագահի հրաժարականն է պահանջում
Աբխազիայի ընդդիմությունը նախագահ Ասլան Բժանիային կոչ է անում ինքնակամ հրաժարական տալ, իսկ խորհրդարանին՝ նախագահի իմպիչմենտի մասին օրենք ընդունել։ Այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վրաց-աբխազական պատերազմի վետերանների «Արուաա» միությունը, որն ամենախոշոր ընդդիմադիր կառույցն է։
Աբխազիայի ղեկավարի նկատմամբ անվստահությունը նրանք բացատրում են «խարխուլ արտաքին քաղաքականությամբ», «էներգետիկայի ոլորտում մեքենայություններով», «կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վատ կազմակերպմամբ»։
«Մեր հասարակությունը հոգնել է իշխանափոխությունից, որը տեղի է ունենում հակասահմանադրական ճանապարհով։ Մեր պետականությունը չվտանգելու և հեղաշրջումների արատավոր շրջանը խզելու համար մենք խորհրդարանին առաջարկում ենք նախագահի իմպիչմենտի մասին օրենք ընդունել, որպեսզի անգամ արմատական իշխանափոխությունը տեղի ունենա իրավական դաշտի շրջանակում»,- հայտարարել է կազմակերպության նախագահ Թեմուր Գուլիան։
Միաժամանակ, «ողջ պետությունը ռիսկի չենթարկելու համար», Գուլիան նախագահին առաջարկել է ինքնակամ հրաժարական տալ, իսկ խորհրդարանին՝ նոր ընտրություններ նշանակել։
«Այդ կամային որոշումը միայն կբարելավի մեր վերաբերմունքն Ասլան Բժանիայի նկատմամբ։ Եվ նա երկրի պատմության մեջ կմնա որպես մարդ, որը, հանուն պետության հանգստության և պահպանման, հրաժարվել է նախագահի պաշտոնից»,- ասել է Գուլիան։
Ընդդիմադիրներն ընդգծել են, որ «Արուաան» կտրականապես դեմ է Վրաստանի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափի՝ բացառությամբ Ժնևյան քննարկումների։
«Ինչպես այսօր տեսնում ենք, իշխանությունը կարող է անտեսել «Արուաային», սակայն ավելի լավ է լսել և պատասխանել։ Բռնի իշխանափոխությունը ոչ ոքի պետք չէ, և մենք դա չենք ուզում։ Սակայն պետք չէ ժողովրդին բերել հեղաշրջումների, պետք չէ։ Նոր իշխանությունն ասում է, թե նախորդից ավելի լավն է։ Ուրեմն ցույց տվեք, որ դուք ավելի լավն եք և մի պառակտեք ժողովրդին։ Պետք չէ հետապնդել քաղաքական ընդդիմախոսներին, ճնշում գործադրել։ Դա անխուսափելիորեն լարվածության կբերի մեր հասարակություն», — հայտարարել է «Արուաայի» բարձրագույն խորհրդի անդամ Ֆյոդոր Սականիան։
«Արուաայի» ներկայացուցիչները խոստացել են մոտ ժամանակներս ասուլիս անցկացնել, որին կներկայացնեն իրենց դիրքորոշումն ու կպատասխանեն հարցերին։
Նախագահի հրաժարականի պահանջով «Արուաան» արդեն հանդես է եկել 2020 թ-ի մարտի 11-ին։ Այլ պատճառներին զուգահեռ՝ որպես նախագահի ամենամեծ ձախողում՝ այն ժամանակ նշվել էր Վրաստանի հետ «բազմամակարդակ» բանակցությունների գաղափարը։
Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։