ՀՀ-ում համաներում կկիրառվի բանակից խուսափածների նկատմամբ․ նախագահը ստորագրել է օրենքը
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զինվորական ծառայությունից խուսափածների համաներման մասին օրենք է ստորագրել։ Համաներումը տարածվում է 27 տարեկանը լրացած շարքայինների և 35 տարեկանը լրացած պահեսատզորային սպաների վրա։ Խոսքը նրանց մասին է, ովքեր կասկածվում, մեղադրվում կամ արդեն դատապարտվել են զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համաներումը ենթադրաբար կտարածվի ավելի քան 5000 անձանց վրա, որոնք հետախուզվում են, և 124 դատապարտվածների վրա։
Օրինագծի նպատակը համաներվածներին թույլ տալն է «իրենց ավանդն ունենալ Հայաստանի տնտեսական, սոցիալական, հոգևոր և մշակութային ոլորտների զարգացման մեջ»։
- «Ադրբեջանական զինուժի ագրեսիվության աճ»․ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
- «Ապագա հայկականը»․ պետության փրկության նոր տեսլական
- Բանակից խուսափածները Հայաստանի պետբյուջե են վճարել շուրջ 5 մլն դոլար
Օրինագծի մասին
Հայաստանի խորհրդարանը դեռևս մայիսի սկզբին է ընդունել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը։ Այն մշակվել է արդարադատության նախարարության կողմից։
Օրինագիծը տարածվում է 27 տարեկանը լրացած շարքային կազմի և 35 տարեկանը լրացած պահեստազորային սպաների վրա, որոնք խուսափել են․
- պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից,
- հայտարարված մարզումային հավաքներից,
- մոբիլիզացիոն զորակոչից,
մինչև 2020 թ․ սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչև Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկը։
Համաներումը կտարածվի ոչ միայն կասկածյալների և մեղադրյալների, այլև դատապարտյալների վրա։
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝
- նրանք, ովքեր պատիժ են կրում, ազատ կարձակվեն,
- պայմանական պատժի արժանացածների դատվածությունը կչեղարկվի,
- պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվածները կազատվեն իրավապահ մարմինների հսկողության տակ լինելուց։
Համաներումը կտարածվի բոլոր նրանց վրա, ովքեր համապատասխանում են օրենքում նշված չափանիշներին։ Դա թույլ կտա Հայաստանի շատ քաղաքացիների, որոնք արտասահմանում են և ուզում են վերադառնալ, հայրենիք գալ։ Սակայն նրանք պետք է հասցնեն Հայաստան վերադառնալ մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը։